Ազատամուտն ազատելու են հարկերից, իսկ բժիշկներին ուշի-ուշով հետեւելու են

Ազատամուտն ազատելու են հարկերից, իսկ բժիշկներին ուշի-ուշով հետեւելու են

Կառավարության նիստի օրակարգը երեկ ծանրաբեռնված էր՝ 43 կետ, բայց վարչապետը, իր սովորության համաձայն, շատ արագ սպառեց այն։ Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը բերել էր արտահանման ճյուղերի մրցունակության բարձրացման ծրագիր, որի «պիլոտն» անցկացվում է 2014 թվականից։ Այն ենթադրում է զարգացնել հայկական կոշիկի, տեքստիլի արտադրությունը, օգնել գործարարներին վերականգնել կապերը։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Ազատամուտ համայնքն արտոնյալ գյուղերի ցանկում ներառելու որոշում։ Սրանք այն սահմանամերձ գյուղերն են, որոնք մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեն եւ ազատվում են հարկերից։ Մեկ այլ որոշմամբ դադարեցվեց ոստիկանության եւ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության միջեւ վերահսկողական համակարգերի ձեռքբերման եւ տնօրինման պայմանագիրը։ Այսուհետ «Սեքյուրիթի դրիմն» իր ծառայությունները մատուցելու է որպես հավատարմագրային կառավարիչ։ Մեկ այլ որոշմամբ Հայաստանը Սինգապուրի եւ Կանադայի հետ օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիր կկնքի։ Մինչ օրս այդ հաղորդակցությունը կանոնակարգված չէր։ «Իրավական հիմք է ստեղծվում»,- պարզաբանեց քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։ «Փաստորեն, դա էր խանգարում»,- իր ոճով «կծեց» վարչապետը։



Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կառավարությունից գումար խնդրեց՝ 43 մլն․ դրամ, որն առաջին եռամսյակում կօգտագործի Սիրիայի պատերազմից տուժածների համար ապրանքներ գնելու նպատակով։ Տարօրինակ է, որ այս օրինագիծը սփյուռքի նախարարությունը չի ներկայացրել։ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ներկայացրեց որոշում, որով մրցույթ է հայտարարվելու էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման հանձնելու համար։



Պետպատվեր իրականացնող 480 լիցենզավորված բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները մինչեւ մարտի 1-ը կանցնեն փաստաթղթավորման էլեկտրոնային համակարգի։ Ցանկացած մարդ կարող է մտնել եւ տեսնել, թե որտեղ ինչ բուժհիմնարկ ունենք, որ բուժհիմնարկում ինչ ծառայություններ են մատուցվում, եւ ինչ մասնագետներ են աշխատում։ Օրինակ, Սյունիքի մարզում փնտրում ես մանկական վիրաբույժ։ Մտնում-տեսնում ես՝ կա՞ այնտեղ նման մասնագետ, թե՞ ոչ։ Այս ծրագիրը կարող է հակակոռուպցիոն մեծ էֆեկտ ունենալ։ Պետպատվերով բուժվող քաղաքացու հետ կատարվող բոլոր բժշկական գործողությունները «երեւում» են համացանցում, եւ առողջապահության գործակալությունը, յուրաքանչյուր անձ կարող են տեսնել, թե ինչ բուժում է նա ստացել։ Բնականաբար, կեղծիքներ հայտնաբերելու դեպքում կարող է ահազանգել մարմիններին։ Իհարկե, էլեկտրոնային համակարգի կիրառումը նաեւ ռիսկեր է պարունակում։ Այն կարող է, օրինակ, սխալներով աշխատել, ինչպես աշխատում է ԴԱՀԿ էլեկտրոնային համակարգը, եւ քաղաքացիները երբեմն քաշքշուկի մեջ են ընկնում, ստիպված են լինում համակարգչի սխալներն ուղղելու համար վազվզել ԴԱՀԿ միջանցքներով, դիմումներ գրել։ Մյուս կողմից՝ առողջապահության էլեկտրոնային համակարգը վերաբերելու է 35 հազար աշխատակիցների, որոնք պետք է համակարգչային նրբությունները յուրացնեն, եւ դա նույնպես հեշտ չի լինի։



Սյուզան  ՍԻՄՈՆՅԱՆ