Հանրապետականները խոստովանում են, որ հաց, ջուր ու պաշտոն են ստացել ՀՀԿ-ի շնորհիվ

Հանրապետականները խոստովանում են, որ հաց, ջուր ու պաշտոն են ստացել ՀՀԿ-ի շնորհիվ

Հանրապետական կուսակցությունը միշտ պարծենում էր իր միասնությամբ։ Եվ, ահա, բոլորիս աչքի առաջ միասնությունը փլվում է։ ՀՀԿ առաջնորդի գեներալները լքում են տիրոջը՝ նրա բանակը թողնելով շարքայինների հույսին։ ՀՀԿ գործիչների ելույթներում, գնացողներին ուղղված կշտամբանքներում ակամայից խոստովանություններ են հնչում։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն լքած կուսակցության սիմվոլներից մեկի՝ Հովիկ Աբրահամյանի անունը չի տալիս, բայց ասում է, որ հաց ու ջուր է տվել նրան։ «Մայր գետերն առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են»,- ասել է նախագահը, եւ դժվար է նրա հետ չհամաձայնել։ ՀՀԿ-ն հաց էր, ջուր, պաշտոն, փառք, փող՝ իր անդամների համար։ ՀՀԿ-ն նրանց անպաշտոն չէր թողնում, անձնական հարստացման հնարավորություններ, լավ գործ ու պաշտոնական լծակներ էր տալիս, թողնում էր, որ բիզնես դնեն, բարգավաճեն, աչք էր փակում խախտումների վրա եւ եթե անգամ հայրաբար բամփում էր, կարճ ժամանակ անց նրանց նորից պաշտոն էր տալիս։ Օրինակները բազմաթիվ են՝ ոստիկանության շարքային աշխատողներից մինչեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյան ու Լիսկա։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ իր հերթին խոստովանեց, որ առանց Սերժ Սարգսյանի ինքը պաշտոն չէր ունենա, եւ նույնը հիշեցրեց գնացողներին՝ Հովիկ Աբրահամյանին եւ Սեյրան Օհանյանին։ «Իրանք Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած: Առանց Սերժի իրանք էլ, ես էլ չէինք հասնի պաշտոնի»: Ստացվում է՝ ես քեզ պաշտոն, դու ինձ՝ հավատարիմ ու անձնուրաց «առվակի» ծառայություն։



ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ, որին դուր չէր եկել նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի պատասխան ստատուսը, շարունակեց ՀՀԿ-ի շնորհիվ ստացած բարիքների թեման։ «Առվակների ինքնազոհությունը՝ հանուն մի երկու բնակավայրերի փրկության, «սպանիչ» էր: Հաստատ գիտենք, որ առվակներից բացի, բնության մեջ կան նաեւ ստորգետնյա ջրեր, արտեզյան հորեր, որոնք դժվար թե նպաստեն այդ մի քանի բնակավայրերի փրկությանը: Եվ վերջում պարոն Աբրահամյանին մի բարեկամական հորդոր. չեմ կարծում, որ ՀՀԿ նախագահի հետ ակնարկներով խոսելը շահեկան է»,- ասել էր Շարմազանովը կայքերից մեկին՝ գրեթե սպառնալով։ Արարատյան դաշտավայրի ձկնաբուծարանները, որոնք սնվում են արտեզյան ջրերով, Հովիկ Աբրահամյանի աքիլեսյան գարշապարն են։ Տարիներ շարունակ մամուլը գրում է, որ Արարատյան դաշտում ամենախոշոր ձկնաբուծարանները նրանն են, գյուղացիները բողոքում են, որ դրանք խաթարում են համայնքների ոռոգումը, բնապահպաններն զգուշացնում են, որ Հայաստանում արտեզյան ճգնաժամ է լինելու անկանոն ջրառի պատճառով՝ անօգուտ։ Աբրահամյանի հայրենի կուսակցությունն աչք էր փակում բողոքների վրա։ Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականին անգամ հատուկ քննարկում անցկացրեց խորքային ջրերի անխնա օգտագործման հարցի շուրջ: Բնապահպանության նախարարությունն էլ, ոգեշնչված, անօրինական հորերը փակելով՝ գնաց-հասավ Ջոնիկ Աբրահամյանի հորերին ու կանգնեց։ Հիմա ճիշտ ժամանակն է «գազ տալու» եւ սկզբնական շրջանում մի անմեղ հարցում ուղարկելու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, թե ինչու չի փակում անօրինական ձկնաբուծարանները։ Ձեռքի հետ էլ կարելի է հարցնել Մինասյանին, թե այդ ինչ «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրեր» են «մխտռում» գետի մայր հունը։ Չնայած, ոչ՝ այս վերջին հարցման ժամանակը դեռ չի եկել։



 Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ