Վերջին րոպեին կառավարությունը միտքը փոխեց

Վերջին րոպեին կառավարությունը միտքը փոխեց

Երեկ տնտեսական հարցերի հանձնաժողովի քննարկումից հետո կառավարությունն անսպասելի կերպով փոխել է իր եզրակացությունը և դրական գնահատել ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2025 թվականը շարունակել հարկային արտոնություն կիրառել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար՝ ազատել այդ ընկերությունները շահութահարկից։



Այս արտոնությունը սահմանված էր 2015 թվականից գործող «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով, սակայն, ըստ հարկային նոր օրենսգրքի, 2018 թվականի հունվարից այն վերացվելու է։ Խաչատուր Քոքոբելյանը առաջարկում է վերականգնել ՏՏ ոլորտի արտոնությունները, փոխելով հարկային օրենսգրքի համապատասխան դրույթները, նոր ընկերությունների ստեղծման, դրանց գործունեության խթանման, եւ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով մինչև 2025 թվականը գրանցվող ընկերություններին ազատել շահութահարկից և եկամտային հարկի 10% դրույքաչափ կիրառել՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից։



«Սա բացասական ազդեցություն չի ունենա բյուջեի վրա, որովհետև նոր ընկերությունները մինչև այս պահը հարկեր չեն տվել։ Դրանք կազատվեն շահութահարկից, իսկ եկամտահարկի գծով բյուջեի մուտքերը կավելանան, քանի որ զարգանալով այս ընկերությունները հնարավորություն կունենան նոր աշխատողներ ներգրավել, որոնք եկամտահարկ կվճարեն, իսկ ոլորտում աշխատավարձի բարձրացում տեղի կունենա, - նշում է պատգամավորը, - Մեր առաջարկած փոփոխությամբ, մինչև 2025 թվականը ընկերությունները կարող են դիմել, բայց նրանց համար ովքեր արդեն դիմել են, օրենքը կգործի ևս երեք տարի՝ մինչև 2028 թիվը։ Սա հնարավորություն կտա, որ ՏՏ ոլորտի ինժեներները, ծրագրավորողները, այլ մասնագետներ ներգրավվեն այս ընկերություններում որպես աշխատողներ, իսկ սա այն խումբն է, որը անարգել կարողանում է աշխատանք գտնել դրսում։ Ամենամեծ ներդրումը հենց ինքը մարդն է, և ստացվում է, որ այդ մարդկանց բաց չթողնելով, նաև կարևոր ներդրում ենք կատարում երկրի տնտեսության մեջ»։



Այս նույն առաջարկը անցյալ տարվա սեպտեմբերին հարկային նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, և այն չանցավ։ Նախորդ քննարկման ժամանակ ևս կառավարությունը դեմ էր։



Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ֆորմալ առարկությամբ մերժել էր նախագիծը։ Գրել էր, որ հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից եւ, եթե մինչեւ այդ ԱԺ-ն հարկային արտոնություն սահմանող նորմեր ընդունի, ապա նոր հարկային օրենսգրքի անցումային դրույթների համաձայն արտոնությունները կշարունակեն գործել մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելը։ Բացասական այս եզրակացությունն արդեն ուղարկված էր ԱԺ նախագահին, սակայն երեկ կառավարությունը, հավանաբար, հասկանալով, որ ընտրությունից առաջ նման մերժումները հղի են ծանր հետևանքներով փոխել է կարծիքը և դրական եզրակացություն է տվել։ Երբ «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» օրենքն ուժի մեջ մտավ՝ 2015 թվականի հունվարից, ՏՏ ոլորտում աշխուժություն սկսվեց։ 1 տարում հավաստագրվեց 94 նորաստեղծ ընկերություններ, բացվեց 400 աշխատատեղ, ՏՏ ձեռնարկությունների ինկուբատորը սկսեց աշխատել, օտարերկրյա քաղաքացիներ Հայաստանի ՏՏ ոլորտում գումարներ ներդրեցին։ Իսկ մինչ օրս, կառավարության տվյալներով, օրենքի կիրարկման արդյունքում հավաստագրվել են ոլորտի 144 սկսնակ ընկերություններ, որոնք ստեղծել են 710 նոր աշխատատեղեր, մինչդեռ 2014 թվականին, մինչև օրենքի ընդունումը, ՏՏ-ի ոլորտում ստեղծվել էր ընդամենը 16 ընկերություն: Այս աշխուժացումը տարօրինակ է մյուս ոլորտների անկենդան ֆոնին, և կառավարությունը որոշեց, որ ՏՏ սկսնակներին կթելու ժամանակն է ու Հարկային նոր օրենսգրքով վերացրեց այն։



Կարեն Կարապետյանի կառավարությունը ևս խոսում էր ՏՏ ոլորտի առաջնահերթության մասին։ Նույնիսկ տրանսպորտի նախարարության անվանը ավելացրեցին «տեղեկատվական տեխնոլոգիաներ» ատրիբուտը։ Բայց գործնականում, կարծես, ճռռալով է համակերպվում խթանիչ իր դերին։



Սյուզան Սիմոնյան