Մարտի են գնում դպրոցի տնօրենները

Մարտի են գնում դպրոցի տնօրենները

Չնայած նախորդ ընտրություններում Հայաստանի կրթական հաստատություններն ու մասնավորապես դպրոցները, հատկապես ի դեմս տնօրենների, անմիջական մասնակցություն են ունեցել համապետական ընտրություններին, որպես կանոն, տնօրենները հարկադրաբար կամ ինքնակամ կոլեկտիվներին ուղղորդել են կառավարող Հանրապետականի օգտին, նրանց մի մասն էլ ներգրավված է ընտրական հանձնաժողովներում եւ պարզապես՝ որպես ընտրական տեղամաս հանդիսացող դպրոցի շենքը տնօրինող անձ, սակայն ոմանց դա քիչ է թվացել։ Ապրիլի 2-ի ընտրություններին կուսակցական տարածքային կամ, այսպես կոչված՝ ռեյտինգային ցուցակները համալրվել են դպրոցների տնօրեններով, ուսուցիչներով, կրթական այլ հիմնարկների ղեկավարներով։ Այս գործի առաջամարտիկը, բնականաբար, ՀՀԿ-ն է։ Ներկայացուցիչներ կան նաեւ այլ կուսակցությունների ու քաղաքական ուժերի ցուցակներում՝ ՀՅԴ, «Ծառուկյան դաշինք», ՀՎԿ եւ այլն։ Ճիշտ է՝ ֆորմալ առումով կրթական ոլորտի ղեկավարը՝ նախարարը, դաշնակցական է, բայց ընտրությունների ժամանակ համակարգն աշխատելու է ՀՀԿ-ի համար։ 



Հասկանալի է, որ առաջադրված տնօրենների մեծ մասը սեփական ցանկությամբ չի ընդգրկվել, շատերը, հնարավոր է, անգամ ցանկություն էլ չունեն պատգամավոր դառնալու, տնօրեններին հավաքագրելով՝ քաղաքական ուժերն ու հատկապես ՀՀԿ-ն թերեւս ցանկանում են փոքր-ինչ քաղաքակիրթ տեսք հաղորդել իրենց կուսակցության տարածքային ցուցակներին, որտեղ հանգրվանել են ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ տարրերը, կուսակցության ձայն բերողները, օլիգարխներն ու ճամբարափոխ եղածները։ Տնօրենների առաջադրումը, մի կողմից, անհրաժեշտ թեկնածուներ ունենալուն ուղղված քայլ է, մյուս կողմից՝ սրանք որոշակի ձայն ունեցող խավն են՝ նկատի ունենալով, որ ուսուցչական կոլեկտիվ են ղեկավարում, ծնողական համայնքի վրա ազդեցություն ունեն, ազգականներ եւ փոխկապակցված անձինք։ Սակայն, մյուս կողմից, ռեյտինգային ընտրակարգի պարագայում, որը քննադատում են անգամ ՀՀԿ-ականները, տնօրենների առաջադրումը կարող է վերջիններիս համար խայտառակ հանգուցալուծում ունենալ։ «Տիտանների» մրցապայքարում, ամենայն հավանականությամբ, շատերը չեն կարողանալու անգամ իրենց կոլեկտիվի ձայներն ստանալ։



Օրինակ՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի առաջադրած 12 թեկնածուներից 3-ը հանրակրթական դպրոցների տնօրեններ են՝ Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոցի տնօրեն Մարիա Տոնոյանը, Երեւանի Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանը։ Սակայն նույն ՀՀԿ-ի համար այս տարածքի ֆավորիտ թեկնածուները, ինչպես հայտնի է, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն ու ԱԺ գործող պատգամավոր, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանն են, որոնց միջեւ կատաղի պայքար է ընթանում, եւ որոնք տանելու են ՀՀԿ-ին հասանելիք ձայների բացարձակ մեծամասնությունը։



Թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը պատգամավոր դառնալու ցանկության մասին այսպես արտահայտվեց․ «Բոլոր դեպքերում, ձգտում եմ դառնալ պատգամավոր»։ Բացատրեց, թե ինչու․ որպեսզի օգտակար լինի կրթական համակարգին՝ օրենսդրության շրջանակներում։ Թորոսյանը համաձայն չէ, թե անհավասար մրցակցության մեջ է մտել․ «Կներկայացնենք մեր ծրագրերն ու գաղափարները, հարմար կգտնեն՝ կընտրեն, չեն գտնի՝ չեն քվեարկի»։ Թորոսյանի կարծիքով, ռեյտինգայինի պարագայում մրցակցությունն ամենեւին էլ թեկնածուների միջեւ չէ։ «Որեւէ կուսակցության մեջ հավակնորդներն իրար հետ չեն մրցում, նրանք ներկայացնում են իրենց կուսակցությունը, նաեւ որոշակի ձայներ կուսակցության օգտին քվեարկելու շրջանում ստանում են իրենք։ Դրանից հետո ցուցակում ընդգրկվածներից ով կանցնի պատգամավոր, ով՝ ոչ, կարծում եմ՝ ստացած մաքսիմալ ձայներից կախված չէ, այլ ընդհանուր արդյունքից»։ Հարցրինք՝ չի՞ մտահոգվում, որ, այնուամենայնիվ, ռեսուրսակիրների հետ պայքարից հետո կպարզվի, որ իր կոլեկտիվի թվով ձայներ էլ չի ստանա ու կհայտնվի տհաճ իրավիճակում։ Տնօրենը չհամաձայնեց այս գնահատականներին․ «Եթե իմ թեկնածությունն առաջադրել են, ուրեմն նաեւ հաշվի են առել, որ մեկից ավելի ձայն կհավաքեմ»։



Մինչդեռ տեղեկություններ կան, որ իշխանությունը ցանկանում է գործիք դարձնել տնօրեններին, եւ այս առաջադրումներն ավելի «ստուգողական» են։ Հարցրինք նաեւ՝ չի՞ անհանգստանում հետընտրական տհաճ զարգացումներից՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ին ձայներ չբերած տնօրենները հրաժեշտ տան իրենց պաշտոնին։ «Գիտեք, ես կառաջարկեմ հարցին բոլորովին այլ տեսանկյունից նայել։ Գիտեք, ինձ թվում է՝ նայում են ոչ թե նրան, թե տնօրենն ինչքան ձայն ունի տվյալ տարածքում, այլ ինչ հեղինակություն ունի, իր կատարած աշխատանքը, ապրած կյանքը գնահատվում է մարդկանց կողմից։ Ես կուրախանամ տեսնելով, թե ինչպիսի գնահատականի եմ արժանացել։ Շատ կլինի, թե քիչ՝ ժամանակը ցույց կտա։ Ինչքանը կբավարարի իմ աշխատանքը դրական գնահատելու համար, դա էլ կնայենք ժամանակի ընթացքում։ Հետեւանքներ հաստատ չի ունենալու»։ Տնօրեն-թեկնածուն որոշել է արձակուրդ վերցնել, որպեսզի քարոզչությամբ զբաղվի, շտաբներ չի ունենալու․ «Սեփական կարծիքը մարդկանց հայտնելու ավելի լավ եղանակներ կան, նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաները»։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, ՀՀԿ գլխավոր շտաբից այս՝ «երկրորդ սորտի» թեկնածուներին արգելվել է շտաբներ բացել, քարոզչություն անել, հարցազրույցներ տալ՝ խանգարել գլխավոր թեկնածուներին։



Մի քանի տնօրեններ խուսափեցին խոսելուց՝ մեկը դասի էր շտապում, մյուսը՝ աշխարհագրության օլիմպիադայի։ Նոր Հաճնի թիվ 4 հիմնական դպրոցի (Մեծն Մուրադի անվան) տնօրեն Հայկուշ Պետրոսյանն էլ ուղղակի ցանկություն չուներ խոսելու։ Զարմացանք՝ պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողն ինչո՞ւ խոսելու ցանկություն չունի։ «Չեմ ուզում, ուղղակի չեմ ուզում, դա էլ իմ մարդու իրավունքն է։ Երբ որ ժամանակը կգա, ես կխոսեմ»։ Թե երբ է գալու ժամանակը, նա չկոնկրետացրեց։ «Ես դեռ հիմա իմ ծրագրերը ձեզ չեմ կարող ասել»,- նախընտրական քարոզչություն իրականացնելու հարցին պատասխանեց տնօրենը։ Տպավորություն է, թե Ձեր ցանկությամբ չեք մտել ՀՀԿ ցուցակ։ «Այսինքն՝ ի՞նչ են արել՝ ոտից-ձեռիցս բռնել են, ասել են գնա մտի՞, ուղղակի չեմ ուզում այս պահին խոսել, ես պատրաստ չեմ»։ Պետրոսյանը վստահ էր միայն, որ քարոզչությանը մասնակցելու համար «անպայման» արձակուրդ է վերցնելու։



Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի Արայի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Զուբեիդա Հովհաննիսյանը, անդրադառնալով տնօրենների՝ ցուցակ մտնելու տենդենցին, արձագանքեց․ «Ուրեմն նշանակում է, որ դա շատ լավ է, որ մարդիկ ուզում են այդ հարցերը բարձրացնել, ես այդ միտումը դրական եմ գնահատում»։ Ինքն էլ ուզում է պատգամավոր դառնալ, որպեսզի «կրթության գործը Հայաստանում բարձր հիմքերի վրա դրվի»։ «Ուզում ենք կրթական խնդիրներն ավելի շատ բարձրացնել ԱԺ-ում, օգնել տիկին Մուրադյանին (նկատի ունի ՀՀԿ-ական պատգամավոր՝ կրթության հանձնաժողովի փոխնախագահ, նախկին տնօրեն Ռուզաննա Մուրադյանին), բոլորի ուշադրությունը բեւեռել, եղած թերություններն արագ վերանան, ավելի բարձր հիմքերի վրա լինել»։



Արմավիրում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները Շմայսը, Նովոն, գեներալ Սեյրանը, ՄԱՊ-ի Ալիկը եւ այլք են, նրանց հետ մրցակցություն հնարավո՞ր է։ «Բայց ինչո՞ւ պիտի ինձ չընտրեն, եթե ես ունեմ արժանիք, ուսուցիչն էլ է տեսնում, ծնողն էլ, հանրությունն էլ»։ Եթե ընտրություններից հետո ինքն աննախադեպ քիչ թվով ձայներ հավաքի, դրանից ողբերգություն չի սարքի․ «Ամեն ինչ էլ հնարավոր է, բա այդպես են օրենքները կյանքի կոչվում, պետք է կիրառենք, որ տեսնենք ինչ է լինում»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ