Չգնահատված Չարենցը

Չգնահատված Չարենցը

Չարենցի 120-ամյակն է... Եվ՝ լռություն, որ ընդմիջվում է ֆեյսբուքյան գրառումներով: Չարենցը, մինչդեռ, պետք է հիշվեր համազգային-համապետական միջոցառումների բարձր պատասխանատվությամբ, որովհետեւ անկախ Արցախի կառավարության շենքի ճակատին փողփողում է «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» չարենցյան իմաստնությունը: Այդ գաղտնագրի համար Չարենցը վճարել է 40-ամյա իր կյանքով: Եվ ծննդյան 120-ամյակը պանծացնելու հետ պիտի կարողանայինք սարսռալ, որ 2017-ը նրա նահատակության 80-րդ տարելիցն է բերում՝ առաջիկա աշնանավերջի մի օր, երբ Երեւանի ներքին բանտում դաժանաբար սպանվել է նա... Ինչո՞ւ բացված չէ Չարենցի գաղտնիքը: Ինչո՞ւ հայտնի չէ նրա գերեզմանի տեղը: Ինչո՞ւ հայոց մեծերի պանթեոնում այդպես էլ «չի գտնվել» 1x2 մակերեսով մի հողակտոր, որտեղ կբարձրանար նրա մահարձանը...



Ինչո՞ւ Հայաստանում Չարենցը հուշաքար չունի: 80 տարի առաջ, եթե հավատանք ակադեմիական գրականագիտությանը, նա մահացել է Երեւանի ներքին բանտում: Արխիվներում պահպանվել է դիահերձման արձանագրությունը, բայց որտե՞ղ են հողին հանձնել մարմինը՝ մնում է անհայտ: Չարենցը պաշտոնապես արդարացվել է խրուշչովյան «ձնհալի» տարիներին: Նրա մասին «տոննաներով» գրքեր եւ հոդվածներ են հրատարակվել: Բայց ոչ խորհրդային, ոչ անկախ Հայաստանում չի քողազերծվել նրա եղերական մահվան եւ անշիրիմ հիշատակի գաղտնիքը: Ինչո՞ւ...



Անհասկանալի է, անբացատրելի, անընդունելի: Մանավանդ որ անկախության երկրորդ տասնամյակում Հայաստանը նաեւ գերեզմանների «հայրենադարձություն» է կազմակերպել: Այն դեպքում, երբ իր հողի վրա չգիտի Չարենցի նման հսկայի նշխարների տեղը... Խորհրդապաշտությունը մի կողմ թողնենք, բայց եւ հարցնենք՝ ներելի՞ է, երբ ազգային հանճարի գերեզման տանող ճանապարհ չունենք, եւ Չարենցը մնում է դեռեւս լիովին չգնահատված: Որովհետեւ մարդու վերջնական գնահատականը դեպի նրա գերեզման տանող ճանապարհն է...



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ