Քաղաքացիները հայտնել են ընտրակաշառքի մասին, բայց «բաժին» գնալուց հետո փոխել են խոսքը

Քաղաքացիները հայտնել են ընտրակաշառքի մասին, բայց «բաժին» գնալուց հետո փոխել են խոսքը

Քաղաքացի դիտորդ նախաձեռնության կազմակերպությունները՝ «Իրավունքի Եվրոպա» միավորում, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը», նաև «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» դիտարկել են նախընտրական ողջ շրջանը՝ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը, և շուտով կհրապարակեն իրենց զեկույցը։ Որոշ կետեր նրանք համառոտ հրապարակեցին այսօր, «Մարիոթ» սրահում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Դրանցից մեկն այն է, որ ԿԸՀ-ն բավարար ջանքեր չի ներդրել և կամք չի դրսևորել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ։ «Բռնությունների և ճնշումների վերաբերյալ ահազանգեր 13 ընտրատարածքներից 12 ենք մենք արձանագրել, եթե տպագրական քարոզչական նյութերի փչացումը ևս 11 տարածքներում է եղել, բարեգործության մասին որպես քողարկված ընտրակաշառքի ահազանգեր եղել են 13-ից 11 ընտրատարածքներում, վարչական ռեսուրսի օգտագործմամբ չարաշահումների վերաբերյալ՝ 8 ընտրատարածքներում», - ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։



Դիտորդական կազմակերպությունների մեծ մասը համակարծիք են, որ վստահության մթնոլորտը խաթարված է։ Ըստ «Թրանսփարենսիի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի, բոլոր նշված խախտումները, նաև կարգի չբերված ցուցակները հիմք են տալիս մտածելու, որ քվեարկությունը նույնպես չի անցնելու նորմալ։«Իհարկե, կան փոփոխություններ՝ տեսաձայնագրումը, ցուցակների հրապարակումը քվեարկությունից հետո, բայց մեծ հույսեր ես չունեմ», - ասաց նա։



«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ գնահատեց ոստիկանության պահվածքը նախընտրական շրջանում։«Ոստիկանությունը թեև ընդունեց իրենց ուղեցույցում մեր կողմից առաջարկած գրեթե բոլոր խմբագրական փոփոխությունները, բայց բոլոր այն քաղաքացիները, ովքեր լրագրողներին հայտնել են, որ ընտրակաշառք են վերցրել, կամ իրենց ընտրակաշառք են առաջարկել, բոլոր այդ դեպքերում ոստիկանություն այցելելուց հետո նրանց ասել են, որ ընտրակաշառք չի եղել», - ասաց Իաննիսյանը։ Անգամ այն դեպքերում, եթե քաղաքացին թեկնածուի հստակ անուն է նշել, ոստիկանություն այցելելուց հետո ասել է, որ ընտրակաշառք չի եղել։ Օպերատիվ գործողություններ իրականացնելու փոխարեն ոստիկանությունը, ըստ իրավապաշտպանի, կոծկել է ընտրակաշառքի դեպքերը։



Սյուզան Սիմոնյան