ԿԸՀ-ն ընտրական օրենսգրքում խմբագրումներ է անում

ԿԸՀ-ն ընտրական օրենսգրքում խմբագրումներ է անում

«Իրավունքի Եվրոպա» միավորուման նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը երկու մտահոգություն ունի ԿԸՀ որոշումների վերաբերյալ, որոնք հակասում են ընտրական օրենսգրքին, և ինչպես արտահայտվեց փաստաբանը՝ «լուրջ փոփոխությունների է ենթարկում» այն։ «ԿԸՀ-ն մի տևական ժամանակ բոլորին լուսաբանել է, որ քվեաթերթիկի առաջին էջին որևէ նշում չի կարելի է անել և դարձ-երեսին է արվում նշումը։ Բայց ընդամենը օրեր առաջ ընդունել է պարզաբանում, ըստ որի առաջին էջում արվող նշումը կուսակցության, կամ առաջատար երեք թեկնածուների անուններից մեկի, կամ մի քանիսի դիմաց չի հանգեցնում նրան, որ քվեաթերթիկը անվավեր ճանաչվի։ Սա տրամագծորեն հակասում է օրենսգրքի կարգավորմանը։ Ըստ էության, ԿԸՀ-ն նոր օրենք է գրում», - ասում է Լուսինե Հակոբյանը։



Երկրորդ «սխալն» էլ այն է, որ ընտրողների ցուցակում, եթե անձը գալիս է, տեսնում է, որ իր անվան առաջ ստորագրություն կա, նրան թույլ է տրվում «Այլ նշումներ» սյունյակում դնել իր ստորագրությունը։ «Սա մտահոգիչ է, ճիշտը այն է, որ լրացուցիչ ցուցակում անձի տվյալները լրացվեին և թույլ տրվեր, որ նա այնտեղ ստորագրի»։ «Մաիրիոտ» հյուրանոցում, «Քաղաքացի դիտորդի» ասուլիսի ժամանակ Լուսինե Հակոբյանը կոչ արեց պետական մարմիններին լինել աչալուրջ, մտապահել, որ ընտրությունների իրավունքը արդեն իսկ Եվրոպական կոնվենցիայով պաշտպանված իրավունք է։ «Եթե մեր անդամները դիմումներ ներկայացնեն և այդ դիմումները բավարարվեն և ընդունվեն համապատասխան վճիռներ Եվրոպական դատարանի կողմից, սա լուրջ մարտահրավեր կհանդիսանա պետական իշխանության համար նաև արտաքին ճնշումների մասով։ Այդ պատճառով ճիշտ կլինի, որ բանը չհասնի դրան», - ասաց փաստաբանը։



Ս․Ս․