Սերժ Թանկյան. Ում էլ ձայն տաք, մենք ձեր թիկունքին կանգնելու ենք (լուսանկարներ)

Սերժ Թանկյան. Ում էլ ձայն տաք, մենք ձեր թիկունքին կանգնելու ենք (լուսանկարներ)

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամներ՝ աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ամերիկահայ կինոռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արդեն Հայստանում են եւ առաջիկա ընտրություններում, որպես դիտորդ շրջելու են հայաստանյան տարբեր ընտրատեղամասերով։ Այդ առիթով այսօր «Մեդիա կենտրոնում» նրանք հանդիպեցին լրագրողների հետ եւ կիսվեցին իրենց մտահոգություններով ու դիտարկումներով։ Բանախոսները նշեցին, որ իրենք շրջիկ դիտորդներ են լինելու, ընտրությունների օրը բաժանվելու են 3 տարբեր խմբերի ու գնան տարբեր ուղղություններով, այդ թվում մարզեր, որից հետո կվերադառնան Երեւան։ Նրանք մի քանի անգամ փաստեցին, որ որեւէ կուսակցության հետ կապ չունեն, հակառակ նրան, թե ինչ լուրեր են այստեղ շրջանառվում, ավելին՝ իրենց հետ եկել են մոտ 300 անկախ դիտորդ, ովքեր նույնպես դիտորդական առաքելություն կիրականանցնեն այս ընտրություններին։   



Իր խոսքում Սերժ Թանկյանը մասնավորապես ընդգծեց, որ իրենց համար շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ իմանան, իրենք որեւէ շահ չունեն այս ամենում, չեն պատերազմում որեւէ մեկի հետ եւ անկուսակցական են. «Մեր համար ամենակարեւորը հայ ժողովրդի կամքն է, մեր գործը մոնիթորինգ անելը չէ, այլ ձեզ ներշնել, որ գնաք քվեարկեք։ Անգամ եթե չգիտեք ում պետք է ձայն տաք, միեւնույն է՝ մասնակցեք։ Ես չեմ հավատում, որ հնարավոր է 3 մլն-ի ստիպել ինչ որ բան անել, մերն է ուժը եւ մենք ենք տերը այս ամենի։ Ում էլ ձայն տաք, մենք ձեր թիկունքին կանգնելու ենք։ Անտարբերությունը միայն Հայաստանում չէ, որ տեղի է ունենում, ամեն երկրում խարդախություն կա, կոռուպցիա կա,Ամերիկան ձեզ օրինակ։ Ես Հիլարիին ընտրեցի քիթս բռնելով, քանի որ հասկանում էի, եթե չգնամ մի ձայնով կավելացնեմ Թրամփի ձայները»,-ասաց Թանկյանը, ում հարց ուղղեցին նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին եւ որի հետ շատերը հույսեր են կապում։ Այստեղ Թանկյանը նկատեց, որ վերջինս իր ելույթում ասել էր, որ վարչական ռեսուրսները չպետք է օգտագործվեն ընտրությունների համար, բայց արդյո՞ք հիմա մենք տեսնում ենք որեւէ մեկին բանտում։     



Ատոմ Էգոյանի խոսքով, եթե խախտումներ լինեն իրենք պահանջելու են, որ այդ փաստերն ուսումնասիրվեն, ըստ նրա, չպետք է թեթեւ վերաբերվել ընտրական խախտումներին, եթե համարվում ես դեմոկրատական երկիր. «Ամենախոցելի պահը այն է լինելու, երբ ձայները հավաքվեն ու տեղափոխվեն ԿԸՀ, մենք մտահոգություն ունենք այդ պահի համար, որ իրապես տեղ հասնեն։ Մենք կարող ենք ենթադրել, որ ընտրությունները խախտվելու են, բայց մենք այստեղ չենք, որ կիրակի օրվա ձեր ձայները պահպանենք, մենք այստեղ ենք ապագայի համար, երբ երիտասարդները կկարողանան փոխել Հայաստանի ապագան, մենք պետք է զարգացնենք մեր ժողովրդավարության մկանը, իսկ ժողովրդավարությունը մկանի պես է, այն պետք է վարժեցնել, մարզել։ Չպետք է դառնանք բռնակալության եւ ինքնաբռնակալության զոհը։ Ձեր ներքին բռնությանը ընդդիմացեք եւ փորձեք ազատ լինել, այդ հեղափոխությունը ձեր մեջ է, որ անելու է եւ արդյունքի հասնելու։ Այս երկրի մահը լինելու է միայն անտարբերության պատճառով, մենք այստեղ ենք պարզապես աջակցելու եւ մեր ներդրումը անելու գալիքի համար»։



Փորձենք առանց բռնության փոփոխություն առաջ բերել, այս կարծիքին է Արսինե Խանջյանը. «Ձեր ձայնը փոփոխության ձայն պետք է լինի, ձեր ձայնը եթե իմաստ չունենար, կաշառք տեղի չէր ունենա»,-ասաց նա ու նշեց, որ խախտումներն արդեն սկսված են, դպրոցների տնօրենների հարցը դրա վառ օրինակը, բայց դա չպետք է խանգարի, որ մասնակիցը դառնանք փոփոխությունների։ Արսինե Խանջյանն ընդգծում է՝ իրենց նպատակն է քաջալերել մարդկանց. «Եթե ժողովրդի ընդհանուր փափագը ընդդիմությունն է, մեզ այդ որոշումը չի վերաբերում,եթե դուք կընդունենք այդ ընտրությունները, մենք նույնպես կընդունենք։ Դուք պետք է որոշեք արդյունքները ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, մենք կաջակցենք։ Սոցիալական մեդիայում շատ հեշտ է բարկանալը, ընդիմանալն էլ պարզապես փողոց ինջնելը չէ, կամ ընտրություններին չմասնակցելը չէ, դա ամեն օր կազմակերպվելն է, քաղաքացիական հասարակություն ձեւավորելը։ Մի թողեք երկիրը, այս երկիրն արժանի է ձեզ»։ Ի պատասխան այն հարցին, թե 9 քաղաքական ուժերից որն է ճիշտն ու նախընտրելին իրենց համար Արսինեն նշեց, որ իրենց համար կարեւոր չէ այդ 9 դաշինքներն ու կուսակցությունները. «Մենք չենք ձեր համար որոշում կայացնողները։ Հայաստանի համար դուք պետք է ասեք, դուք որոշեք թե ով Հիլարիին կնմանվի, իսկ ով Թրամփին, որոշեք որն է չարյաց փոքրագույնը ու ընտրեք։ Ամեն դեպքում իշխանությունը երկրի մեջ պետք է փոխվի, միայն դա կարող եմ ասել»։



Ռեժիսոր Էրիկ Նազարյանի կարծիքով եթե չգնանք ընտրությունների եւ չքվեարկենք, մեր փոխարեն կքվերակեն. «Եթե մենք կոռուպցիայից ենք խոսում ամենամեծ բանը դա լռությունն է, անտարբերությունը, առաջին ըմբոստութան նշանը ձայնն է, մի լռեք։ Այս դիալոգը երկար ժամանակ պետք է շարունակվի, պետք է հասկանանք, թե մենք ինչ կարող ենք անել: Ամենառաջնային պարտականությունը քաղաքացու այն է, որ մեր հայրենակիցը հասկանա, որ քվեն չպետք է ծախի։ Հայկական մաթեմատիկան ի՞նչ է՝ մի սենյակի մեջ 2 հայ դիր, կստանաս 3 կարծիք ու 4 կռիվ, այդ մեր բալկանիզացված հոգեբանությունը եթե ձեր սերունդը չկարողանա կոտրի, իսկապես անհույս կմնանք, ամոթ նաեւ մեզ, եթե չկարողնաանք մենք էլ մեր կողմից ոտքի կանգանցնենք ձեզ, որ դուք այստեղից չհեռանաք։ Թրամփի Ամերիկայում մենք ամեն օր ենք հիասթափված, արթնանում ես ու չգիտես վաղը ինչ կլինի»,-ասաց Էրիկ Նազարյանն ու նկատեց, որ ամենամեծ հույսը քաղաքացիական իրավունքներն են։