Խնդիրը լուծել են և Սամվել Բաբայանին որևէ ձևով բաց կթողնեն

Խնդիրը լուծել են և Սամվել Բաբայանին որևէ ձևով բաց կթողնեն

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» համակիր Ազատ Արշակյանը մռայլ գույներով նկարագրեց այն տեսարանները, որոնց հանդիպել է քարոզարշավի շրջանում մարզերում։



«Ես 5000 կմ էս մի ամիսուկեսում շրջել եմ Հայաստանում, պատկերացրեք, որ թշվառների երկրի տպավորություն է թողնում՝ ճանապարհները քայքայված, հնացած, լքված բնակարաններ, հնամաշ գյուղական բնակավայրեր, ու մտածում էիր, որ ժողովուրդը պետք է աղաղակող «ոչ» ասեր իշխանությանը, հասարակ «ոչ»-ը բավարար չէ։ Հանդիպումների ժամանակ շատ տգեղ էր տեսնել անատամ բնակչություն, բերանները բացում էին՝ փշրված, դեղնած, սեւ ատամներով։ Ու էդ մարդիկ խեղճացած էին, մեզ ասում էին՝ Երեւանում գնացեք իշխանափոխություն արեք, ոչ թե էստեղ, մենք ի՞նչ պետք է անենք»,- նկարագրեց Ազատ Արշակյանը։



- Հիմա Դուք Սեյրան Օհանյանի ձեւավորած դաշինքի պարտությունն ինչո՞վ եք բացատրում։



- Նախեւառաջ մեր քարոզչության ստրատեգիական սխալների պատճառով։ Ինչ-որ մի բան մենք այնպես չենք արել, որովհետեւ «Ելքն» անցել է, Դաշնակցությունն անցել է, ՀՀԿ չեն նրանք, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն առանձին բաներ են, բայց «Ելքի» ու ՀՅԴ-ի անցնելը թույլ է տալիս, որ եթե մենք ավելի ճիշտ կազմակերպեինք մեր քարոզարշավը եւ ոչ միայն քարոզարշավը, ընդհանրապես մեր կամպանիան, հնարավոր է մենք էլ անցնեինք։ Դրանում նախեւառաջ մենք էինք մեղավոր։ Երկրորդը՝ իշխանության դրած զտիչները։ Իշխանությունը հատուկ տեսակի զտիչներ էր դրել, այսինքն՝ պարտադիր պետք է ունենայիր հարստության ցենզ, դրված էին ընտրակաշառքի տարբեր տեսակներ։ Այսինքն՝ առանց մեծ գումարի անհնար էր կամպանիային մասնակցել, խաղի կանոններն այդպիսին են։ Անկախ նրանից՝ մենք դա դատապարտում ենք, թե չենք դատապարտում, բայց կարգն այդպիսին է, օրինակ, մասնաճյուղեր ունենալու համար։ Պետք է իշխանական քրեաօլիգարխիկ ռեսուրսներից դու անպայման խողովակ ունենաս։ Մենք դա չունեինք, մեզ գումար չէր գալիս։ Դրանից բացի, նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ոչ մի մարզպետ, ոչ մի քաղաքապետ, ոչ մի դատավոր, ոչ մի դատախազ ու քննիչ մեզ չէր աջակցում։ Ադմինիստրատիվ, ապօրինի աջակցություն մենք չէինք ստանում, որը նույնպես անհրաժեշտ էր հաղթահարելու համար։



- Սեյրան Օհանյանն ու նրա մերձավորները նույնկե՞րպ են վերլուծում եւ գնահատում իրավիճակը։



-Հա, իհարկե, մեր հայտարարության մեջ դա ասված է, ես ինչ որ ասում եմ, բխում է մեր հայտարարությունից։



- Ի՞նչ եք անելու հետայսու։



- Ես հույս ունեմ, որ մենք շոկից դուրս կգանք, կմոբիլիզացնենք մեր ուժերը եւ կմասնակցենք Երեւանի ավագանու ընտրություններին։



- Կհասցնե՞ք, ժամանակ շատ քիչ կա։



- Ես չգիտեմ։ Որպես համակրող, որպես աջակից՝ ես հիմա պատրաստ եմ, եթե իրենք հասցնեն։ Բայց դեռ որոշում չկա, որովհետեւ ռեսուրսների խնդիր կա՝ մենք Երեւան քաղաքում կարո՞ղ ենք մոբիլիզացնել այդպիսի ռեսուրսներ, որ կարողանայինք մասնակցել։ Նույն խաղի կանոնները նաեւ այստեղ են դրված, այսինքն՝ կա՛մ դու պետք է ընդունես դրանք ու մտնես խաղի մեջ, կա՛մ պետք է հայհոյես ու բոյկոտ հայտարարես։ Բոյկոտը չի բերում վետոյի իրավունքի։ Այ, եթե բոյկոտը դառնար վետո եւ բոյկոտի հետեւանքով ձախողվեր, դա շատ լավ կլիներ։



- Դաշինքի հայտարարության մեջ ակնարկ կար, որ հնարավոր է հետընտրական զարգացումներ լինեն։



- Հետընտրական զարգացումների մի ձեւ կա, որը մենք միանշանակորեն մերժում ենք, դա քաղաքացիական պատերազմն է։ Հակասահմանադրական որեւէ բան մենք չենք անելու, բայց մյուս՝ օրենքով թույլատրելի բոլոր մեթոդները, միջոցները մենք կկիրառենք։ Իշխանափոխության տարբերակը համազգային ընդվզումն է, որը կարող է լինել որեւէ ֆորսմաժորից։ Բաժակը լիքն է, մենք պատրաստ ենք, հասարակությունը պատրաստ է, հենց որ իշխանությունը կոպիտ սխալ թույլ տա, վրիպի, մենք սպասում ենք․․․ առաջիկայում սպասվում է տնտեսական խորը ճգնաժամ։



- Բայց ավելի քան մեկ միլիոն մարդ է քվեարկել այն ուժերի օգտին, ովքեր այսօր խորհրդարանում են, ըստ Ձեզ՝ նրանք դուրս կգա՞ն փողոց։



- Դա դեռ ոչինչ չի նշանակում։ Հարցը դրված է այսպես՝ արդյոք հայ ժողովուրդը համաձա՞յն է, որ իր հարազատների մի զգալի մասն օտարության մեջ, արտագնա աշխատանքով, ընտանիքների տարանջատման պայմաններում իր ընտանիքը պահի։ Հայաստանում պաշտոնական թվերով մեկուկես միլիոն մարդ աղքատ է, արդյոք մենք համաձա՞յն ենք այս աղքատությանը, այսպես պետք է հարցը դնենք։ Եվ հիմա այդ դետոնացիայի համար պետք է իշխանության կոպիտ սխալը։



- Այս հարցադրումները քարոզարշավի ընթացքում չէի՞ք անում։ Ուրեմն ուզել են, չէ՞, «խոպանչի» հարազատ ունենալ կամ «կողմ» են եղել աղքատությանը, որ ձայնը տվել են ՀՀԿ-ին, այլ ոչ ՕՐՕ-ին։



- Հայաստանը երկու լուրջ ազդակ ստացավ, որ Հայաստանի կարգավիճակը չպետք է փոխվի։ Առաջինը՝ Ռուսաստանը հայտարարեց, որ ինքը պաշտպանում է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանությունը, Եվրամիությունից էլ ԵԺԿ-ն հայտարարեց, որ պաշտպանում է ՀՀԿ-ի բարեփոխումները։ Այսինքն՝ ԵՄ-ն եւ ՌԴ-ն պաշտպանում են Հայաստանի կիսագաղութային, ծայրագավառային կարգավիճակը եվրասիական իմպերիայում։ Եվ մենք հասկացանք՝ Եվրոպայի՞ դեմ պայքարենք, Ռուսաստանի՞ դեմ պայքարենք, թե՞ նրանց դրածո քրեաօլիգարխիկ համակարգի։ Ուրեմն մենք կսպասենք, մինչեւ որ Եվրոպան, Ռուսաստանը եւ Ամերիկան համաձայնության գան, որ Հայաստանը չի կարելի պահել ստրկական վիճակում։ Եվ մեզ ձայն տված այս 2 տոկոսը, որ «ոչ» է ասել ԵՄ կարծիքին՝ մեր կարգավիճակի մասին, եւ Եվրասիական միության կարծիքին՝ մեր մասին, շատ լավ թիվ է։ Դա, իրականում, 2 չէ, մոտ 20 տոկոս է։



- Սամվել Բաբայանին ազատ կարձակե՞ն, թե՞ հնարավոր է նոր ձերբակալություններ ձեր դաշինքից։



- Չէ, անհնար է, որովհետեւ մենք վնասազերծված ենք, 2 տոկոսը տվել են ու վերջ։ Սամվել Բաբայանին ձերբակալեցին մեզ թուլացնելու համար եւ իրենց նպատակին հասան այդ 2 տոկոս ձայնով։ Արդեն իրենք իրենց խնդիրը լուծել են եւ Սամվել Բաբայանին էլ, ըստ երեւույթին, որեւէ ձեւով բաց կթողնեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ