Եթե պատգամավոր լինեի, կփոխեի այս ընտրակարգը

Եթե պատգամավոր լինեի, կփոխեի այս ընտրակարգը

6-րդ գումարման Ազգային ժողովում չի լինի նաեւ Հակոբ Հակոբյանը։ «Երեւանի գարեջրի գործարան» ՓԲԸ նախագահն ապրիլի 2-ին կայացած ընտրություններում առաջադրվել էր Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում եւ ստացել 8 հազար 90 ձայն: Տավուշի մարզին ռեյտինգային ընտրակարգով հասանելիք մանդատը կստանա «Գրանդ տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը։ Հանրությանն անհայտ այս թեկնածուն հավաքել է 17 հազար 113 ձայն, հաղթանակի «գրավականը», բնականաբար, «Գրանտ տոբակոն» է, որը կարծես սեփականաշնորհել է մարզը եւ բոլոր գումարման խորհրդարաններում գործուղում է իր ներկայացուցչին։ Հակոբ Հակոբյանը ռեյտինգային ընտրակարգի, հետեւաբար՝ իր պարտության հարցում գլխավոր մեղավոր է համարում ընդդիմադիրներին․ «Սաղ իրենց սարքածն է, ուզում էին մեծամասնությունը վերանա, դե թող գնան ուտեն»։ 



- Ձեր պարտությունն ինչո՞վ եք պայմանավորում։



- Մարդիկ այդպես ցանկացել, այդպես քվեարկել են։ Պատճառների մասին չեմ կարող խոսել, երեւի կվերլուծեմ, հետո կխոսեմ։



- Ձեր կուսակիցներից ոմանք չեն թաքցնում, որ պարտվել են ընտրակաշառքին, փողին, Ձեր տարածքում է՞լ է դա ազդել։



- Ես տեղյակ չեմ, նման բան չեմ նկատել։



- Իսկ վերլուծե՞լ եք, թե ինչու ժողովուրդը Ձեզ ավելի քիչ ձայն տվեց, քան ինչ-որ անհատ թեկնածուի։



- Ուրիշ բան չասեմ, հա՞․․․ Գիտեք, խնդիրը մեր տարածքում հիմնականում եղել է այն, որ ամենաքիչ թվով ընտրողները Տավուշում են, դա էր պատճառը։ Եթե ընտրողները շատ լինեին, բնականաբար, ես էլ կանցնեի, ինձ ժողովուրդն ընդունում է, էնպես չէ, որ․․․



- Ամեն դեպքում փաստն այն է, որ անհայտ թեկնածուն ավելի շատ ձայն է ստացել, քան ՀՀԿ-ի պատգամավորը։



- Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, թե ինչու։



- Որպես նախկինում մեծամասնականով առաջադրված թեկնածու, ինչպե՞ս կգնահատեք այս ընտրակարգը, կիսո՞ւմ եք Ձեր կուսակիցների նախկինում հնչեցրած գնահատականները, որ վարկանիշային ընտրակարգը մրցակցություն եւ ժողովրդավար ընտրություն է ապահովելու։



- Եթե ես լինեի պատգամավոր, ճիշտն ասած՝ պայքարելու էի, որ փոխվեր այս ընտրակարգը, որովհետեւ սա ճիշտ չէ։ Մեծամասնականը լրիվ ուրիշ է, սա՝ ուրիշ, դու պայքարում ես մյուս կուսակցությունների թեկնածուների հետ, ստեղ դու քո կուսակիցների հետ ես պայքարում։



- Այդ ներքին մրցակցության հանգամանքն էին ողջունում Ձեր կուսակիցները։



- Դուք հարցը տվեցիք, ես պատասխանեցի, մնացածը՝ ով ինչ է ասել, չգիտեմ։ Ով մի անգամ մասնակցի, նման ընտրություններ տեսնի, էլ նման բան չի ասի, կարծում եմ։ Եթե թիմը, կուսակցությունը բաժանվում է մի քանի մասի, մրցակցությունը ո՞րն է։



- Փաստորեն, շատ եք տանջվել այս ընտրություններին՝ հանուն ՀՀԿ-ի։



- Այո, բավականին շատ, որովհետեւ տարածքներն իրարից շատ հեռու էին, եթե մոտիկ լինեին, քաղաքում լինեին, հեշտ էր։



Սա ընդդիմության եփած ճաշն էր, իրենք էլ կերան, ո՞ւր են էն մարդիկ, որ պայքարում էին՝ մեծամասնականը հանենք, էս անենք, էն անենք, ո՞ւր են, բոլորը թռա՞ն։ Ես էլի պնդում եմ, որ մեծամասնականը պետք է լիներ 50 տոկոսը, այսինքն՝ 131-ի կամ 101-ի 50 տոկոսը, առանց մեծամասնականի ճիշտ չէ մեր երկրում, ով ինչ ուզում է ասի, կապ չունի՝ ես կլինեի, թե չէի լինի։ Այդ ձեւով կապը տարածքների հետ կլիներ, այդ կապը միայն մեծամասնականով է հնարավոր։ Հիմա սաղ խառնվեց իրար։ Ճիշտ է, հիմա այս ընտրակարգն էլ մոտավորապես մեծամասնականի նման է, ինչպես Դուք եք ասում, բայց էդքան էլ էդպես չէ։



Հասարակ բան․ օրինակ՝ այս տարածքում անցած թեկնածուն տեղեր կա, որ ինքը քիչ ձայն է հավաքել, հիմա էդ տարածքն իրե՞նն է, թե՞ իրենը չէ, ո՞նց եք կարծում, ես կպատասխանեի՝ չէ։ Խնդիրներ շատ կան, հիմա դրանց մասին խոսելու ժամանակը չէ։ Մի քիչ կանցնի, ժողովուրդը կզգա։ Ինձ, օրինակ, շատ-շատ են զանգում, ասում՝ մեզ խաբել են, փոշմանել ենք եւ այլն, եւ այլն։ Ես ասում եմ՝ դե հիմա դուք գիտեք, ի՞նչ ասեմ։



- Ինչի՞ համար են խաբել, ո՞վ է խաբել։



- Չգիտեմ, տետատետ չեմ զրուցել, խաբնված մարդկանց հետ ի՞նչ զրուցես, թող չխաբնվեին, ո՞վ է մեղավոր։



- Իսկ ինչո՞վ եք զբաղվելու։



- Աշխատող մարդը միշտ էլ զբաղմունք ունի։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ