Նոր ԱԺ-ի առաջին նիստի օրվա հարցում տարաձայնություններ կան

Նոր ԱԺ-ի առաջին նիստի օրվա հարցում տարաձայնություններ կան

Երեկ մենք գրել էինք, որ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի շուրջ վեճ է ծագել արդարադատության երկու նախկին նախարարների միջեւ՝ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը տարակարծություն ունեն այս հարցում։ Դավիթ Հարությունյանը, ըստ տեղեկությունների, ասում է, որ նոր խորհրդարանի մեկնարկը պետք է տրվի մայիսի 31-ին, այսինքն՝ այն օրը, երբ լիարժեք ավարտվում է այս՝ 5-րդ գումարման խորհրդարանի գործունեության ժամկետը, իսկ Հրայր Թովմասյանն էլ պնդում է, որ պետք է առաջնորդվել նոր Ընտրական օրենսգրքի այն դրույթով, որ նոր խորհրդարանը ձեւավորվում է ընտրություններից հետո եկող երրորդ հինգշաբթի օրը, որն այս դեպքում ապրիլի 27-ն է։ Մեր տեղեկություններով, այս հարցում հաղթել է Հրայր Թովմասյանի կարծիքը։



Այս խնդիրն իրականում երեք նրբերանգ ունի։ Գլխավորը՝ իրավական-սահմանադրական է, դրանից բխում են նաեւ վերոնշյալ ներիշխանական ինտրիգներն ու հակասությունները, եւ երրորդը՝ ֆինանսական-քաղաքական է։ Այս վերջինն էլ իր հերթին ունի որոշակի նրբերանգներ։ Բանն այն է, որ մինչեւ մայիսի 31-ը հին ԱԺ-ն պահելը ձեռնտու է այն պատգամավորներին, որոնք այլեւս չեն լինելու նոր խորհրդարանում։ Նախ նրանք եւս մեկ ամիս կստանան պատգամավորական բարձր աշխատավարձ, հետո եւս մեկ նստաշրջան հնարավորություն կունենան վայելելու պատգամավորական մանդատն ու մնալ օրենսդրական նավի վրա, հանդես գալ քաղաքական հայտարարություններով, իրենց ակտիվ պատգամավոր զգալ։ Բայց դա նաեւ իր ֆինանսական «էֆեկտները» կունենա մեր բյուջեի վրա։ Նախնական տվյալներով՝ նոր խորհրդարանում կլինի 105 պատգամավոր՝ ներկայիս 131-ի փոխարեն։ Եվ եթե եւս մեկ ամսով երկարաձգվի գործող խորհրդարանի գործունեությունը, պետբյուջեից ստիպված կլինեն վճարել 26 ավել աշխատավարձ՝ իրենց օգնականներով հանդերձ, գումարած հավելյալ ծախսերը։ Դրանք իրար հետ, մոտավոր հաշվարկներով, 50 հազար դոլարի կարգի գումար են կազմում։ Այսինքն՝ Դավիթ Հարությունյանը, եթե կարողանա իր տեսակետն անցկացնել, մեծ լավություն արած կլինի այն պատգամավորներին, որոնք հաջորդ ԱԺ-ում այլեւս չեն լինելու։ Բայց կենցաղային մակարդակի այս հաշվարկներից դուրս՝ կա նաեւ շատ ավելի կարեւոր հանգամանք՝ Սահմանադրությունն ու օրենսգիրքը։



Իհարկե, մեր իշխանությունները սովոր են ցանկացած սահմանադրական նորմ անտեսել կամ կյանքի կոչել նեղ անձնական շահերից ելնելով, բայց մայիսի 31-ի վրա կանգ առնելը, շատ իրավաբանների կարծիքով, ճիշտ է եւ օրինական։ Այլ հարց է, որ դրանով հակասություն է առաջանում գործող օրենսգրքի հետ, ինչն էլ հերթական կազուսն է առաջացնում իրավական հարթությունում։ Եվ ամբողջ վեճը հենց դրա երկու մեղավորների՝ Դավիթ Հարությունյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ է, քանի որ հենց նրանք են հեղինակել թե՛ նոր Սահմանադրությունը, թե՛ նոր Ընտրական օրենսգիրքը եւ ժամանակին այնպես չեն արել, որ այսօր այս հակասությունը չառաջանար։
Նոր Սահմանադրությամբ հստակ սահմանվում է՝ Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:



Փաստաբան Տիգրան Սարուխանյանի կարծիքով՝ Ընտրական օրենսգիրքն էլ սահմանում է, որ ընտրություններից հետո երրորդ հինգշաբթի օրը պետք է գումարվի նոր խորհրդարանի առաջին նիստը։ «Ինչ վերաբերում է մայիսի 31-ին, էնտեղ արդեն ուրիշ խնդիր է առաջանում։ Բոլոր պատգամավորներն իրավունք ունեն 5 տարի ժամկետով հանդես գալ որպես պատգամավոր, ու հիմա, եթե ապրիլի 27-ին են ձեւավորում նոր ԱԺ-ն, ստացվում է՝ այս գումարման խորհրդարանի պատգամավորներին մի ամսով զրկում են իրենց մանդատից։ Այսինքն՝ այս դեպքում էլ առաջանում է խնդիր պաշտոնավարման ժամկետի հետ կապված։ Իրավական ակտերի մասին օրենքը հստակ սահմանում է՝ տարիներով որոշվող ժամկետներն ավարտվում են համապատասխան տարվա նույն օրը։ Հին Սահմանադրությունն էլ ասում է, որ Ազգային ժողովի լիազորությունները համարվում են սկսված իր առաջին նիստով։ Հիմա, էս պահին 5-րդ գումարման առաջին նիստը եղել է մայիսի 31-ին, այսինքն՝ առնվազն մինչեւ մայիսի 31-ը գործում է դեռ նախկին ԱԺ պատգամավորների 5 տարին»,- բացատրեց պարոն Սարուխանյանը։



Բայց քանի որ նոր ԸՕ-ն էլ պահանջում է ապրիլի 27-ին գումարել նոր ԱԺ-ն, հակասություն է առաջանում ԸՕ-ի եւ վերը բերված փաստարկների, այդ թվում՝ նոր Սահմանադրության համապատասխան դրույթների միջեւ։ Սա կարելի՞ է համարել օրենքում առաջացած կազուս։ Փաստաբանն ասաց․ «Այո, իհարկե, կարծում եմ՝ հենց օրենսդրական հակասությունների խնդիր է, եւ հենց այդ նույն հակասությունները կային նաեւ ընտրության օրը որոշելու հարցում»։ Նրա խոսքով՝ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու հետ կապված վեճն էլ այս հակասությունների տրամաբանության մեջ էր։ Նա եւս կողմ է այն տեսակետին, որ ապրիլի 2-ը սխալ օր է ընտրված։ Դրա համար պետք էր այս խնդիրներին լուծում տալ նոր Սահմանադրությունն ու նոր ԸՕ-ն ընդունելիս։



Մեկ այլ խնդիր եւս կա։ Նոր Սահմանադրությամբ՝ ԱԺ հերթական ընտրությունն անցկացվում է ԱԺ լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 60, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ: Այսինքն՝ եթե հիմա որոշեն, որ ապրիլի 27-ին է ավարտվում այս Ազգային ժողովն ու գումարվում նորը, եւ հինգ տարի անց էլ լիազորությունների ավարտի հարցում առաջնորդվեն նոր Սահմանադրությամբ, այսինքն՝ լիազորություններն ավարտվեն 2022-ի ապրիլի 27-ին, ապա նոր ընտրությունները պետք է անցկացվեն արդեն ապրիլի 27-ից ոչ շուտ, քան 60, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական ուժերը ստիպված կլինեն ընտրարշավի դուրս գալ հունվար-փետրվար ամիսներին՝ ձմռան ցրտին, Ամանորից նոր-նոր դուրս եկած, ինչը, վստահաբար, որեւէ մեկին ձեռնտու չի լինի, այդ թվում՝ ժողովրդին։ Հետեւաբար, բացի Սահմանադրության պահանջից, այս տեսանկյունից եւս համարում են, որ ճիշտ կլինի ընդունել մայիսի 31-ի տարբերակը։ Այլ հարց է, թե, անկախ այս ամենից, ներիշխանական կուլիսներում որ չինովնիկի ամբիցիաներն են ավելի զորեղ՝ Դավիթ Հարությունյանի՞, թե՞ Հրայր Թովմասյանի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ