Կառավարության նիստի «արտակարգ» ֆոտոշարքը՝ «արտակարգ իրավիճակում» (լուսանկարներ)

Կառավարության նիստի «արտակարգ» ֆոտոշարքը՝ «արտակարգ իրավիճակում» (լուսանկարներ)

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն անցկացրեց ԱԺ ընտրություններից հետո առաջին կառավարության նիստը։ Այն դեռևս հին կազմով է, քանզի դեռ պետք է ձևավորվի նոր խորհրդարանը, դրանից հետո նաև՝ նոր կառավարությունը։ Վարչապետը նիստն սկսեց ժամանակին և բարձր տրամադրությամբ՝ «ավետելով» իրենց թիմի հաղթանակի մասին։ Հաղթական ու բարձր տրամադրությունն զգացվում էր նաև կառավարության անդամների դեմքերից, որոնք ֆիքսել է մեր տեսախցիկը։ Այնուհետև կառավարության ղեկավարը «գուժեց» արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին, որն էապես բխում էր իրենց հաղթանակից. «Մեր թիմն ստացել է փոփոխություններ անելու քվեն, այդ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ՝ և՛ պատասխանատվությունը, և՛ համապատասխան ջանքերը, և՛ բոլոր մեր գործողությունները: Այնպես որ, ուրախացնում եմ ձեզ՝ մեր աշխատանքային ռեժիմը ավելի է ծանրանում»,-նախարարներին աչքալուսանք տվեց վարչապետը։



Հետո անցավ հանձնարարականներին և օրակարգի հարցերի քննարկմանը։ Օրինակ՝ տրանսպորտի նախարարին հանձնարարեց զբաղվել մարզային տրանսպորտի խնդիրներով։ Կարապետյանի խոսքով՝ հանրապետության մարզերի 97 տոկոսում հասարակական տրանսպորտ ընդհանրապես չկա։ «Այնտեղ պետք է երթուղիներ բացել, իսկ տենդերներում դրանք միավորել մեկ լոտում, որպեսզի ներդրողը հնարավորություն ունենա թարմացնել մեքենաները»,- հանձնարարեց վարչապետը։



Հետո գովեց իր մտերիմ կադրին՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին՝ նրա ղեկավարած կառույցի աշխատանքի առաջին հատվածը գնահատելով լավ։ «Սա ընդհանրապես աննախադեպ է, երբ որ մենք տարվա մեջ 2017 թվականի պլանը դրել էինք բավականին բարձր, պլանը գերակատարելու պարագայում մենք պլանը փոխում ենք»,- ասաց Կարեն Կարապեյանը:



Վերջում վարչապետը, սովորության համաձայն, բարձր տրամադրություն մաղթեց բոլորին այս «յուրահատուկ» պայմաններում․ «Բոլորին ցանկանում եմ լավ տրամադրություն այս արտակարգ իրավիճակներում, անցնում ենք գաղտնի ռեժիմին»։



Ձեզ ենք ներկայացնում կառավարության նիստից Hraparak.am-ի «արտակարգ» ֆոտոշարքը՝ «արտակարգ իրավիճակում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ