ՀԷՑ-ում «ռուբիլնիկային» մտածողություն ունեն, իսկ ցորենը փչանում է (ֆոտո)

ՀԷՑ-ում «ռուբիլնիկային» մտածողություն ունեն, իսկ ցորենը փչանում է (ֆոտո)

Եթե ծանոթ չլինես հայաստանյան իրականությանը եւ մեր երկրի մասին դատես վարչապետի հանձնարարականներով, բիզնեսին աջակցելու, ներդրումներ բերելու, տնտեսվարողի վիճակի մեջ մտնելու ելույթներով, կարող է սկսես հավատալ, որ աշխարհում ամենասրտացավ կառավարիչներն ունենք։ Բայց կառավարության շենքից դուրս այլ իրականություն է՝ ելույթների հետ կապ չունեցող։ 



Ավանում գտնվող «ՀՍՌ Ֆարինա»» ալրաղացն արդեն մի քանի օր է՝ փակ է։ 12 աշխատողներից միայն պահակն ու վարորդն են աշխատանքի գալիս, տիրոջը՝ Ռազմիկ Սարգսյանին, չհաշված։ Ինտերնետ ու հոսանք չկա, մակարոնեղենի արտադրամասը կանգնած է, պահակները գիշերը մոմի լույսի տակ հսկում են տարածքը։ Հումք կա՝ բարձրակարգ ցորենը նոր է բերվել Ռուսաստանից ու խնամքով պաշարված է ալրաղացի պատի տակ, բայց լույս չկա։ ՀԷՑ-ը երկու ամսվա պարտքը միանգամից է ուզում։ Մինչեւ վերջին կոպեկը չվճարեք, լույսը չենք միացնի՝ ասել են «Ցանցերից»։ Տնօրեն Ռազմիկ Սարգսյանը պատկառելի անձնավորություն է, տնտեսագետ, դասախոս։ Վստահեցնում է, որ պարտքերը պարտաճանաչ մուծում է, բայց՝ արտադրություն է, պատահում է, որ ազատ գումարներ չեն լինում։



«Երկու անգամ է եղել, որ հոսանքի փողն ուշացրել եմ՝ սեպտեմբերին եւ հիմա։ Փետրվարինը՝ 1 մլն․ 260 հազար, պետք է մուծեինք մինչեւ ամսի 20-ը։ Այսօր էլ էլեկտրիկն ինձ ասաց, որ մի 200 հազար էլ մարտի համար է եկել։ Հիմա երկու ամսվա գումարը միանգամից են ուզում։ Եթե մինչեւ այս ամսվա 17-ը չմուծենք, հոսանքը չեն միացնի»,- վրդովվում է Ռազմիկ Սարգսյանը։ Անցյալ անգամ էլցանցի անտարբեր վերաբերմունքի պատճառով 30 տոննա ցորենը փչացավ, մեծ վնաս պատճառելով տնտեսվարողին։ «Մի շաբաթ պահանջվեց, մինչեւ գումարի հարցը լուծեցինք։ 7 օր լվացված ցորենը մնաց ու հասունացավ։ Օրենքով ցորենը լվանալուց 4-5 ժամ հետո պետք է աղալ։ Իսկ այն ժամանակ մի շաբաթ մնաց։ Կորուստը շատ եղավ, ալյուրի մեջ եթե պետք է լինի 20 տոկոս անասնակեր, դարձավ 30-35, էն որակը չստացա»։ Այս պահին 18 տոննա ցորեն լցված է ալրաղացի պատի տակ։ «Ֆարինայով»» հետաքրքրված են իտալացի ներդրողները, տեղում էլ կան մարդիկ, որոնք ուզում են կապիտալ ներդնել այս արտադրամասում, բայց եթե գան ու կանգնած արտադրամաս տեսնեն, ո՞վ գումար կներդնի։ «Ասում եմ՝ ընկեր ջան, օղի չենք արտադրում, ծխախոտ չենք արտադրում, հաց ենք արտադրում, հոսանքը միացրեք, մի քանի օրում կփակենք պարտքը, մի բան էլ ավել կտանք։ Մեզ ասում են՝ ձեր պրոբլեմն ա»,- պատմում է սեփականատերը։ Ընդամենը մի ենթակայանի «ռուբիլնիկից» է կախված արտադրողի վիճակը։ Բայց ՀԷՑ-ի ղեկավարությունը «ռուբիլնիկային» մտածողությունից այն կողմ չի գնում։ «Հարկայինին ենք բոբոյի տեղ դրել, բա սրանց մասին ի՞նչ ասենք։ Սեփականատիրոջ մասին ինձ ասում են՝ ինքն ասել է՝ բարեկամս էլ լինի, մերժեք, հիմա իրենք իրենց ղեկավարին լավությո՞ւն են անում։ Եթե հիմա հոսանք լիներ, արտադրությունը չկանգներ, նորից աշխատեինք, նորից հոսանք գնեինք, սեփականատիրոջ համար վա՞տ կլիներ։ Մենք արտադրող ենք, վճարելու ենք, չէ՞, ո՞ւր ենք գնալու այս երկրից։ Էս 20 օրը եթե աշխատեինք, դա՞ էր օգուտ, թե՞ չաշխատելը, խիղճ է պետք ունենալ»։ Ռազմիկ Սարգսյանը մեծ վարկ է վերցրել, վարկով ներդրումներ է կատարել, դեռ 2 մլն․ դոլարի վարկ ունի փակելու։ Սա այն ներդրողն է, որի համար մերոնք գնում-հասնում են Ռուսաստան, հազարավոր դոլարներ են ծախսում, ցուցահանդես-վաճառքներ ու այլ PR միջոցառումներ են կազմակերպում նրան «ներգրավելու» համար, բայց ափսոսում են ընդամենը մի քանի օրով «ռուբիլնիկը»» միացնել։



«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը «Հրապարակի» հարցմանն ի պատասխան հայտնեց, որ պարտքեր ունենալու դեպքում կարող են դադարեցնել ընկերության աշխատանքը, սակայն նա կարող է դիմել ՀԷՑ-ի մասնաճյուղ, խնդրել, որոշակի գումար մուծել, որի դեպքում էլ կընդառաջեն նրան։ Փաստորեն, դիմել է, ու չեն ընդառաջում, Նատալյա ջան։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ