Ղուկասյան Վարդանն անցել է

Ղուկասյան Վարդանն անցել է

Այս օրերին Գագիկ Ծառուկյանը գրեթե միայնակ՝ փակված, որոշում է, թե ով պետք է «Ծառուկյան դաշինքից» անցնի խորհրդարան։ Դա է պատճառը, որ դաշինքի 31 պատգամավորներից գրեթե ոչ մեկը չի համարձակվում լիաբերան հայտարարել իր պատգամավոր ընտրվելու մասին։ Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրական տարածքում դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թեպետ գիտի, որ անցել է խորհրդարան՝ ըստ ԸՕ պահանջների, սակայն չի պնդում, որ անպայման ստանալու է պատգամավորի մանդատ։ Խանգարող հանգամանքների եւ խորհրդարան չանցնելու հավանականության հարցերը նա վարդանիկաբար շրջանցում է ու հորդորում համբերել։ «Դուք չե՞ք նայում ԿԸՀ-ն ինչ է ասում, ով է անցնում, ով չի անցնում, հիմա ինչի՞ եք դուք ինձ հարցնում... Դե, եթե գիտես, շատ լավ, էդպես էլ ներկայացրա՝ Ղուկասյան Վարդանն անցել է, էլ ի՞նչ ես ուզում»,- բորբոքվեց Գյումրու նախկին քաղաքապետը։ Նրան տեղեկացրինք, որ, մեր ունեցած տեղեկություններով, Ծառուկյանն է որոշում, թե ով կանցնի, ԿԸՀ-ն դրա հետ կապ չունի։ «Աղջիկ ջան, էլ բան ունե՞ս ասելու, դե համբերի, սպասի»,- ավելի զայրացավ Վարդանիկը։



Թեկնածուն գոհ է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից․ «Շատ լավ եմ ինձ զգում, ամեն ինչ լավ է, փառք Աստծու»: Նա խոստովանում է, որ ակտիվ քարոզարշավ չի անցկացրել, «օֆիսում նստած»՝ քարոզարշավ է անցկացրել եւ շատ ձայն հավաքել։ Արդյոք քարոզարշավ անելու պարագայում ավելի շատ ձայն չէի՞ք հավաքի ու առաջ չէի՞ք անցնի Ձեր թիմակից Վարդեւան Գրիգորյանից։ Ղուկասյանը կրկին իր ոճին հավատարիմ պատասխան է տալիս․ «Քարոզարշավ չարեցի ձեր համար, որ մի բան չկպցնեիք ինձ, որ շառով չտայիք»։
Հարցրինք՝ իսկ Շիրակում իշխանության թեկնածուներն ընտրակաշառք բաժանե՞լ են, վարչական լծակներ կիրառե՞լ են, սակայն Ղուկասյանը հակադարձեց, որ մենք «անգիր» գիտենք այդ մասին․ «Հիմա իմ բերանո՞վ ես ուզում լսել... Ամբողջ ժողովուրդը, հանրապետությունը գիտի այդ մասին»։



Նշենք, որ, ըստ ԿԸՀ տվյալների, Վարդան Ղուկասյանը հավաքել է 12 հազար 452 ձայն, «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածուներից նա երկրորդն է, զիջում է Մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանին, որն ստացել է 13 հազար 990 ձայն։ Սակայն Շիրակից դաշինքի քվոտայով երկու պատգամավոր է անցնում խորհրդարան։



ՀԳ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ թեեւ այս ընտրություններում թույլ չտվեցին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին մասնակցի, եւ նա այդ առիթով բավականին նեղված էր, բայց ընտրությունների արդյունքներից, ընդհանուր առմամբ, գոհ է, քանի որ ազատվելու է իր հավերժ ախոյան Վարդան Ղուկասյանի ներկայությունից, եւ ստացված ցածր ցուցանիշները «կոտրել» են մյուս վաղեմի հակառակորդին՝ Մարտուն Գրիգորյանին, ում, ըստ նախնական տեղեկությունների, որպես փոխհատուցում, փոխնախարարի պաշտոն են առաջարկելու, ինչը նշանակում է, որ նա նույնպես կտեղափոխվի Երեւան։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ