Ցուցահանդես՝ Թերլեմեզյանում

Ցուցահանդես՝ Թերլեմեզյանում

Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում բացվել է 4-րդ կուրսի ուսանողներ Շուշան Գեւորգյանի եւ Կարապետ Հաջի-Ասլանյանի ցուցահանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը, ով նշեց, որ թե Շուշանը, թե Կարապետը ճանաչված ու սիրված են քոլեջում, ավելին՝ նրանց անվանեց Թերլեմեզյանի էլիտայի ներկայացուցիչներ։ «Մեր քոլեջի էլիտայի անդամները շնորհքով ուսանողներն են»,-նկատեց նա ու հավելեց, որ երկու նկարիչներն էլ հստակ զգում են այն ժամանակը, որի մեջ ապրում են. «Մեր դատին ներկայացրել են աշխատանքներ, որոնք մեր կյանքն են, այն միջավայրն են, որտեղ ապրում ենք, որովհետեւ իրենք անհավատալի զգայուն են, եւ մշակութային օղակի՝ ժամանակ, զգացմունքներ հաղորդելու այդ դերակատարությունը լիարժեք կատարել են։ Նրանք, վստահորեն, խենթերի կատեգորիային են պատկանում, որովհետեւ նկարում են անընդհատ ու ամենուր, այսինքն՝ եթե ինչ-որ մեկին 5 րոպե քո տեսադաշտում չես տեսնում, ուրեմն ինչ-որ մեկին նստեցրել ու ճեպանկար են անում։ Ճիշտ է՝ նրանք իրենց ընտանիքներում չունեն դինաստիական նկարիչներ, բայց այնպես են նկարում, որ կարծես ծննդատնից իրենց տարել են ու մոլբերդի կողքը դրել։ Իսկ այս օրիորդը՝ Շուշանը, Վահան Տերյանի հետ նույն արմատից է սերում։ Կարծում եմ՝ ունենք կայացած ցուցահանդես, եւ ասեմ, որ Թերլեմեզյանի ցուցասրահում այդքան հեշտ չէ ցուցադրվելը, երբ մեզ համոզում են՝ նոր թույլ ենք տալիս ներկայանան հանրությանը»։ 



Կարապետ Հաջի-Ասլանյանը ցուցահանդեսին ներկայացրել է իր ամենասիրած աշխատանքները, ընտրությունը դասախոսների հետ է արել, ասում է՝ կառանձնացնի իսպանական շարքը, որը տեղում է նկարել։ Սիրում է տարբեր ոճերում աշխատել, բայց ավելի հարազատ է գեղանկարը՝ յուղաներկի տեխնիկան։ Հայկական գեղանկարչական դպրոցից սիրում է Սարյանին, իսկ համաշխարհայինից՝ Ռեմբրանդին, Դեգային։ «Ես սիրում եմ արագ աշխատել, պահի զգացողությունը հանձնել թղթին, այդպես ավելի հետաքրքիր է ստացվում»,- ասում է նա։



Շուշան Գեւորգյանի համար՝ կախված տրամադրությունից, փոխվում է նաեւ տեխնիկայի ընտրության հարցը, որը կարող է եւ հեշտ տրվել, եւ դժվար։ Շուշանը նկատում է՝ յուղաներկը թանկ հաճույք է եւ մեծ գումարներ է պահանջում, ինչը չես ասի գրաֆիկական աշխատանքների մասին, որի համար կարող է մի գրիչն էլ բավարար լինել։ Նրան, գեղանկարչությունից բացի, շատ է հետաքրքրում նաեւ բեմանկարը, ուզում է իրեն փորձել նաեւ թատրոնում։ «Հենց չեմ իմանում ինչ անեմ, հիմնականում նայում եմ Լոտրեկ, Դեգա, Շիլե, Շագալ»,- ասում է նկարչուհին ու հավելում, որ ունի նաեւ այնպիսի գործեր, որոնց վրա չի շարունակել աշխատել՝ ցանկանալով ցույց տալ ընթացքը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ