Ընդդիմադիրներն ընդդիմադիրներին չեն աջակցի

Ընդդիմադիրներն ընդդիմադիրներին չեն աջակցի

Երկու օրից՝ ապրիլի 21-ին, կմեկնարկի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Այս ընտրությունների ինտրիգներից մեկը մասնակիցների սակավաթիվությունն է, հատկապես նրանց, որոնք ընդամենը շաբաթներ առաջ մասնակցում էին խորհրդարանական ընտրություններին, առավել եւս՝ խորհրդարան անցածների մասին է խոսքը, որոնք, թվում է, պետք է ոգեւորված լինեին ապրիլի 2-ի հաջողություններով եւ առավել եռանդուն մասնակցեին ընտրություններին։ Իսկ պարտություն կրած ուժերն էլ պետք է փորձեին ռեւանշի գնալ եւ 5 տարվա անդորրից առաջ վերջին շանսն օգտագործել։ Ավաղ՝ քաղաքական ուժերն ապաքաղաքական մոտեցում դրսեւորեցին, հաստատելով այն կասկածները, որ իրենց որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում, որտեղ որոշեցին խնայողության նպատակներով փոքրացնել մրցակցությունը եւ մրցակից ուժերին ասպարեզից հանել դեռ նախընտրական փուլը չսկսված։



Այնուամենայնիվ հետաքրքիր է՝ առաջադրված երեք ուժերից որի՞ն են աջակցելու ընդդիմադիր ուժերը՝ ՀՀԿ-ի՞ն՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, «Ելք»-ի՞ն, որի ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, թե՞ Զարուհի Փոստանջյանին, ով «Երկիր ծիրանիի» նորաթուխ ցուցակն է առաջնորդում։



ՀՅԴ-ն, բնականաբար, կաջակցի ՀՀԿ-ին, ուստի առանձնահատուկ հետաքրքրվելու անհրաժեշտությունն էլ չկա։ Ուշագրավը «Ծառուկյան դաշինքի» որոշումն է, որը դեռ պարզ չէ։ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, ԱԺ պատգամավորության թեկնածու Իվետա Տոնոյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, իսկ այդ հարցը չեն քննարկել, ու թեեւ խոստացավ ճշտել ու կապվել մեզ հետ, բայց չկապվեց։



Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը, ի դեպ, կոշտ հայտարարություն էր տարածել ավագանու ընտրություններին չմասնակցելու իրենց որոշման առիթով՝ պատճառաբանելով ապրիլի 2-ի կեղծված ընտրությունները, նույնպես որեւէ ուժի աջակցելու որոշում չունի։ Կուսակցությունում չեն քննարկել այդ հարցը։ «Պարտադիր չէ»,- ասաց ՀՎԿ-ի խոսնակ Էդգար Առաքելյանը՝ նկատի ունենալով աջակցելը։



Հնարավո՞ր է, նկատի ունենալով ավագանու ընտրություններին չմասնակցելու հիմնավորումը, ՀՎԿ-ն կուսակիցներին բոյկոտի կոչով դիմի՝ հետաքրքրվեցինք Առաքելյանից։ «Իհարկե՝ ոչ»,- ասաց խոսնակը։ «Կուսակցությունը, որպես քաղաքական կառույց, որոշել է չմասնակցել, իսկ կուսակցականները, որպես ՀՀ քաղաքացիներ, իրենք կորոշեն ինչպես վարվել»։ Չաջակցելով որեւէ ընդդիմադիր ուժի, չի՞ ստացվում իշխանությանն անուղղակի աջակցություն։ «Մեզ մոտ խնդիր չենք դրել չպաշտպանել, նման հարց մեզ մոտ չի քննարկվել, մենք պարզապես հայտարարել ենք չմասնակցելու մասին»,- իր տեսակետին մնաց ՀՎԿ խոսնակը։



«Ավագանու ընտրություններում որեւէ մեկին սատարել-չսատարելու հարց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում չի քննարկվել, իսկ մեր կուսակիցներն ու համակիրներն իրենց ազատ կամարտահայտմամբ կարող են ընտրություն կատարել»,- պատասխանեց «ԱԴ» փոխնախագահ Անժելա Խաչատրյանը՝ ընդգծելով, որ կուսակիցներին կոչով դիմելու անհրաժեշտություն չկա։



Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անցած շաբաթ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, հիշեցնելով, որ իր ղեկավարած ուժը Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու, զորակցություն է հայտնել մասնակցող ընդդիմադիրներին: Ինչպիսի՞ն է լինելու այդ զորակցությունը՝ հարցրինք կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանին։ ««Ժառանգությունն իր հանձնաժողովականներով, որոշ տեղերում՝ քարտուղարներով ու հանձնաժողովի նախագահներով, հետեւելու է, որ որքան հնարավոր է՝ օրենքի տառին համապատասխան ընտրություններ լինեն, ինչպես խորհրդարանական ընտրություններին ենք արել, այսինքն՝ պաշտպանելու է ընդդիմադիրների ձայները»,- ասաց «Ժառանգության» վարչության անդամը։ Նա, որպես «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» ներկայացուցիչ, տեղեկացրեց նաեւ, որ ՕՐՕ-ն որեւէ ուժի աջակցելու որոշում չունի, որովհետեւ կարծում է, որ «անիմաստ է ընտրակեղծիքների, քվեի առեւտրի պայմաններում որեւէ գործընթացի մասնակցել»։ Անձամբ Մուրադյանը կողմ է բոյկոտի տարբերակին․ «Սա եզակի հնարավորություն էր ՀՀԿ-ին թողնելու մենակ՝ ինքն իր տեսակի մեջ, այդ պարագայում նա ինքն իր հետ էր քարոզարշավ անելու, բանավիճելու, պայքարելու, վերջում էլ միայնակ ընտրության մասնակցելու, ինքը պատային իրավիճակ էր առաջացնելու»։
Նշենք, որ ապրիլի 21-ին մեկնարկելիք նախընտրական քարոզարշավը կավարտվի մայիսի 12-ին:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ