Ո՞ւմ կարող է առաջադրել ընդդիմությունը ՄԻՊ-ի պաշտոնում

Ո՞ւմ կարող է առաջադրել ընդդիմությունը ՄԻՊ-ի պաշտոնում

Հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը չունի մարդու իրավունքների պաշտպան: Իշխանությունները ՄԻՊ-ի թեկնածուի հարցում տատանվում են, թեկնածու չեն կարողանում առաջադրել, եւ առաջին ժամկետը, որը սահմանում է Սահմանադրությունը՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար, բաց է թողնված։ Սպասենք, թե երկրորդ տասնօրյակում իշխանությունն ում կառաջադրի ՄԻՊ պաշտոնի համար։ Ուշագրավ է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ թեկնածու չեն առաջադրում: Տպավորություն է, թե վերջնականապես թեւաթափ են եղել, եւ քանի որ իրենց թեկնածուն չի կարող ընտրվել, որոշել են ձեռնպահ մնալ նաեւ առաջադրելուց: Չնայած այդ լուրջ ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու ունակ թեկնածուներ շատ կան, մանավանդ՝ ընդդիմադիր դաշտում, որոնք կարող են պատվով կատարել մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, սակայն թե ինչու ընդդիմադիրները ձեռնամուխ չեն լինում այս գործին, առնվազն անհասկանալի է: Մենք զրուցել ենք մի քանի պոտենցիալ թեկնածուների հետ․ եթե խորհրդարանական ընդդիմությունն առաջադրի իրենց թեկնածությունը, կհամաձայնե՞ն, թե՞ ոչ:

Սիրանուշ Սահակյան

Ես չեմ համաձայնի ստանձնել ՄԻՊ-ի պաշտոնը, կան մի քանի գործոններ, որոնց ուժով էլ իմ թեկնածությունը քննարկվել չի կարող: Ընդհանուր երկրի վիճակից, ինստիտուտների կայացվածությունից սկսած, վերջացրած փոխադարձ շփումներով այլ մարմինների հետ, մինչեւ քաղաքական մշակույթ, ավելի կոնկրետ` քաղաքական մշակույթի բացակայություն: Այս պրոցեսը մեծապես քաղաքականացված է, ՄԻՊ-ի թեկնածուի ընտրությունը կախված է լինելու մեկ քաղաքական ուժից: Խորհրդարանական ընդդիմության հետ թեկնածու ընտրելու մշակույթը վերջին տարիներին չի կայացել: Այդ առումով ես տեսնում եմ նաեւ խոցելիություն` ապագա ՄԻՊ-ի մասով, ինչո՞ւ ոչ, ազդեցություն ունեն անձնական հանգամանքները, նախաձեռնությունները, այդ պատճառով էլ իմ անձնական ծրագրերն այս պահի դրությամբ անհամատեղելի եմ համարում: Զերծ կմնամ անուններ նշելուց, սակայն կասեմ, որ նման կադրեր կան, ընդ որում` երիտասարդ եւ միջին տարիքային խմբերից, որոնք երկարատեւ իրավապաշտպանական գործունեություն են ծավալել, ցուցաբերել են անկախ եւ սկզբունքային աշխատաոճ: Ունեն նաեւ միջազգային ճանաչում: Եթե ցանկանում են մեծացնել այդ ինստիտուտի դերը, ապա ՄԻՊ-ը պետք է հենց այդպիսի մեկը լինի:

Ռուբեն Մելիքյան

Ընդդիմության գործողություններից տեղյակ չեմ այս մասով, սակայն խնդիրը հետեւյալն` «Քաղպայմանագիրն» ունի միանձնյա որոշում կայացնելու հնարավորություն, թեեւ ՄԻՊ-ի պարագայում նախատեսված է ավելի բարձր շեմ, սակայն այդ բարձր շեմն այնքան բարձր չէ, որ իշխող ուժն ունենա թեկուզ մեկ ընդդիմադիր պատգամավորի քվեի կարիք: Նա միանձնյա որոշում է կայացնելու: «Քաղպայմանագիրը» պատրաստ չէ այս հարցում ընդդիմության դիրքորոշումը հաշվի առնել, ո՛չ իրավական եւ ո՛չ էլ քաղաքական նախադրյալներ չկան, որ ընդդիմության ՄԻՊ-ի թեկնածուն կարող է գոնե 1 տոկոս ունենալ շանս՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար: Ամեն ինչ շատ բաց է, ովքեր աչք ունեն՝ տեսնում են, ովքեր ականջ ունեն` լսում են, ամեն ինչ հստակ է ու պարզ: Իշխանությունների կողմից նշանակվելիք ՄԻՊ-ի լեգիտիմության մասով կարող են բազմաթիվ հարցեր առաջանալ: Անձամբ ես պատրաստ չեմ, որպեսզի իմ թեկնածությունը ներկայացվի, օրինակ, Հովիկ Աղազարյանի կամ Գուրգեն Արսենյանի դատին: Ես անձամբ դրան պատրաստ չեմ: Այդ մարդիկ հակապետական են, հակապետական է առհասարակ այդ քաղաքական ուժը: Գնալ կանգնել եւ ակնկալել հակապետականների քվեն, ինձ համար անընդունելի է: Ես տեսնում եմ մարդկանց, որոնք կարող են աշխատել որպես ՄԻՊ: Արման Թաթոյանն ունեցել է բարձր վարկանիշ, ես կուզեմ նրան տեսնել այդ պաշտոնում, սակայն խիստ կասկածում եմ, որ Թաթոյանն այս պայմաններում կհամաձայնի ընդունել այդ առաջարկը:

Կան նաեւ այլ մարդիկ, որոնք ակտիվ իրավապաշտպանական գործունեությամբ են զբաղվել, օրինակ` Ավետիք Իշխանյանը: Մարդու իրավունքների պաշտպանի հեղինակությունը պետք է բավականին բարձր լինի, չեմ խոսում ճանաչված լինելու մասին: Քրիստինե Գրիգորյանն ուներ նման խնդիր: Հիմա էլ ինչ-որ անուններ են շրջանառվում, որոնց գոյության մասին առաջին անգամ ենք լսում: Այս տեսանկյունից նշեցի երկու թեկնածուի անուն` Արման Թաթոյան, Ավետիք Իշխանյան, նրանք հանրային բարոյականության տեսանկյունից նաեւ իրավունք ունեն հավակնելու այս ծանր առաքելությունը ստանձնելու գործում: Նրանք պատկերացնում են, թե ինչ է իրենից ներկայացնում ՄԻՊ-ը: Իրականությունը, սակայն, լրիվ այլ է: Իշխող ուժը դա համարում է շարքային սովորական մի պաշտոն: Կարծում եմ՝ արդեն իրենց իսկ հերթական թիմակցին որոշել են այդ պաշտոնում նշանակել: Նման պայմաններում մասնակցել այս պրոցեսին՝ կնշանակի գիտակցված կերպով մասնակցել մի գործընթացի, որն ամենեւին չի կարող արդյունք ունենալ, ավելին՝ կանխատեսելի է, սակայն ոչ ի օգուտ ընդդիմության:

Լարիսա Ալավերդյան

ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրվելու համար մեծ նշանակություն ունեն տարիքն ու առողջական վիճակը, իմ թեկնածությունը պետք չէ առաջադրել այդ պաշտոնում: Արդյո՞ք քաղաքական պայքարի մեջ մտած ուժը չպետք է օգտվի այս հնարավորությունից, չառաջադրելով իր թեկնածուին: Ինչո՞ւ չեն առաջադրում ՄԻՊ-ի թեկնածու ընդդիմադիրները: Այս ընտրությունը կարեւոր չէ նրանով, թե ում կընտրեն, այստեղ կա բուն մրցակցային խնդիր, այն է, թե ինչ կասի թեկնածուն, ինչ դիրքորոշում կհայտնի, ինչպես կխոսի իր ծրագրերի մասին. դա պայքարի մի ձեւ է, պետք է արտահայտվել: Ես այս առումով գտնում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է իր թեկնածուն առաջադրի: Կառաջարկեմ Արման Թաթոյանի եւ Ռուբեն Մելիքյանի թեկնածությունը: Նրանք ունեն բարձր մակարդակ: Օրինակ` Արտակ Բեգլարյանը մեծ պատվով իր առաքելությունը կատարեց Ռուբեն Մելիքյանից հետո: Արման Թաթոյանը լավագույն տարբերակն է: Նա տեւական ժամանակ եղել է Հայաստանի ՄԻՊ-ը եւ այսօր էլ կարող է առաջադրվել այդ պաշտոնում: Դա ինձ համար սկզբունքային հարց է: ՄԻՊ-ի թեկնածուն պետք է մեծ ճանաչում ունենա: Ընդդիմադիրները համոզված են, որ իրենց կողմից առաջադրված թեկնածուն չի ընտրվելու, սակայն ես գտնում եմ, որ այդ մոտեցումը սխալ է: Ինքս էլ լինելով ընդդիմադիր գործիչ՝ չեմ կարծում, թե դա ճիշտ որոշում է: