Ֆրանսիան, իհարկե, մեր բարեկամն է, բայց…

Ֆրանսիան, իհարկե, մեր բարեկամն է, բայց…

Վերջին շրջանում քաղցրացող հայ-ֆրանսիական հարաբերությունները մտահոգիչ հետեւությունների տեղիք են տալիս: Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ երկար տարիների պատմություն ունի: Պատմական տարբեր ծանր ժամանակաշրջաններում Ֆրանսիան եղել է մեր կողքին՝ հումանիտար տարբեր օգնություններ է ցուցաբերել Հայաստանին: Հիմա էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարբերաբար անում է  հայամետ ու հակաադրբեջանական հայտարարություններ, Արցախյան հարցի շուրջ ունի հայանպաստ դիրքորոշումը: Մեծ շուքով ու հանդիսավորությամբ վերահուղարկավորվեց Միսաք Մանուշյանը: Այս տարվա փետրվարին պաշտպանական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքվեց նաև Երևանի ու Փարիզի միջև: Հայաստան ժամանեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և հայտարարեց՝ նախագահ Էմանուել Մակրոնի որոշումն է, որ Ֆրանսիան պետք է աջակցի Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Այս ամենն, իհարկե, հաճելի է, հոգի ու աչք շոյող: Բայց,իրականում ինչ կտա այս ամենը Հայաստանին՝ ռեալ հողի վրա: Ֆրանսիան իսկապե՞ս այնքան է «սիրում» Հայաստանին ու հայերին, որ պատրաստ է մինչեւ վերջ պաշտպանել մեզ, պայքարել մեզ համար, եւ դուրս գալ ադրբեջանաթուրքական տանդեմի դեմ՝ հանուն Հայաստանի: Թե՞ այս ամենի տակ կա թաքնված այլ նպատակ…

Ֆրանսիայի հայկական սփյուռքի դերը

Ինչ խոսք, ֆրանսիական իշխանությունների այս հայանպաստ քայլերի մեջ մեծ ներդրում ունի Ֆրանսիայի հայկական սփյուռքը, որի կառույցները երկար տարիներ աշխատելով երկրի իշխանությունների հետ, կարողացել են նրանց բերել մեր՝ հայկական դաշտ: Այս հայամետ քայլերը նիկոլական իշխանության շնորհիվ չեն: Հայերը Ֆրանսիայում տարիներ ի վեր աչքի են ընկել իրենց տաղանդով, բարձր մշակույթով, ազնվականությամբ: Ուստի շատ արագ դարձել են եվրոպական քաղաքակրթության մի մասնիկը եւ իրենց ազդեցությունն են թողել Ֆրանսիայի կյանքի տարբեր ոլորտներում: Այդ պատճառով էլ Ադրբեջանի ու նրա կամակատար հայկական իշխանությունների կողմից թիրախավորված են այդ համայնքի կարկառուն ներկայացուցիչները: 

Կիլիկիայի ճակատագիրը ու հայկական գաղութի արմատները

Թե որքանով Ֆրանսիան կարող է դառնալ Հայաստանի «անվտանգության բարձիկը», ինչպես կարող է պաշտպանել թուրք-ադրբեջանական հարձակումներից, կարող ենք ենթադրել՝ վերհիշելով պատմության դառը փորձը: 1920թ. օգոստոսին Ադանայում Ազգային խորհուրդը  հռչակեց Կիլիկիայի անկախությունը՝ Կիլիկիան հռչակվեց Թուրքիայից  անկախ, ազատ երկիր` Ֆրանսիայի մանդատի տակ: Սակայն ֆրանսիացիները  դրժեցին իրենց խոստումը. պայմանավորվածություն ձեռք բերեցին քեմալականների հետ: Հայկական լեգեոնը ցրելով` ֆրանսիացիները թուրքերի առաջ բացեցին դեպի Կիլիկիա տանող ճանապարհները: 1921թ. հոկտեմբերի 20-ին  Անկարայում ստորագրվեց թուրք-‎ֆրանսիական համաձայնագիրը, որով կողմերը դադարեցնում էին պատերազմական գործողությունները, իսկ ֆրանսիական զորքերը երկու ամսվա ընթացքում պետք է դուրս բերվեին Կիլիկիայից: Համաձայն այդ պայմանագրի,  ֆրանսիական ուժերը դուրս եկան Կիլիկիայից՝ միայնակ  թողնելով տեղի հայերին։ Այսպիսով, 1921 թ-ի պայմանագրով Ֆրանսիան Կիլիկիան հանձնեց Թուրքիային: Հայերի մի մասը ենթարկվեց դաժան ջարդերի, ոմանք էլ ֆրանսիական զորքերի հետ արտագաղթեցին Ֆրանսիա՝ այնտեղ մեծացնելով հայկական համայնքը: Այսօրվա Ֆրանսիայի հայկական համայնքի մեծ մասը Կիլիկիայից գաղթած հայերի զավակներն են: 

Այս պատմական դառը փորձից հետո սպասել, որ Ֆրանսիան Հայաստանը պաշտպանելու է նույն բարբարոսներից, միամտություն կլինի…

Մակրոնը, անգամ եթե շատ ցանկանա, չի կարող…

Ֆրանսիայի եւ եվրոպական մյուս երկրների գերնպատակը ոչ թե Հայաստանին հովանու տակ առնելն ու պաշտպանելն է, այլ՝ Ռուսաստանին վնասելը, տարածաշրջանից դուրս մղելը եւ նրա դեմ պատերազմական նոր ճակատ ստեղծելը: Իսկ դա Հայաստանի համար կլինի կործանարար: Անգամ, եթե ընդունենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նպատակներն ազնիվ են՝ զուտ Հայաստանի ճակատագրով մտահոգ, ապա, մեծ ցանկության դեպքում էլ Մակրոնը չի կարող այս տարածաշրջանում եղանակ փոխել, քանի որ ֆրանսիական նավերը չեն կարող գալ հասնել հայկական սարերը՝ հենց թեկուզ մեր աշխարհագրական դիրքի եւ մեր հարեւանների գործոններով պայմանավորված: Եվ երկրորդ, Ֆրանսիան առանձին գործող անկախ աշխարհաքաղաքական գործոն չէ, որ ինքնուրույն նման բաներ որոշի ու անի: Ֆրանսիան ինքը պաշտոնական Բրյուսելին ենթակա պետություն է: Բրյուսելում են որոշվում, թե որտեղ ինչ ռազմական տեղաշարժ կարող է լինել եվրոպական երկրների կողմից: Նույնը կլինի Հայաստանի պարագայում. Եվրոպան թույլ չի տա, որ ադրբեջանաթուրքական «եղբայրության» դեմ Ֆրանսիան ռեալ մեծ քայլեր անի,  լուրջ ռազմատեխնիկա ուղարկի, քանի որ Եվրոպայի համար Թուրքիան կարեւոր պետություն է, եւ Եվրոպայի նպատակն է Ռուսատանից դուրս մղելուց հետո հենց Թուրքիային դարձնել տարածաշրջանում որոշիչ պետությունը: