ՔՊ վստահված անձն ինչ-որ մարդկանց հետ է հանդիպում, բերում-տանում

ՔՊ վստահված անձն ինչ-որ մարդկանց հետ է հանդիպում, բերում-տանում

«Մշտական հիմունքներով տեղակայված դիտորդներ ունենք ավելի քան 70 ընտրատեղամասերում»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայաքվե» դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Մենուա Սողոմոնյանը։ Նա նշեց, որ բացի մշտական դիտորդներից, իրենք էլ են շրջում` քաղաքի ընտրատեղամասերի մեծ մասում կշրջեն, կհետևեն ընտրություններին։

«Անձամբ որ ականատես եմ եղել ու լսել եմ, առաջին մտահոգիչ հանգամանքն այն էր, որ մարդիկ կան տարբեր տեղամասերի մոտ, կանգնած են, անընդհատ ինչ-որ մարդկանց հետ են հանդիպում, գնում-գալիս, դիմավորում, բերում՝ այսպիսի վիճակ։ Կոնկրետ մի քանի դեպքերի վերաբերյալ այդպիսի ահազանգ է եկել, որ «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձ է, որ անընդհատ այսպես դրսում գնում-գալիս, նայում է, մարդկանց հետ խոսում, անընդհատ ելումուտ անում»,- ասաց Սողոմոնյանը։

Նա նշեց, որ ուղղորդման, նախապես զանգելու, պայմանավորվելու մասով մտահոգություններ կան, որովհետև մի քանի տեղամասերի մոտ ինքն է անձամբ տեսել նման երևույթ։ «Մի քանի տեղամասերի մոտ կոնկրետ ես եմ տեսել այդպիսի բաներ, որ նույն վստահված անձը բեյջով դուրս է գալիս, զանգեր է կատարում, հետո մարդիկ են մոտենում, խոսում, գնում են»,- ասաց Սողոմոնյանը։

«Հայաքվեի» թեժ գծին ահազանգեր են ստացել տարբեր տեսակի խախտումների մասով, օրինակ, տեղամասերից մեկում վստահված անձին թույլ չեն տալիս նայել սարքավորման թվերը, մյուս տեղամասում սենյակն ու դրա կահավորումն այնպիսին է, որ վստահված անձինք ու դիտորդները չեն կարողանում նորմալ հետևել գործընթացին՝ խորշի, նիշայի մեջ է տեղակայված։

«Մեկ այլ տեղամասում լարված վիճակի մեջ են պահում։ Օրինակ, դիտորդն ուզում է ինչ-որ մի բան նայել, նկարել՝ չոր արձագանքում են: Ճնշող բաներ այդպիսի լինում են և այդպես շարունակ»,-ասաց դիտորդական առաքելության շտաբի ղեկավարը։ Նա նշեց, որ մոտ քսան հոգով շրջում են Երևանի ընրատեղամասերով և գրանցում խախտումները: