Ըստ երևույթին՝ Զասը անվտանգային օգնության մասին էր խոսում. Ստեփան Դանիելյան

Ըստ երևույթին՝ Զասը անվտանգային օգնության մասին էր խոսում. Ստեփան Դանիելյան

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

-Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրն օրերս Հայաստան էր ժամանել եւ հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ: Իսկ օրեր առաջ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էր նրա հետ հանդիպել: Ինչո՞վ է պայմանավորված Մուրի հետ հանդիպումների այս ակտիվ ընթացքը:

- Մենք չենք կարող իմանալ, թե ինչ են խոսել, ընդամենը կարող ենք ենթադրություններ անել, սակայն կարծես թե պարզ է, որ ԱԽ քարտուղարը ՀՀ վարչապետից ինչ-որ առաջարկ է տարել Լոնդոն, և այդ առաջարկն ավելի լուրջ կերպով քննարկելու համար Ռիչարդ Մուրը եկել է Երևան, ինչ-որ հստակեցումներ անելու համար, որպեսզի աշխարհաքաղաքական գործարք կնքվի: Ես այդպես եմ հասկանում այդ այցը:

-Մուրի մասին տարատեսակ տեղեկություններ են պտտվում՝ ասում են՝ Էրդողանի մտերիմ ընկերն է:

- Մուրը Թուրքիայում եղել է դեսպան, տիրապետում է թուրքերենին և, ըստ նույն թուրքական մամուլի, անձամբ մոտ հարաբերություններ ունի Էրդողանի հետ և, ըստ նույն աղբյուրների, մեծ դեր է ունեցել արցախյան պատերազմի կազմակերպման գործում, բրիտանական խորքային պետության ազդեցիկ դեմքերից է:

-Մուրի նման պաշտոնյաների հետ հանդիպումները միջազգային պրակտիկայում նորմա՞լ են համարվում՝ հատկապես Ձեր նշած դերակատարման պարագայում:

-Առհասարակ, նման հանդիպումները պարտադիր են՝ հատկապես Բրիտանիայի նման երկրի հատուկ ծառայությունների հետ: Դա նորմալ պրակտիկա է հատկապես այն երկրների ծառայությունների հետ, որոնք քո շահերի դեմ են գործում: Այդտեղ ոչ մի անթույլատրելի բան չկա, այլ հարց է, թե ինչ են պայմանավորվում: Արդյոք դա Հայաստանի շահերի՞ց է բխում, թե՞ Ադրբեջանի ու Թուրքիայի, ու գինը Սյունիքի վրա նրանց վերահսկողությանը չի վերաբերում՝ դա է խնդիրը:

-Արդյոք այցը տեղավորվո՞ւմ էր Ռուսաստանի ու Իրանի դեմ Արևմուտքի քաղաքականության ծիրում:

- Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական հարթությանը, ապա ակնհայտ է, որ Բրիտանիան Ռուսաստանի ու Իրանի դեմ գործող հիմնական խաղացողներից է, և դա իրենք չեն էլ թաքցնում:

-Այսօր տեսակապով հանդիպման ժամանակ ՀԱՊԿ քարտուղար Զասը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ օգնության փաթեթ են առաջարկել Հայաստանի իշխանություններին, և հայկական կողմը դեռ կարող է ընդունել այդ առաջարկը: Ի՞նչ առաջարկի մասին կարող է խոսք գնալ:

- Զասի հայտարարությունը նշանակում է, որ նա դիմում է հանրությանը, որովհետև նման բաները փակ ռեժիմով են հայտնում: Եթե դա հրապարակային է ասվում, ուրեմն արդեն անիմաստ են համարում փակ խողովակով խոսելը, առավել ևս, որ դա, ըստ երևույթին, անվտանգության հետ կապված օգնություն է: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն արդեն չի կարելի համարել վստահելի, միմյանց այլևս չեն վստահում: Նաև, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը ցանկանում է ՄԱԿ-ից ստանալ խաղաղապահների մանդատը:

-Ընդհանուր առմամբ, Զասի հայտարարությունները Հայաստանի մասով ի՞նչ ուղերձներ էին կրում իրենց մեջ:

-Ըստ երեւույթին, այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը թուլացած է, սակայն չի պատրաստվում լքել ռեգիոնը։ Նրանք չեն վստահում Հայաստանի կառավարությանը, միեւնույն ժամանակ Իրանի հետ սկսել են ռազմատեխնիկական սերտ համագործակցություն ու Հայաստանն այստեղ կարեւոր օղակ են դիտարկում։