Արմեն Սարգսյանը Հայաստանին նայում է մատների արանքով

Արմեն Սարգսյանը Հայաստանին նայում է մատների արանքով

ՀՀ նախագահի գործունեությանը հետեւելիս դժվար է հավատալ, որ նա քայքայված, պատերազմի ու տարածքային ահռելի կորուստների առաջ կանգնած երկիր է ներկայացնում, որտեղ վերջին տարում 10 հազարից ավելի մարդիկ մահացել են հիվանդության եւ պատերազմի հետեւանքով: 
Նա ուրախ մարդուկի դերի մեջ է, որը պերմանենտ ժպտում է ու ինչ-որ բան է բաժանում՝ պաղպաղակ, մեդալներ: Ընդ որում՝ կարեւոր չէ, թե ում է բաժանում իր բարիքները, երբ եւ ինչի համար: Կարեւորը պրոցեսն է, հանդիսությունը: 

Նախարարի հրամանագրերից իմացանք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը փաստացի տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, պատերազմի հետեւանքով տուժած զինծառայողներին եւ խաղաղ բնակչությանը «բժշկական եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում» անձնվիրություն է ցուցաբերել:  
Սովորաբար պետական պարգեւները շնորհվում են պետական կամ մասնագիտական տոների կապակցությամբ: Արմեն Սարգսյանը խախտեց ավանդույթը՝ ընտրելով մի հասարակ օր՝ մայիսի 24-ը: Այդ օրը երկու մարդ մահացավ կորոնավիրուսից:  

Քաղաքակիրթ երկրում, եթե մահերի թիվը մոտենար 6 հազարի, իսկ հաստատված դեպքերինը՝ 300 հազարի, առողջապահության նախարարության բոլոր աշխատողներին տուն կուղարկեին ու նոր կազմ կհավաքեին: Թայվանում, երբ մայիսի սկզբին մեկ օրում 5 նոր դեպք էին ունեցել, նրանց առողջապահության նախարարը SOS էր հնչեցրել հեռուստատեսությամբ եւ հայտարարել, որ կանոնները խստացվելու են:  

Մեզ մոտ վարակի տարածումը չկանխելը անձնվիրություն է համարվում, հերոսություն, որի համար առողջապահության նախարարը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ ստացավ: 

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար: Երեւի Արմեն Սարգսյանը նշանակալի ծառայություն է համարել «Աստրա Զենեկա» պատվաստանյութի գովազդը, որով տեսախցիկների առաջ հերոսաբար պատվաստվեց առողջապահության նախարարը: 

Բայց ինչո՞ւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ տվեցին Ավանեսյանի տեղակալ, նախկին հարկային տեսուչ Արտյոմ Սմբատյանին ու առողջապահության նախարարի նախկին տեղակալ, տնտեսագետ Շավարշ Գեւորգյանին, ոչ ոք չգիտի: Նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանին ու Գեւորգ Սիմոնյանին էլ Արմեն Սարգսյանը Մխիթար Հերացու անվան մեդալ է շնորհել: 

Բանն այն է, որ այս մեդալով, նշածս օրենքի համաձայն, պարգեւատրվում են քաղաքացիական եւ զինվորական բժիշկները, բուժքույրերը, բուժակները, դեղագետները, դեղագործները, բժշկագիտության ոլորտում նշանակալի գործունեություն ծավալած այլ անձինք, ինչպես նաեւ բարեգործները:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին այդ մեդալով պարգեւատրվել են Գյումրու ուռուցքաբանության դիսպանսերի բժիշկ Ալեքսանդր Գրիգորյանը, Մարտունու հիվանդանոցի մանկաբույժ Ատոմ Մանուկյանը, Ագարակի հիվանդանոցի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ Հանրի Արսլանյանը, թիվ 2 բուժմիավորման մանկաբույժ Զարինե Կոջոյանը, անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը, պլաստիկ վիրաբույժ Արտո Սահակյանը, որը, ի դեպ, նաեւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել, հայտնի վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը, անգամ մի սովորական լաբորանտ Վարդենիսի հիվանդանոցից՝ Մարիետա Մելիքյանը կարող էր նախագահի կողմից Հերացու անվան մեդալ ստանալ: 

Կարեւորը մարդու անձնվեր ծառայությունն էր պետությանը, նշանակալից մասնագիտական նվաճումները, ներդրումը: Բայց ոչ մի նախարարի տեղակալ Հերացու անվան մեդալ չի ստացել: 
Առողջապահության նախարարի տեղակալներ Նանուշյան Լենան եւ Սիմոնյան Գեւորգը, որոնց անունները նույնիսկ չեն հիշվում, ո՛չ բժիշկ են, ո՛չ բուժքույր, ո՛չ բարեգործ, ո՛չ էլ գոնե լաբորանտ:
Արմեն Սարգսյանը պարգեւատրվողներին խոսք ուղղեց հանդիսության ժամանակ: Ասաց. «Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում եւ դրանից հեռու, հիվանդանոցում, հոսպիտալում, ռազմի դաշտում, շատ տարբեր պայմաններում»: 

Եթե սա գնահատվում է, ապա որպես ՀՀ քաղաքացի՝ ես կուզեի պարգեւատրվածների թվում տեսնել, օրինակ, բժիշկ, փորձառու վիրաբույժ Տարոն Տոնոյանին, որը պատերազմի առաջին օրերից առաջնագծում է եղել: Բայց պարգեւատրվողների ցանկում Տարոնը չկա: Ինչո՞ւ: Որովհետեւ ընդդիմադիր հայացքնե՞ր ունի: 

Երեւի Արմեն Սարգսյանը չի էլ խորացել: Արմեն Սարգսյանն առհասարակ չի խորանում: Նա Հայաստանին նայում է մատների արանքով, ինչպես պաղպաղակ բաժանող այն զվարթ մարդուկը: