Սա իշխանական խուլիգանախմբի կողմից ահաբեկչության փորձ էր

Սա իշխանական խուլիգանախմբի կողմից ահաբեկչության փորձ էր

«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ նախօրեին հրավիրվել են ՀՔԾ՝ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով բացատրություն տալու։ Մասնավորապես, իրավապահ մարմիններին են ներկայացել ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանն ու Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ Ագնեսա Խամոյանը, որը մոտիկից նկարել է ծեծկռտուքի դրվագները։ Առաջիկայում թերեւս այլ պատգամավորներ էլ կհրավիրվեն։

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հստակ հասկացրեց, որ իշխանականները «մեղմ» են վերաբերվում ընդդիմությանը, «ուսապարկերի» թիմն անցավ գրոհի։ Նախ, օգոստոսի 25-ի նիստում միջադեպ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե բոլոր այն Պնախարարները, որոնց պաշտոնավարման տարիներին մարդիկ փողով ազատվել են ծառայությունից, դավաճան են, ապա գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին դիմեց «արա»-ով։ Օհանյանի նյարդերը տեղի  տվեցին, եւ նա շիշ նետեց Սարգսյանի ուղղությամբ, ինչից վայրկյաններ հետո խորհրդարանի դահլիճում թռչող շշերի հրավառություն էր, բոլորը բոլորի վրա շիշ էին նետում, սկսվեց քաշքշուկ, որն անվտանգության աշխատակիցների միջամտությամբ հանդարտվեց, սակայն չմարսված այս միջադեպն ավելի ուշ ծեծկռտուքի վերածվեց։

Մասնավորապես, Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նրան դիմեց «արա»-ով, ինչին Վահե Հակոբյանը պատասխանեց՝ արա-ն դու ես, այ տվար, եւ իշխանական պատգամավորներն անցան հարձակման՝ խմբով շարժվեցին դեպի ամբիոնը։ Առաջինը Վահե Հակոբյանին ոտքով հարվածեց Ալեքսանյանը, ապա զանգվածային ծեծկռտուք սկսվեց, որի ժամանակ կոնկրետ թիրախների էին ծեծում։ Խորհրդարանական այս մարտաֆիլմն աշխարհի շատ լրատվամիջոցներով հեռարձակվեց, եւ յուրաքանչյուրը կարող է դետալ առ դետալ նայել ու պարզել, թե ովքեր են մասնակիցները, ով է հարձակվել, ով պաշտպանվել, ով է սեռական հայհոյանքներ տվել։ 

Ապա դատախազությունը հայտարարեց, որ ուսումնասիրում է այս միջադեպը, եւ ՀՔԾ-ն սկսեց նյութեր նախապատրաստել։ Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր պատգամավորները, թերեւս, բացառությամբ Գեղամ Նազարյանի, քննիչների հետ երկխոսության մեջ չեն մտել, խոսել են ընդհանուր, անուններ չեն տվել, բոլորը կազմակերպված եւ միանման ցուցմունքներ են տվել, որ ԱԺ-ում տեղի ունեցածը քաղաքական մեծամասնության կողմից կազմակերպված, ծրագրված խուլիգանություն էր՝ ընդդիմությանը լռեցնելու համար, կան տեսաձայնագրություններ, ուստի քննիչներն իրենք կարող են նայել եւ հետեւություններ անել՝ առանց իրենց մասնակցության։ Միայն Գեղամ Նազարյանը պատմել է, որ ծեծկռտուքը սկսվելուն պես մտնելով նիստերի դահլիճ, տեսել է, թե ինչպես են չորս-հինգ ՔՊ-ական հարվածներ հասցնում Արթուր Ղազինյանի մարմնի տարբեր հատվածներին։ Նա նշել է, որ նրանց մեջ է եղել նաեւ ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Երբ ինքը փորձել է օգնել Ղազինյանին, այդ ժամանակ էլ ուղիղ հարված է ստացել աչքին, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրել է տեսողությունը:

Իսկ Ագնեսա Խամոյանը, մեր տեղեկություններով, գլխավոր հերոսների անունների շարք է թվարկել, նշել է Փաշինյանի քավորի եղբորը՝ Վահե Ղալումյանին, աներձագ Հրաչ Հակոբյանին, բանակից ինքնավնասումով ազատված նորատուսցի Նարեկ Գրիգորյանին, Մաթեւոս Ասատրյանին, Վահագն Ալեքսանյանին եւ այլոց։ Խամոյանը նաեւ երկու տեսաձայնագրություն է տրամադրել քննիչներին, որոնք արել է անձամբ, բայց չի հրապարակել։ Դրանցում մոտիկից մանրամասն երեւում է, թե ով ում է հարվածում։ Շեշտել է իշխանականների կողմից հնչած սեռական հայհոյանքների փաստը եւ ասել, որ գործ ունեն կազմակերպված խուլիգանության  հետ։ Տեսանյութերում երեւում է, թե, օրինակ, ինչպես է նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը կանանց ներկայությամբ Վահե Հակոբյանին ասում․ «Մատդ կկոխեմ․․․»։

Խամոյանն ասել է, որ, իր կարծիքով, կատարվածի կազմակերպիչն էլ է հայտնի, նա դահլիճում նստած հետեւում էր այդ ամենին։ Խոսքը, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի մասին է։ Ինչպես նաեւ ուշադրություն է հրավիրել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի գործողությունների վրա՝ ասելով, որ բազում տեսանյութեր կան, որոնցում պարզ երեւում է, թե ինչպես նա չի թողնում, որ անվտանգության աշխատակիցները ծեծկռտուքը սկսվելուն պես դահլիճ մտնեն եւ րոպե առաջ կանխեն բախումը, իսկ դահլիճ մտնող աշխատակիցներին նա ձեռքով դուրս է հրավիրում եւ թողնում, որ իշխանական պատգամավորները թվային առավելությունից օգտվելով՝ ծեծեն ընդդիմադիրներին։  

Ագնեսա Խամոյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 25-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթից հետո, նախապես ծրագրված, լավ մշակված եւ կազմակերպված խուլիգանություն էր՝ Նիկոլ Փաշինյանի քավորությամբ։ Տեսանյութերում պարզ երեւում է, թե ինչպես են ոհմակով հարձակվում մեր խմբակցության՝ կոնկրետ ընտրված պատգամավորների վրա։ Կադրերից պարզ երեւում է, որ անվտանգության աշխատակիցները՝ ՊՊԾ ղեկավարի ցուցումով, հատուկ ուշ են միջամտում ծեծկռտուքին։ Եվ այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հենց դահլիճում, մեծ բավականությամբ, հետեւում էր իր խուլիգանախմբի արարքին։ Ամենեւին չափազանցություն չէ, եթե ասեմ, որ սա ահաբեկչության փորձ էր. փաստորեն, այլեւս ոչ մի երաշխիք, որ անվտանգության աշխատակիցները պետք է ապահովեն նաեւ ընդդիմադիրների անվտանգությունը։ Փաշինյանի նպատակը ընդդիմադիրների «աչքը վախեցնելն է», ցավում եմ, սակայն մեծ հիասթափություն է իրեն սպասվում։ Բայց ինքն իրեն գերազանցելու համար հաջորդը կարող է կանանց վրա հարձակում գործելու հանձնարարություն տալ, չեմ զարմանա։ Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն գնա Նիկոլ Փաշինյանի պատվերը կատարելու ճանապարհով եւ գործ չհարուցի, ստացվում է՝ կանաչ լույս է վառում հարցերը ոչ իրավական ճանապարհով լուծելու համար»։ 

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանը չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ իշխանական պատգամավորները հրավիրվե՞լ են հարցաքննության կամ՝ ե՞րբ են հրավիրվելու։ Մեր տեղեկություններով՝ դեռեւս չեն հրավիրվել։