Դաշտի դպրոցի շուրջ աղմուկը շարունակվում է

Դաշտի դպրոցի շուրջ աղմուկը շարունակվում է
Սուսաննա Նազարյան

Արմավիրի մարզի Դաշտ համայնքի միջնակարգ դպրոցում անառողջ մթնոլորտ է։ Երեխաները չեն ցանկանում դպրոց գնալ։ Ծնողները նրանց գործերը հանում-տանում են հարեւան գյուղի դպրոց։ Այս իրավիճակն ստեղծվել է անցյալ տարվա նոյեմբերից, երբ ավարտվել է տնօրեն Սուսաննա Նազարյանի պաշտոնավարման ժամկետը։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչուհի Հայրապետյանին ո՛չ երեխաներն ընդունեցին, ո՛չ նրանց ծնողները։ Դպրոցում բողոքի ցույց կազմակերպվեց։ Երեխաները դասի չէին գնում։ 

Երեկ՝ մարտի 1-ին, տնօրենի նոր մրցույթ էր հայտարարված։ Սակայն մրցույթը չի կայացել։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը մեզ պատասխանեց․ «Չկայացավ, որովհետեւ հավակնորդ չէր ներկայացել»։ Փաստորեն, դպրոցի տնօրենի մրցույթի շուրջ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել։ Հավակնորդներ չկան, իսկ միակ մարդուն, ով ցանկանում էր տնօրեն դառնալ՝ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանին, թույլ չեն տվել մասնակցել մրցույթին։ 

Սուսաննա Նազարյանը վրդովված պատմեց, որ դպրոցական խորհրդի նախագահ Դավիթ Դավթյանն ընդունել է նրա փաստաթղթերը, սակայն չի ընդունել դպրոցի զարգացման ծրագիրը։ «Դա մի փաստաթուղթ է, որով ես ներկայացնում եմ 5 տարվա համար դպրոցի զարգացման իմ տեսլականը,- ասաց Սուսաննա Նազարյանը,- Դավիթ Դավթյանը պատճառաբանեց մերժումը նրանով, որ ես փաստաթղթերի հանձնման օրենքով սահմանված ժամկետը՝ մրցույթից երեք օր առաջ, խախտել եմ։ Մինչդեռ դա այդպես չէ։ Ես զարգացման ծրագիրը տարել եմ, որ հանձնեմ փետրվարի 26-ին, իսկ մրցույթը մարտի մեկին էր նշանակված։ Ոչ մի ժամկետ չի խախտվել»։ 
Իսկ Դավիթ Դավթյանը հակադարձում է․ «Կարգի մեջ գրված է, որ ամսի 1-ից առնվազն երեք օր առաջ պետք է ներկայացնի, այսինքն՝ հաշվարկով ընկնում է ամսի 25-ը»։ Հաշվում ենք՝ 26, 27, 28, մարտի 1՝ 4 օր։ Այսինքն, Դավթյանը տարրական թվաբանություն չգիտի։  

Սուսաննա Նազարյանը պայքարել է ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունների դեմ։ Նրա կադրային տեղաշարժերը մանվելական Էջմիածնում մշտապես ուղեկցվել են աղմուկով։ 2011 թվականին նրան ազատել էին Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենի պաշտոնից։ Նրա դեմ բողոքել էր կոլեկտիվը։ Ուսուցիչները հայտնել էին կրթության նախարարությանը, որ Նազարյանը նրանց ստորացնում է, թույլ չի տալիս, որ ուսուցչանոցում ընդմիջում անեն ու սուրճ խմեն։ Նազարյանին ազատեցին պաշտոնից։ Նա դիմեց դատարան։ Մոտ մեկ տարուց դատարանով վերականգնվեց պաշտոնի, թեեւ այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանը խոստացել էր, որ չի վերականգնելու նրան աշխատանքի։ 

Նա պաշտոնավարեց մինչեւ ժամկետի ավարտը եւ տեղափոխվեց Դաշտի միջնակարգ դպրոց։ Վերջին երկու օրում, երբ պարզ դարձավ, որ Սուսաննա Նազարյանը չի մասնակցելու տնօրենի մրցույթին, Դաշտի դպրոցի 28 ծնողներ իրենց երեխաների գործերը վերցրեցին եւ տեղափոխեցին հարեւան Շահումյան գյուղ։ 

Ինչո՞ւ։ «Երկու օր է՝ ես իմ երեխաներին դպրոցից հանել եմ։ Մեր երեխաներին ուսուցիչները վիրավորում են։ Ասում են՝ գոմից եք դուրս եկել, ոչխարներ, դեբիլներ։ Հրաչուհի Հայրապետյանը երեխաներին ներս է անում ու դրսի դուռը բանալիով փակում է, որ հանկարծ դուրս չգան։ Երեխաներն օդափոխվելու իրավունք էլ չունեն։ Նրանք, ովքեր Նազարյանին պաշտպանել են, ճնշվում են։ Մեզ ասում են՝ հանեք ձեր դեբիլներին, տարեք։ Նազարյանի ժամանակ մենք չենք իմացել, թե ոստիկանն ինչ է։ Իսկ հիմա երեխաներին ոստիկանի են տալիս։ Հենց հիմա 15 ծնող երկու օրում երեխաներին հանեցին։ Իսկ նոյեմբերից՝ Նազարյանի գնալուց հետո, 30 երեխա է դուրս եկել։ Բայց առաջ նույնիսկ կողքի գյուղերից էին գալիս մեր դպրոց, Այգեշատից»,- պատմում է ծնողներից Քրիստինե Գեւորգյանը։ «Հարցն անձը չէ։ Իմ երեխան առաջ հաճույքով էր դպրոց հաճախում, բայց հիմա զոռով եմ ուղարկում,- ասում է ծնողներից Պավել Մանուկյանը,- ես դեռ չեմ հանել, բայց շուտով ես էլ կտանեմ ուրիշ տեղ»։ 

Մենք լսեցինք նաեւ Դաշտի միջնակարգ դպրոցի տնօրենի ԺՊ Հրաչուհի Հայրապետյանին։ Նա չէր ցանկանում պատասխանել, հետո մի երկու հարցի, այնուամենայնիվ, պատասխանեց։ 

- Ինչո՞ւ են ձեր դպրոցից երկու օրում ծնողները 15 երեխայի հանել։  

- Դրանք անհիմն տեղեկություներ են։ Կա, որ հանել են, թվաքանակը չի համապատասխանում իրականությանը։ Պարզապես բնակության վայրն է փոփոխվել, եւ դա դպրոցի հետ կապ չունի։ Դրանք դպրոցը վարկաբեկելու փորձեր են։ 

- Քանի՞ երեխա է գնացել։

- Ես չեմ կարող հստակ տվյալներ տրամադրել, ձեռքիս տակ չկան։  

- Ինչո՞ւ Դուք չեք դրել Ձեր թեկնածությունը տնօրենի մրցույթում։ Թե՞ դրեք եք։ 

- Այո, դրել եմ։

- Բայց ասացին՝ չկա հավակնորդ։

- Ասեցին, որ չկա, ուրեմն չկա։ Ես ենթադրում էի, որ կմասնակցեմ, որոշել էի, որ պետք է դնեմ, բայց չեմ մասնակցել։

- Իրավիճակն աբսուրդային է՝ միակ ցանկացողին չեն թողնում, որ մասնակցի մրցույթին, բայց ոչ մի մասնակից չկա։

- Ես չեմ կարող հարցերին պատասխանել։ 

Իսկ նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը կարծում է, որ իրեն օրենքի կոպիտ խախտումով են հետ պահել մրցույթից, եւ պատրաստվում է դիմել դատարան։