Գերագույն խորհրդի ողջ «հմայքն» ու «փայլը» սրա մեջ է

Գերագույն խորհրդի ողջ «հմայքն» ու «փայլը» սրա մեջ է

Ինչպես գիտեք` ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ շարժում է սկսվել, որը մեկնարկելու է օգոստոսի 23-ին եւ ավարտվելու է սեպտեմբերի 21-ին` Նիկոլ Փաշինյանի հրաժարականով: Ղազարյանը որոշել է Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստ հրավիրել, այն ԳԽ-ի, որն ընդունել է Անկախության հռչակագիրը, որի դրույթներից Հայաստանը շեղվել է եւ վերահաստատել 1991-ի իր դիրքորոշումը: 

Վաղը նախքան փողոցային պայքարի մեկնարկը ԳԽ առաջին գումարման պատգամավորները կհանդիպեն «Դաբլթրի հիլտոն» հյուրանոցի դահլիճում եւ կքննարկեն երկրում ստեղծված վիճակը: 
ԳԽ առաջին գումարման պատգամավոր Ազատ Արշակյանը ևս ներկա է լինելու վաղվա խորհրդանշական հանդիպմանը, նա նախապատրաստական աշխատանքներին եւս մասնակցել է: Ազատ Արշակյանը մեզ հետ զրույցում մի քանի մանրամասներ ներկայացրեց՝ կապված 23-ին կայանալիք հավաքի հետ: 

Արշակյանի կարծիքով` վաղը բացման խոսքով հանդես կգա հենց այս գաղափարի հեղինակը` Էդգար Ղազարյանը, իսկ ԳԽ փոխնախագահ Արա Սահակյանն էլ կվարի հանդիպում-քննարկումը: Ազատ Արշակյանը նշեց, որ պատրաստել է մի կրեատիվ տեքստ, որով ցանկանում է անպայման վաղը հանդես գալ: Այն հարցին, թե Ղազարյանի գաղափարը ողջունո՞ւմ եք, մեր զրուցակիցը նշեց, որ այո, սա շատ լավ նախաձեռնություն է, անկախության և ինքնիշխանության համար պետք է պայքարել միշտ: Մենք նաև հետաքրքվեցինք, թե կա՞ն արդյոք տարաձայնություններ ԳԽ պատգամավորների միջև ինչ-ինչ հարցերում, Արշակյանը նշեց, որ այնտեղ հավաքված քաղաքական գործիչներն ունեն բացարձակ տարբեր քաղաքական հայացքներ, ուստի տարաձայնություններ ևս կան, սակայն Գերագույն խորհրդի ողջ «հմայքն» ու «փայլը» հենց սրա մեջ է, ասաց Ազատ Արշակյանը: