Ինչ են ուզում փոխել Սահմանադրության մեջ

Ինչ են ուզում փոխել Սահմանադրության մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 27-ին ստորագրել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նոր կազմը հաստատելու մասին որոշում։ Ըստ որոշման՝ ձեւավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել են խորհրդի անհատական կազմը եւ գործունեության կարգը: Խորհրդի ձեւավորումից հետո՝ 2-ամսյա ժամկետում, կձեւավորվի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Խորհրդի նախագահ է նշանակվել ԱՆ Կարեն Անդրեասյանը:

Կազմում ընդգրկված են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, արտախորհրդարանականներից՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա»-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը: Որոշման տեքստում գրված է. «Մինչեւ 2022 թ․ դեկտեմբերի 28-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը եւ ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ: Մինչեւ 2023 թ․ հունիսի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը եւ ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ»: 

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտում են այս նախաձեռնությունը եւ թեկնածուներ չեն առաջադրել: «Հայաստան» խմբակցությունում կարծում են, որ առկա ներքին եւ արտաքին մարտահրավերների, սպառնալիքների պայմաններում սահմանադրական փոփոխությունների օրակարգը շեղող նպատակ է, իշխանության վերարտադրության փորձ։ Դեռ անցած տարեվերջին 2-րդ նախագահը հայտարարել էր, որ դեմ է այս ճանապարհով սահմանադրական բարեփոխումներին. «Կա լրջագույն կասկած, որ այս ամենն արվում է մեկ այլ նպատակի համար՝ հնարավորություն ստեղծել եւս ինչ-որ մի տեղ տեղավորվելու»։ Իսկ եթե իշխանությունն իսկապես ուզում է ավելի բալանսավորված իշխանական համակարգ ունենալ, կարող է իր մեծամասնական մանդատով հրաժարվել բազում լիազորություններից։ «Այդ՝ ձեր կողմից քննադատված սուպերվարչապետության ինստիտուտի լիազորությունները նվազեցրեք։ Ո՞վ է ձեզ խանգարում, ձեր ձեռքից ո՞վ է բռնում, արեք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: 

«Պատիվ ունեմ» խմբակցությունում էլ են իշխանության նախաձեռնությունը կեղծ օրակարգ որակում եւ կարծում են՝ Փաշինյանի կառավարությունը ցանկանում է սահմանադրական փոփոխություններով իր վերարտադրությունն ապահովել։ Նույն մեղադրանքը, ի դեպ, ժամանակին Փաշինյանն ուղղում էր Սերժ Սարգսյանին, երբ նրա նախաձեռնությամբ 2015-ին փոխվեց Սահմանադրությունը, ու Հայաստանը կիսանախագահականից դարձավ խորհրդարանական պետություն։ 

Շուրջ 1 տարի առաջ՝ այսպես կոչված, «ռազմական հեղաշրջման փորձի» օրերին, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսելիս Փաշինյանը չէր բացառել կիսանախագահական համակարգին անցնելու հնարավորությունը, սակայն տարեվերջին հակառակ կարծիք հայտնեց, թե կողմ է խորհրդարանական կառավարմանը։ Թե այս իրարամերժ հայտարարությունների մեջ ինչպես են կողմնորոշվելու խորհուրդն ու հանձնաժողովը, խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ասում է՝ կողմնորոշվելու խնդիր չունի, ինքը պառլամենտական կառավարմանն է կողմ, միայն կառավարման մոդելի համար չէ, որ փոփոխություններ են անհրաժեշտ, բոլորն ընդունում են, որ Սահմանադրությունը պետք է փոխել, տարբեր են միայն կարծիքները, թե ինչը փոխել։ «Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ խորհրդարանական համակարգն է ամենակայունը, եւ միգուցե չհաղթահարվեր հետպատերազմական ճգնաժամը, եթե երկրում կիսանախագահական մոդել լիներ: Այս համակարգում գործադիր եւ օրենսդիր ճյուղերի առճակատում, ըստ էության, հնարավոր չէ»: Գուցե խորհրդում ոմանք կողմ լինեն կիսանախագահականին, բայց ինքը պնդելու է պահպանել գործող համակարգը՝ բարելավելով. «Համարյա բոլոր գլուխներում պետք է փոփոխություն իրականացնել, օրինակ, գործադիր իշխանության բոլոր ճյուղերի պատասխանատուները խորհրդարանին պետք է հաշվետու լինեն, դատաիրավական պրոցեսի հետ կապված լուրջ անելիքներ կան՝ քննչական, դատախազական մարմինների հետ կապված, օրինակ՝ ՀԿ-ներից կա առաջարկ, որ ՀՀ զինված ուժերի՝ ՀՀ սահմաններից դուրս կիրառման կարգավորումները պետք է հասկանալ, Հայաստանը, թերեւս, այն եզակի պետություններից է, որ խորհրդարանի թույլտվությունը պետք չէ՝ ԶՈւ-ն այլ երկրներում կիրառելու համար, դա նորմալ չէ: Մեր ՀԿ-ն դեռեւս 20 թ․-ից քննարկում է դա՝ ինչպես անել, որ անվտանգային խնդիր չբացել: Շատ խնդիրներ կան՝ հանրաքվեների մեխանիզմ, անկախ մարմինների տարանջատման եւ այլն»: Մեկ տարի առաջ Փաշինյանը կիսանախագահական համակարգի միջոցով ծրագրում էր դառնալ նախագահ եւ միահեծան կառավարել երկիրը, սակայն չի բացառվում, որ նոր ընտրությունների մեջ վտանգ է տեսնում եւ որոշել է ընդամենը մեծացնել վարչապետի լիազորությունները եւ մնալ այդ պաշտոնում: Օրինակ, ԶՈՒ-ն ամբողջությամբ իր ձեռքում կենտրոնացնել, որ ԳՇ պետին նշանակել-ազատելու հրամանագիրը նախագահը չվավերացնի:

Իոաննիսյանն ակամայից հաստատեց այս լուրերը. «Պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը գործադիր ֆունկցիա են, գործադիրի ղեկավարությունը պետք է կարողանա դրանք անխոչընդոտ իրականացնել: Այսինքն՝ գործադիրի ղեկավարը պատասխանատու է պետության պաշտպանության համար, բայց ԳՇ պետին չի՞ կարող փոխել, ո՞նց կարող է գերագույն հրամանատարը չկարողանա դա անել: Դա չի նշանակում, որ չպիտի վերանայել իր եւ խորհրդարանական մեծամասնության լիազորությունները՝ կապված անկախ մարմինների հետ՝ հակակոռուպցիոն, ընտրական, տնտեսական մրցակցության մարմիններ եւ այլն»:

Հարկ է նշել, որ պատերազմից հետո ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների պահանջ հրապարակավ դրել է նաեւ Ալիեւը։ Իմաստը ՀՀ անկախության հռչակագրի հիմնական դրույթներից եւ մասնավորապես՝ ցեղասպանության ճանաչման գաղափարից հրաժարվելն է։ Իոաննիսյանը լուրջ չի ընդունում դա. «Հռչակագիրը մնալու է անփոփոխ, Սահմանադրության պրեամբուլայի մեջ հղում է արվում հենց այդ հռչակագրին»: Թեպետ Փաշինյանը դե ֆակտո հրաժարվել է հռչակագրից՝ Արցախը համարելով ադրբեջանական ու մի կողմ դնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ 

Հանձնաժողովի խորհրդի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունում անհրաժեշտ են համարում վերադարձը նախագահական մոդելին՝ դեռ անցած տարի են հայտարարել: Իսկ Էդմոն Մարուքյանն ասում է․ «Դուք լավ հիշում եք, որ 2015 թ․ սահմանադրական փոփոխությունների ժամանակ եղել ենք շատ ակտիվ, այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին ենք ներկայացրել մեր առաջարկները, որոնք հիմնականում չեն ընդունվել, ընդունվել է այս Սահմանադրությունը, որը մենք ասել ենք, որ սուպերվարչապետական սահմանադրություն է՝ անատամ խորհրդարանական լիազորություններով, ՀՀ նախագահը՝ խորը սահմանափակ լիազորություններով, եւ ասել ենք, որ կան բազմաթիվ խնդիրներ՝ դատական իշխանության, ՏԻՄ-երին վերաբերող գլխի հետ կապված։ Այսինքն՝ երբ հանձնաժողովը սկսի գործել, նախ պետք է տանք ախտորոշումը, թե ինչու ենք ուզում անել սահմանադրական բարեփոխումներ․․․ Կա կարծիք՝ քանի որ հանրաքվեները միշտ կեղծվել են, ուրեմն պետք է ընդունել նոր Սահմանադրություն, կարծիք 2-րդ՝ պետք է սուպերվարչապետական համակարգը փոխել, կարծիք երրորդ՝ պետք է անցնել կիսանախագահականին։ Իմ կարծիքն է, որ պետք է ունենանք ամբողջական պառլամենտական համակարգ, որովհետեւ այսօր չունենք»։ «Մեծ հարց է՝ Սահմանադրությունը կփոխվի՞, թե՞ ոչ, գիտեք՝ հանրաքվեի բարիերը շատ բարձր է։ Այն, որ սահմանադրական փաթեթ կամ նոր շարադրանք կլինի, ես դրանում վստահ եմ, որովհետեւ կա ձեւավորված խորհուրդ, իսկ կլինի հանրաքվե, թե խորհրդարանի մակարդակով կլինեն փոփոխությունները, որոնք հնարավոր են առանց հանրաքվեի, կապրենք, կտեսնենք»։

Հիշեցնենք․ «Հանրաքվեի մասին» օրենքով հանրաքվեն համարվում է կայացած, եթե քվեարկում է դրան մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն 25 տոկոսը: