Բանակը հեշտ է ղեկավարել, այսպես կոչված՝ գողական օրենքներով 

Բանակը հեշտ է ղեկավարել, այսպես կոչված՝ գողական օրենքներով 

Վերջին 40 օրերին Հայաստանը ոչ մարտական ու անհայտ հանգամանքներում 12 զոհ է ունեցել։ Իրավապաշտպան կազմակերպությունների՝ տարբեր տարիներին կազմված զեկույցների համաձայն՝ ոչ այդ մահերը ծնող պատճառներն են փոխվել, ոչ կանոնադրական հարաբերությունները, ոչ էլ այս ցավալի վիճակագրությունն է առանձնապես փոխվում։

«Հրապարակի» հարցազրույցը  իրավապաշտպան, «Խաղաղության երկխոսություն»ՀԿ փորձագետ,  իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի հետ։

-Պարոն Մարտիրոսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լուծել ենք մայկա-տռուսիկի հարցը, լվացքի մեքենաներ ենք առել: Խնդիրը մայկա-տռուսի՞կն է։

-Խնդիրը վարչապետի ուղեղի և բանակի անօրինականությունների, անկարգապահությունների ու բանակը հսկող դատախազի, Քննչական կոմիտեի հանցավոր գործունեությունն է։ Բոլոր սպանության գործերը, առանց բացառության, կոծկվում են, մարդասպաններն ի հայտ չեն գալիս, մեղավորները չեն բացահայտվում։ Առավելագույնը, նրանց փոխարեն, պատիժ են կրում անմեղ զինծառայողները։ Սա է ամբողջ պատմությունը։ Իսկ բանակում լրիվ անտերություն է, ոչ մի հսկողություն, կարգուկանոն, միայն՝ ձևականություն ու սուտ, թե բանակը կարգավորվել է։ Բանակը չի կարգավորվել, բանակը մնում է ահավոր ծանր վիճակում։

-Իսկ պատճառները դեպքերի, իշխանության ձևակերպած՝ գողական ենթամշակո՞ւյթն է, որի դեմ պայքարում են։

-Ներողություն, ոչ թե ենթամշակույթի դեմ պետք է պայքարեն, այլ կոռումպացված դատախազության, Քննչական կոմիտեի և Ռազմական ոստիկանության, որոնք բոլորը փաստերը կոծկում են, գործերը կոծկում են։ Վերջ՝ պատճառներն ի հայտ չեն գալիս։ Եթե դուք անընդհատ սպանությունները որակեք որպես ինքնասպանություն, ոչ մի բան ի հայտ չի գա։ Մենք չենք տեսնի այդ հանցագործությունները ծնող պատճառները, չենք կարողանա դրանք կանխել։ Իսկ ինչ վերաբերում է, այսպես կոչված՝ գողական միջավայրին, ապա ասեմ, որ այդ միջավայրը ստեղծում են հենց իրենք՝ սպաներն ու հրամանատարները։ Սպանե՛րն են այդպես ծառայություն կատարում, քանի որ իրենց դա ձեռնտու է, իրենց համար այդպես ավելի հեշտ է։ Հեշտ է ղեկավարել բանակը, այսպես կոչված՝ գողական օրենքներով։ Զինվորը չի կարող գնալ մի վայր, որտեղ կա կարգուկանոն, որտեղ գործում է զինվորական օրենքը, գնալ այնտեղ ու իր բարքերը սահմանի, իր կամքը թելադրի։ 

-Պարոն Մարտիրոսյան, Ձեր հայտարարությունները կարո՞ղ եք հիմնավորել փաստերով, որ քննչական մարմինները կոծկում են։

-Խնդրում եմ մտնել «Լրագրողներ հանուն իրավունքների» կայք, այնտեղ 4-5 գործով հոդվածներ եմ գրել՝ Կարեն Կարապետյանի, Հարոյանի գործով և այլն։ Բոլորին կարող եք ծանոթանալ։ Ամբողջությամբ ապացույցներ են, և իմ գրած հոդվածներն առայսօր որևէ մեկի կողմից չեն հերքվել և չեն կարող հերքվել, որովհետև հենված են միմիայն փաստերի վրա։