Հաջորդ աշնանը հանրաքվե՞

Հաջորդ աշնանը հանրաքվե՞

Խոսվում է, որ ՍԴ հարցում իշխանությունների պլան «բ»-ն սահմանադրական փոփոխություններն են, իսկ որ ավելի հավանական է` նոր Սահմանադրության ստեղծումը, որով Հայաստանը կդառնա կիսանախագահական կամ նախագահական երկիր, ինչն էլ Փաշինյանին հնարավորություն կտա շատ երկար իշխել, մանավանդ որ ինքն էլ հասկանում է` խորհրդարանական մեծամասնության վրա հույս չի կարող դնել։ Իր վարկանիշի հաշվին պատգամավոր դարձածները շատ արագ մսխեցին այդ կապիտալը, ու Սերգեյ Լավրովն էլ հենց այնպես չասաց «գոսպոդին պրեզիդենտ»։

Չե՞ք կարծում, որ մեծ քաղաքականությունում նման վրիպումներ եւ «մանրուքներ» չեն կարող լինել՝ հարցրինք հայաստանյան հայտնի սահմանադրագետներից մեկին։ «Լավրովին թողնենք մի կողմ, կարող է եւ վրիպել է։ Ինչ վերաբերում է խնդրի իրավական մեխանիզմներին, սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության դեպքում (ի դեպ, նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ե՛ւ ԱԺ-ն, ե՛ւ կառավարությունը) եւ ԱԺ-ի կողմից որոշումն ընդունելու դեպքում նախագիծն անպայման պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ դա պարտավորություն է, իսկ Վենետիկը շատ արագ եզրակացություն չի տա։ Դա երկար պրոցես է, եթե չասնեք` շատ երկար»:

Բացառո՞ւմ եք Վենետիկի հանձնաժողովի արագացված ռեժիմով արձագանքը։ «Որքան էլ արագացնեն, առնվազն երեք ամիս Վենետիկում քննարկման առարկա պետք է լինի»: Նորմալ է` մարտ ամիսն է լինում, երբ Նիկոլի վարկանիշը դեռ բավականին կայուն կլինի։ «Այդպես չէ, մինչեւ Վենետիկ ուղարկելն էլ նախագիծը պետք է հանրային-քաղաքական-հասարակական բոլոր շրջանակների հետ քննարկում անցնի, ինչը եւս 3-4 ամիս կպահանջի, ասել է` մինիմում 7-8 ամիս պետք կլինի, այսինքն` եկող աշնանը, լավագույն դեպքում, կարող են սահմանադրական հանրաքվե անել, որով կարող են հասնել ՍԴ հարցի վերջնական լուծման, ինչու ոչ՝ նաեւ նախագահական կառավարման»: Ե՞վ։ «Եվ սեւերն ու սպիտակները կսկսեն հաշվել իրենց աշնանային ճտերը, որովհետեւ հանրաքվեն կարող է անսպասելի արդյունքներ ունենալ»: