Նիկոլի քննադատություն հօգուտ Նիկոլի

Նիկոլի քննադատություն հօգուտ Նիկոլի

Այսօր մեջս խոսեց նախկին իշխանության նկատմամբ ընդդիմադիր ոգիս, ու ես որոշեցի կողմ լինելով դեմ գնալ հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ահա թե ինչու.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անօրեն կալանքի տակ պահվող, անկախության շրջանի լավագույն պատգամավորներից մեկն իր հերթական հոդվածը նվիրել էր միջազգային իրավապաշտպան «Freedom House» (FH) կազմակերպության տարեկան զեկույցին: Վերլուծելով հայաստանյան իրականությանը նվիրված հատվածը՝ եկել է այն եզրակացության, որ ««ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատարանների» մասին Փաշինյանի լոլոներն արժեք չունեն անգամ այնտեղ, որտեղ նա «փրկություն» է փնտրում»: 

Կողմ լինելով ասվածին՝ ավելացնեմ, որ FH-ն բավական խիստ զեկույցներ էր գրում այն տարիներին, երբ իշխանության ղեկին էին հանրապետականները: Դա կարող եմ վկայել որպես հակակոռոպցիոն կազմակերպության ավելի քան մեկուկես տասնամյա աշխատակից ու անդամ: 2018 թվականի գրանանային իրադարձություններից հետո միջազգային թրենդը, բնականաբար, փոխվեց 180 աստիճանով: Ինչն էլ արտահայտվեց հիացական զեկույցներում: Այնուհետև, որպես լուրջ կազմակերպություն, FH-ն փորձեց աստիճանաբար վերադառնալ հայաստանյան իրականության օբյեկտիվ գնահատմանը: Սակայն առանձին փորձերը, մեծ հաշվով, չդարձան հիմնավոր ավանդույթ:
Եվ որպես ասվածի վկայություն բերեմ երկու օրինակ՝ օգտվելով FH զեկույցի՝ պարոն Աշոտյանի մեջբերած հատվածներից: Ընտրության վերաբերյալ երկրորդ հարցը («արդյո՞ք ընտրված ղեկավարը և ԱԺ-ն են որոշում կառավարության քաղաքականությունը») առավելագույն 4 բալից ստացել է 2-ը: Իրականությանը ծանոթ յուրաքանչյուր փորձագետ, եթե նա անկողմնակալ է, տեղյակ է, որ ՀՀ ԱԺ-ում հավաքված անձինք այնտեղ են հայտնվել զուտ Նիկոլի շնորհիվ: Եվ, բնականաբար, Նիկոլի ղեկավարած կառավարության քաղաքականության վրա չեն կարող ազդեցություն ունենալ: Այսինքն, նրանց ազդեցությունը զրոյական է: Այնինչ, խորհրդարանական կառավարման երկրում կառավարություն պետք է ձևավորեր Ազգային ժողովը, որոշեր դրա քաղաքականությունը և վերահսկեր իրականացումը: Բայց այդ ամենն անում է ընդամենը մեկ անձ, ինչը տիպիկ բռնապետական կառավարման դրսևորում է՝ ինչ սոուսով էլ այն մատուցվի: Սակայն FH-ն, չգիտես ինչու (լավ էլ գիտենք), չտեսնելու է տվել այդ հանգամանքը՝ 2 միավոր հատկացնելով այդ հարցին: 

Անցնենք երկրորդ խնդրին՝ դատարանների անկախությանն ու կոռումպացվածությանը: Զարմանալի է, որ FH-ն չի գիտակցել, որ այդ ոլորտում մեր երկրում տեղի են ունենում ոչ թե բարեփոխումներ, այլ դրա ճիշտ հակառակ գործընթացը: Չլինելով իրավաբան՝ նույնիսկ ես եմ դա նկատել ու արձանագրել: Ինչ բարեփոխում կարելի է անվանել այն գործընթացը, որի միջոցով համակարգից հեռացվում են նրանք, ովքեր հլու-հնազանդ չեն կատարում գործող իշխանության… Օ, կներեք, միակ ու անփոխարինելի իշխանավորի հրահանգները: Ով միշտ դրսեցիների մոտ խոսում է իրավապահ համակարգի անկախությունից, իսկ ներսում զարմանում, թե կլինի՞ մի դատավոր, որ չկատարի իր կամքը: Մարդ, ով ժամանակին իր ձեռնասուն ԱԺ-ի միջոցով ստեղծեց կալանավորման անօրինական դատարանը՝ չնայած Վենետիկի հանձնաժողովի բացասական կարծիքին: Ու հետո ստիպված եղավ, ինչպես բացել էր, այնպես էլ փակել: Ընդամենը կասեի, որ դա խիստ ժողովրդավարական բնույթի փորձարկում էր: Բայց դրանով գործը չվերջացավ՝ որոշվեց ձեռնասուն դարձնել ԲԴԽ-ն, ինչը հաջողությամբ ի կատար ածվեց: Եվ ԲԴԽ-ի միջոցով լուծել անկատար մնացած գործերը: 

Այդ հարցում զեկույցի գնահատականը 1 բալ է: Եթե վերը ներկայացվածը տեղի ունենար պարոն Աշոտյանի կուսակիցների իշխանության օրոք, ապա չեմ կասկածում, որ իրենք ստանային 0 բալ: Բայց դե, Նիկոլն իրենց մարդն է՝ ինչպես կարող են նման վերաբերմունք ցուցաբերել վերջինիս նկատմամբ: Ու այդ պատճառով էլ հատկացրել են ճմռթված 1 միավոր (եթե տեխնիկապես կարողանայի՝ 1-ը կներկայացնեի հենց ճմռթված տեսքով): Ինչ մնում է դատարանների կոռումպացվածության խնդրի արծարծմանը, ապա օբյեկտիվորեն այն գործում է հօգուտ միակ իշխանավորի: Դատական համակարգի հակաբարեփոխումներն ինքը ներկայացնում է հենց նախկիններից ժառանգություն մնացած կառումպացվածության խնդրի լուծման տարբերակ: Եվ իրեն դեռևս չհնազանդվող ու արհեստավարժ դատավորների փոխարինումը 25-30-ամյա ջահելներով ներկայացնում է հարցի լուծման մեխանիզմ: Չգիտեմ՝ գիտակցվել է այդ պահը FH-ի կողմից, թե ոչ, սակայն դա հաստատ արվել է հօգուտ Նիկոլի: