Ամեն 10-15 օրը մեկ էդպիսի մի բան ասում են․ շիրակցի գերիները նամակ են ուղարկել հարազատներին

Ամեն 10-15 օրը մեկ էդպիսի մի բան ասում են․ շիրակցի գերիները նամակ  են ուղարկել հարազատներին

Հրադադարի հաստատումից հետո Հադրութի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի տարածքներից գերեվարված զինվորականների ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ Շիրակի մարզից գերեվարված 62 զինվորականներից միայն 8-ն է տուն վերադարձել։ Մարզի Ազատան համայնքի 6 գերիներից  մեկն է վերադարձել, 5-ը շարունակում  է գտնվել գերության մեջ։ Նրանցից  2-ը ամուսնացած են, մանկահասակ երեխաների հայր։  

«Հարազատները շատ վատ վիճակում են, ճիշտ է, իրենք իմ, մարզպետարանի միջոցով մյուս օղակների, գեներալ Մուրադովի  հետ կապ պահում են՝ վերադարձի հետ կապված տեղեկություններ ստանալու համար, բայց ոնց տեսնում եք՝ դեռ կտրուկ քայլեր չկան։Ես չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչն է գործընթացի դանդաղելու պատճառը, բայց կարծում եմ, որ հնարավորություն ունենային՝ կբերեին»,-«Հրապարակի» հետ զրույցում ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը։

Նշենք, որ վերջին անգամ լուրեր տարածվեցին, թե մինչև մարտի վերջ գերիների մի խումբ հայրենիք է վերադառնալու։ Ազատանի համայնքապետը նկատեց․«Ամեն 10-15 օրը մեկ էդպիսի մի բան ասում են, բայց․․․․»։

Վարդան Իկիլիկյանից տեղեկացանք նաև, որ գերեվարվածների հարազատներն իրենց որդիներից վերջին անգամ լուր են ստացել Կարմիր Խաչի օգնությամբ։ «Կարմիր  Խաչը նամակ էր բերել, որտեղ մի քանի տողով տեղեկացրել էին, որ իրենք ողջ են»,-ասաց համայնքապետը։ Ի դեպ, այս պատերազմում Ազատան համայնքը  10 զոհ եւ  23 վիրավոր ունի։ Գյուղը սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ է։«Շուտով գյուղատնտեսական աշխատանքները կսկսեն, բայց գյուղացին ոչ վառելիք, ոչ ցանելիք ունի,ով հնար ունի՝ արտագաղթի ճամփեն է բռնել․․․»,-ցավով նշեց համայնքի ղեկավարը։