«Էրեբունի պլազան» էլ է մերժել տրամադրել դահլիճը

«Էրեբունի պլազան» էլ է մերժել տրամադրել դահլիճը

Ինչպես գիտենք՝ Էդգար Ղազարյանը օգոստոսի 23-ին՝ «Հայաստանի Անկախության Հռչակագրի» ընդունման օրը, Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել եւ մտադիր է հայտարարել «Անկախության շարժման» մեկնարկը: Նույն օրը կեսօրին ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների մասնակցությամբ հրավիրվելու է խորհրդանշական նիստ, որտեղ Հայաստանի անկախության ընդունման հայրերը պետք է վերահաստատեն իրենց ընդունած պատմական որոշումը:

Մենք տեղեկացրել էինք, որ խորհրդանշական նիստն անցկացնելու նպատակով Էդգար Ղազարյանը դիմել է, որ տրամադրեն Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող կառավարության դահլիճը, որտեղ 1990 թվականին ընդունվել է Անկախության Հռչակագիրը, սակայն մերժում է ստացել, ինչից հետո Ղազարյանը հայտարարեց, որ հանդիպումը կկայանա «Էրեբունի պլազայի» բիզնես կենտրոնի դահլիճում, սակայն երեկ երեկոյան «Էրեբունի պլազայից» զանգել ասել են, որ դահլիճը տրամադրել չեն կարող, պատճառաբանելով, թե դահլիճում առկա է օդափոխության խնդիր: Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ մասին տեղեկացել է երեկ երեկոյան: «Ժամը 5-ի սահմաններում անակնկալի եկանք, քանի որ «Էրեբունի պլազան» օրեր անց որոշեց մերժել մեզ», - նշեց նա: Ղազարյանի խոսքով՝ եթե իշխանությունների պարագայում ամեն ինչ պարզ է ու հասկանալի, ապա առնվազն անհասկանալի և տարակուսելի է, թե ինչու է մասնավոր ընկերությունը մերժում իրենց: «Հանդիպման ժամը չի փոխվում, հանդիպում ենք նույն ժամին, սակայն այլ հասցեում՝ Երևանի DoubleTree հյուրանոցի դահլիճում», ասաց նա: