Անդրանիկ Քոչարյանն է ասել՝ ոստիկանություն զանգեք

Անդրանիկ Քոչարյանն է ասել՝ ոստիկանություն զանգեք

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի թեմայով զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ։

-Պարոն Վարդանյան, խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի Ձեր վարկածը ո՞րն է, իշխանականները հաղորդում են, որ ձեր գործընկեր Մհեր Սահակյանը ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին փակ նիստում հարվածել եւ փախել է։ Ձեզ ի՞նչ է հայտնի։

-Ես ներկա չեմ եղել։ Ականատեսների վկայությամբ, փակ նիստ է տեղի ունեցել Եղիշե Կիրակոսյանի հետ կապված օրենքի նախագծի շուրջ, որին չեն մասնակցել, լրագրողներն ու պատգամավորների օգնականները, միայն պատգամավորներն են մասնակցել։ Ավարտից առաջ ինչ-որ պահի բորբոքվել են, լարվածություն է եղել, պարոն կուլտուրական մարդ Վովա Վարդանյանը ձայնը բարձրացրել է, սկսել է գոռալ, մի պահ «պաուզա» է տվել Վարդանյանը, հետո սկսել է ավելի բարձր գոռալ՝ «ինչ ուզեմ, կգոռամ, ում վրա ուզեմ, կգոռամ», ձեռքը խփել է սեղանին, Մհեր Սահակյանն էլ է ձեռքը խփել՝ ասելով, թե չեք կարող գոռալ, ոտքի են կանգնել, ըստ ականատեսների՝ Վարդանյանը քայլ է արել դեպի Սահակյանը, Սահակյանը մտածել է` խփելու է իրեն, ինքն է հարվածել։ Վարդանյանը վնասվածք է ստացել, դուրս է եկել, ասել՝ այնպես արեք, լրագրողները չիմանան, բայց այդ պահին հայտնվել է Քոչարյան Անդրանիկ ասվածը, սկսել է հրահանգներ տալ, զանգել է այստեղ-այնտեղ, հորդորել Ազգային ժողովի դռները փակել՝ «չթողնեք դուրս գա, ոստիկանություն զանգեք, քրեական գործ հարուցեք» եւ այլն, եւ այլն։

-Իսկ Մհերը փախուստի՞ է դիմել։

-Ոչ, ես որ եկա Ազգային ժողով, մեր գործընկեր պատգամավորը խմբակցության սենյակում նստել էր, նա չի փախել։ Ոստիկանները եկան պարոն Սեյրան Օհանյանի սենյակ, կանչել ենք Մհեր Սահակյանին, իրեն ասել են, որ ձերբակալված է, եւ տհաճ տեսարանով տարել են ոստիկանություն։

-Ի՞նչ տեսարան։

-Միջանցքում թե ինչ է կատարվել, ես չեմ տեսել։

-Իսկ Ձեզ հայտնի՞ է՝ քրեական վարույթ հարուցվե՞լ է եւ ի՞նչ հոդվածով։

-Քաղաքացիական հագուստով ոստիկանները միայն հայտարարեցին, որ Մհեր Սահակյանը ձերբակալված է, հիմա հարցաքննում են։ Ցավոք, Վովա Վարդանյանն էլ հիմա հիվանդանոցում է, որի մասին լրատվամիջոցներից տեղեկացա։

-Ի՞նչ վնասվածք է ստացել։

-Չեմ տեսել, ինձ ասացին, որ դեմքին է եղել հարվածը` աչքի վերեւի հատվածին։

-Իսկ բորբոքվել են քաղաքական թեմայի՞ շուրջ, թե՞ նախագծի։

-Չեմ կարող ասել, չգիտեմ՝ ինչու է բորբոքվել կուլտուրական մարդը։