Միանում եմ «Փյունիկ ՖԱ» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի պահանջին.Հովհաննես Պողոսյան

Միանում եմ «Փյունիկ ՖԱ» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի պահանջին.Հովհաննես Պողոսյան

«Հրապարակի» զրուցակիցը Երևանի Արարատի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանն է.

- Պարոն Պողոսյան, Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին, եզրափակչում են Արգենտինան ու Ֆրանսիան, ինչպիսի՞ հաշիվ եք կանխատեսում:

- Դժվար է կանխատեսել, թե ինչ հաշվով կավարտվի հանդիպումը, բայց միանշանակ կարող եմ ասել, որ սա լինելու է աշխարհի առաջնության լավագույն եզրափակիչներից մեկը։ Ինչպես աշխարհի առաջնությունից առաջ, այնպես էլ հիմա իմ սկզբունքներին հավատարիմ, վստահում և հավատում եմ Արգենտինայի հավաքականին, և կարծում եմ՝ Արգենտինան կհաղթի երկու գոլի տարբերությամբ և աշխարհի գավաթը կգնա Բուենոս Այրես։

- Հայկական ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկի` Փյունիքի նախագահը երեկ պահանջել է ՀՖՖ նախագահի հրաժարականը, Ձեր կարծիքով` Փյունիքի նախագահի այս պահանջը օբյեկտի՞վ է:

- Ես համաձայն եմ և միանում եմ «Փյունիկ ՖԱ» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի պահանջին և պահանջում եմ ՀՖՖ-ի ղեկավար կազմի հրաժարականը։ Այս պատահական վիժվածքները պետք է անհապաղ հեռանան հայկական ֆուտբոլից, այլապես շատ մոտ ապագայում մնացած փշրանքներն էլ կվերանան և վերջ։ Ուղղակի ինձ մոտ հարց է առաջանում, ինչու՞ է հենց հիմա բարձրաձայնում «Փյունիկ ՖԱ» սեփականատերը, այլ ոչ թե երեք տարի առաջ, երբ իշխող վարչակազմի կողմից հայկական ֆուտբոլի վզին փաթաթեցին և ապօրինաբար ընտրեցին այս ապազգային թյուրիմացություններին։ Իսկ ինչու՞ է միայն երեք տարի անց հիշում, թե ինչպես հեռացրեցին տաղանդավոր ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի կնոջը և հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի մորը։ Իսկ միթե՞ չեն տեսել այս երեք տարվա Ազգային հավաքականի խայտառակ և ամոթալի խոշոր հաշվով պարտությունները, ՀՖՖ-ում հայտնված ֆուտբոլից անտեղյակ մարդկանց ներկայությունը, և վերջապես, ինչպես կարող է ժամանակին իր կյանքում հայ պատանի և հայկական բանակի սպա սպանած դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի պաշտպանությունը ստանձնած կոլաբորացիոնիստը ղեկավարել Ազգային կառույց՝ աբսուրդի գագաթնակետ։ Մի՞թե չի նկատել, որ սրանց կյանքն ամբողջությամբ պարտության խորհրդանիշ է, ոնց որ մեր հայրենիքն են դիլիմ-դիլիմ զիջում, այնպես էլ ֆուտբոլն են փուլ առ փուլ կործանում։Իսկ վերջում, կուզենայի հորդորել «Փյունիկ ՖԱ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին, որպես բոլոր չարիքների ակունք, պահանջել հայրենիքս կործանած ազգակործան վարչապետի և իր վարչախմբի հրաժարականը։