Ոչ ադեկվատ մարդկանց ժամանակը

Ոչ ադեկվատ մարդկանց ժամանակը

Պատերազմի ուրվականը վաղուց էր շրջում աշխարհում։ Բայց մարդիկ վստահ էին, որ ողջամտությունը կհաղթանակի, եւ կհաջողվի կանխել դրա սանձազերծումը՝ կգործեն դիվանագիտական խողովակները, անվտանգության միջազգային կառույցները, եւ գերտերությունների հակասությունները կհարթվեն բանակցային ճանապարհով, քանզի բոլորը հասկանում են համաշխարհային երրորդ պատերազմի վտանգները։ Պարզ ասած՝ ոչ մի ինքնաթիռի օդաչու չի վտանգում իր վարած օդանավը, որպեսզի սեփական կյանքը չվտանգի։ Կարծում էինք, թե պետությունների ղեկավարները շատ լավ հասկանում են, որ պատերազմներում ոչ ոք չի շահում։ Եվ հնարավոր չէ պատերազմն այնպես կառավարել, որ այն դուրս չգա վերահսկելիության սահմաններից ու չվերածվի երկրագունդը վտանգող մի արհավիրքի։ Միջուկային եւ այլ ժամանակակից զենքի ահռելի քանակը պետք է զսպեր պատերազմ սկսելու կիրքը, քանզի այդ պատերազմի ընթացքն ու ելքն անկանխատեսելի են։

Բայց պարզվեց՝ աշխարհն այնքան զուսպ ու ողջամիտ չէ, եւ պետությունների ղեկավարներն էլ դժվար են կառավարում իրենց էմոցիաները եւ հեշտ տրվում սադրանքների։ Այսօր արդեն կարող ենք հանգիստ ասել, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան ապացուցեցին, որ անհավասարակշիռ եւ իրենց քայլերի հետեւանքները չգիտակցող մարդիկ են նստած պետությունների ղեկին։ Այն, որ Զելենսկին պատահականորեն մի հսկա պետության ղեկին հայտնված անձ է՝ անհավասարակշիռ ու անփորձ մեկը, վաղուց էր պարզ։ Բայց որ Պուտինի նման փորձառու, երկաթե նյարդեր ունեցող մարդը կգնա նման արկածախնդրության, անակնկալ էր։ Եվ այսօր, երբ անգամ վերջը չի երեւում, արդեն հստակ է, որ այս պատերազմի հետեւանքները մարդկությունը դեռ երկար է զգալու։ Եվ շարունակվող յուրաքանչյուր օրն ավելի է երկարաձգում բնականոն կյանքին վերադառնալու ժամկետները։