Սոցապծառայությունում ո՛չ պետ կա, ո՛չ պետի պաշտոնակատար

Սոցապծառայությունում ո՛չ պետ կա, ո՛չ պետի պաշտոնակատար

Փետրվարի 15-ից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ղեկավար չունի։ Նախկին պետ Անի Ամիրշադյանը, որը նախկին նախարար Զարուհի Բաթոյանի կադրն էր, հեռացվեց պաշտոնից, եւ նոր պետ դեռ չի նշանակվել։

Հիշեցնենք․ նախարարությունը սոցիալական բոլոր ծառայությունների ինտեգրման ծրագիր է իրականացնում՝ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, ինչը նշանակում է սոցիալական 4 ծառայությունների՝ սոցիալական ապահովության տարածքային բաժնի, զբաղվածության տարածքային կենտրոնի, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի, սոցիալական աջակցության տարածքային գործակալության միավորում եւ տեղակայում մեկ վայրում: Այսինքն՝ 4 տարբեր պրոֆիլի ծառայություններ միավորվում են միմյանց հետ, սակայն դրանք իրարից շատ տարբեր են, եւ մեկ անձը չի կարող կառավարել այդ բոլոր ծառայությունները, ինչը դժվարացնում է ինտեգրված ծառայության պետ գտնելու գործը։ 

Բացի այդ, համակարգի աշխատողները տարակուսած են՝ եթե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բոլոր գործառույթները հանձնում են սոցապծառայությանը, որը պետք է նաեւ ֆինանսական խողովակ դառնա եւ այլն, ապա ինչո՞վ է զբաղվելու բուն նախարարությունը։ Այդ դեպքում ինչո՞ւ են պահում մի պարազիտ մարմին՝ ահռելի նախարարության տեսքով, որը հայտնի չէ, թե ինչ գործառույթներ է ունենալու։ 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինտեգրված սոցապծառայության պետ երբ է նշանակվելու, պատասխանեցին․ «Նշանակում դեռ  չկա, ԺՊ էլ չունենք»։ Այդ դեպքում ինչպե՞ս է աշխատում այդ կառույցը։ «Ընթացիկ աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են, նոր տեղակալ ունենք»։ Խոսքը Լիլիթ Սեդրակյանի մասին է, որը սոցապծառայություն է տեղափոխվել ՄՈԳՈ վարկային կազմակերպությունից։ Նա «լեւոնական» կադրերից մեկի՝ Տիգրան Սեդրակյանի դուստրն է։