Ոչ թե մեղավոր ու անմեղ պետք է ման գանք, այլ բոլորս մեր մեղավորությունն ընդունենք

Ոչ թե մեղավոր ու անմեղ պետք է ման գանք, այլ բոլորս մեր մեղավորությունն ընդունենք

Մոտ մեկ ամիս առաջ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մերժած Նիկոլ Փաշինյանը կրկին կանգնած է բարդ ընտրության առջեւ։ Ներքաղաքական վերջին զարգացումները, զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը նրան արտահերթ ընտրություններից նահանջի տեղ կարծես էլ չեն թողնում։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, պատրաստ են առանց նախապայմանների գնալ ընտրությունների, վարչապետի հրաժարականից հետո չառաջադրել նոր թեկնածու եւ չխոչընդոտել խորհրդարանի լուծարմանը, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին հրաժարական տա, եւ մինչեւ հունիս տեղի ունենան ընտրությունները։ Չնայած դրան, Նիկոլ Փաշինյանը դեռեւս խուսափում է հայտարարել իր մոտալուտ հրաժարականի եւ ընտրությունների գնալու մասին։ Մի կողմից՝ հավանաբար չի վստահում ընդդիմությանը, մյուս կողմից՝ իր թիմին եւ մտածում է, որ հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու կառաջադրեն ու կխլեն իր աթոռը։

Կամ էլ մի շարք ուժեր կբոյկոտեն իր վարչապետությամբ արտահերթ ընտրությունները, եւ ներքաղաքական լարումը կրկին չի թուլանա։ 

Դրանից բացի, վերջին օրերին մենք տեղեկություններ ենք ստանում, որ Փաշինյանը գույքագրում է ունեցած-չունեցածը, ով եւ ինչքան է պատրաստ ընտրություններին աշխատել իշխանության համար։ Այս ճշգրտումներից հետո կհասկանա՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ այն ինչ-որ պատրվակով կրկին հետաձգել։

Մի բան փաստ է, որ նախկինի պես Փաշինյանը կտրականապես չի մերժում արտահերթ ընտրությունները։ Կիրակի օրը կառավարական ամառանոցում նա հավաքել է «Իմ քայլի» պատգամավորներին եւ ասել, որ գնալու են ընտրությունների, սակայն, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, չի հստակեցրել ժամկետները, որքան էլ պատգամավորներից ոմանք ուղիղ հարց են տվել՝ հիմա՞, թե՞ աշնանը։ Փաշինյանը գնդակը նետել է ընդդիմության դաշտը՝ ասելով, որ նրանց հետ պայմանավորվածությունից կերեւա։ Սակայն շնորհակալություն է հայտնել պատգամավորներին իր կողքին մնալու եւ իրեն հավատարմության համար, ինչից թիմում տպավորություն են ստացել, որ հանգուցալուծումը մոտ է։ 

 «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանին որ մնա, արտահերթ ընտրություններ չի անցկացնի, ասում է՝ չկա դրա հանրային պահանջը, այլ հարց է, որ, նրա խոսքով, քաղաքական գործընթացները դրան տանեն․ «Եվ եթե ընդդիմությունը համաձայնի, մենք ոչ մի խնդիր չունենք ընտրությունների գնալու»։ Գագիկ Ծառուկյանը վերջին հարցազրույցում, ըստ էության, նահանջեց Հայրենիքի փրկության շարժման նախկին կոշտ օրակարգից՝ ասելով, թե իրավիճակի հանգուցալուծումը պատկերացնում է Փաշինյանի հրաժարականով եւ շուտափույթ ընտրություններ անցկացնելով, Էդմոն Մարուքյանն էլ է համաձայն թեկնածու չառաջադրել, ինչո՞ւ Փաշինյանը հրաժարական չի տալիս․ մեր այս դիտարկմանը Սարուխանյանն արձագանքեց․ «Դա իրավական հարցեր են, ես չգիտեմ՝ ինչպես է լուծվելու, քաղաքական առումով ասացի՝ խնդիր չեմ տեսնում, եթե լինի համաձայնություն»։

Ընտրությունների անցկացման ժամկետների հարցն էլ, ըստ իշխանականի, պետք է լուծվի ընդդիմության հետ կոնսենսուսի արդյունքում։

Արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ դրանց ժամկետների մասին գրեթե բառացիորեն նույնը կրկնեց իմքայլական Հովիկ Աղազարյանը․ «Չենք ասում՝ հուշագիր ստորագրեն, գոնե հայտարարություն պիտի անեն, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների։ Միգուցե հետո մեզ խաբեն, բայց թող հայտարարություն անեն՝ իրենց քաղխորհրդի մակարդակով»։ Ընտրությունները հին թե նոր Ընտրական օրենսգրքով անցկացնելու հարցը եւս որոշվելու է ընդդիմության հետ համաձայնությամբ․ «Մենք չենք կարող հաշվի չնստել ընդդիմության հետ, որովհետեւ ընտրական կարգի մոդելի փոփոխության շուրջ կոնսենսուս է պետք։ Հիմա որը կհամաձայնեն, նրանով էլ կգնանք։ Եթե նոր օրենսգրքով ենք գնալու, ապա ընտրությունները կլինեն աշնանը, եթե ոչ, ապա կարելի է շուտ անել՝ մինչեւ ամառ»։ Աղազարյանի գնահատմամբ, իշխող ուժի համար էլ մոդելի հարցը միանշանակ չէ, կարծիքները բաժանվում են՝ մի մասը ռեյտինգայինի կողմ է, մի մասը՝ համամասնականի․ «Իմ կարծիքով, կայացած հասարակության համար ռեյտինգայինը ճիշտ է, բայց այս դեպքում ավելի ճիշտ կլինի համամասնականը»։

Ինչպե՞ս է իշխանությունը մասնակցելու ընտրական քարոզարշավին, երբ իշխանության երբեմնի ամենահեղինակավոր առաջին դեմքը՝ Նիկոլ Փաշինյանը, այսօր ազատ տեղաշարժի խնդիր ունի եւ մի քանի հարյուր մետր քայլելու համար ոտքի է հանում ոստիկանության հարյուրավոր գնդեր, տանիքներ բարձրացնում դիպուկահարներ։ Եվ, առհասարակ, Արցախի մեծ մասի կորստի ու ավելի քան 5 հազար զոհերի համար պատասխանատվություն կրող Նիկոլ Փաշինյանն ի՞նչ խոստումներ է տալու ժողովրդին։ «Չէ, մի ծայրահեղացրեք»,- հակադարձեց Աղազարյանը։ «Վարչապետը լավ էլ շփվում է ժողովրդի հետ, բայց էդ ապահովական միջոցառումները, որ երբեմն-երբեմն իրականացվում են՝ «ազնիվ մղումներով» իրենց քաղաքական տեսակետները պաշտպանող ընդդիմադիրների շարքերում հավանական սադրիչների գոյության պարագայում, հեռու մնանք էդ վիճակից»։

Արագածոտնի մարզի Քուչակ համայնքից ընտրված պատգամավոր Մաթեւոս Ասատրյանն էլ կարծում է, որ օր առաջ պետք է գնալ ընտրության եւ լիցքաթափել իրավիճակը։ Նա կոչ է անում բոլոր նրանց, ովքեր կասկածում են, որ իրենք կարող են հանգիստ շփվել ժողովրդի հետ, գնալ եւ իր հետ քայլել իրենց գյուղում ու տեսնել, թե ժողովուրդն իրեն՝ որպես իշխանության ներկայացուցչի, ինչպես է ընդունում։ «Եթե իշխանությունից դժգոհություն լիներ, ես էլ մի մասն եմ, ինձնից էլ կլինեին»,- ասում է նա։ Այսինքն՝ այս ամենից հետո, փաստորեն, հնարավո՞ր է նորմալ քարոզարշավ իրականացնել, խոստումներ տալ։ «Թող ոչ մեկ չմտածի մեր մասին, չանհանգստանա, թող էդ անհանգստացողներն իրենք մտածեն, թե ոնց են ներկայանալու ժողովրդին, 30 տարի ապրել են, չէ՞, երկրում, անցյալը չի մոռացվել»։

Բայց անցյալում Արցախ չեն հանձնել, այսքան մարդ չի զոհվել։ «Ի՞նչ է նշանակում՝ հանձնել, մենք հայրենիք կհանձնեինք այն ժամանակ, երբ պատերազմ չէինք անի։ Իմ ծնողները, մեր ժողովուրդը իրենց բերանից կտրել են, որ կայուն բանակ ունենանք, 30 տարի շարունակ բանակը սարքել էինք բարձր մարմին, որը մեր անվտանգությունը պետք է ապահովի, բայց 30 տարի պատերազմի քայլ չեն արել, եւ մենք չենք կարող ասել՝ եղե՞լ է մեր ազդեցությունը, թե՞ հակառակորդի թուլությունը, որ մեզ չեն մոտեցել։ Մենք, չմոռանանք, որ ամենաուժեղ բանակի դեմ ենք կռվել, էդ նույն նախկիններն իրենք են փաստում, որ Ադրբեջանի հետ բանակցությունները գնացել է փակուղի, հնարավոր է, որ նաեւ լինի պատերազմ,- ասաց իմքայլականը՝ հավելելով։- Կատարվածը ցավ է բոլորիս համար, եւ բոլորս միասին պետք է սրանից դուրս գանք, ոչ թե միայնակ։ Հաղթանակը բազում տեր ունի, պարտությունը որբ է։ Պետք է բոլորս հետեւություն անենք, ես ապրելու եմ այս երկրում, ես սերունդ ունեմ, ինձնից ծնված երեխեք կան, իրենք պետք է ապրեն այս երկրում, հետեւաբար, ես պարտավորված եմ իմ պետության եւ ժողովրդի հանդեպ։ Դատարկախոսությունների ժամանակը չէ, մենք միասին պետք է դուրս գանք այս վիճակից, գնանք ընտրության։ Մարդիկ կանգնած սպասում են, թե երբ պետք է ներդրում անեն, երբ պետք է այս իրավիճակը հանդարտվի, արդյոք հույս ունե՞ն այստեղ ապրելու, թե՞ գնալով վատանալու է, եւ իրենց ընտանիքի փրկության մասին են մտածում։ Դրա համար ոչ թե մեղավոր ու անմեղ պետք է ման գանք, այլ բոլորս մեր մեղավորությունն ընդունենք»։ Իշխանության վերարտադրության դեպքում մարդիկ կանե՞ն ներդրում կամ մարդիկ կմնա՞ն Հայաստանում։ «Իշխանություն, թե ընդդիմություն՝ բոլորս պետք է նպաստենք նրան, որ ներդրողը գա եւ անի»։