Փաշինյանին պետք է զրկել Հայաստանը հանձնելու հնարավորությունից

Փաշինյանին պետք է զրկել Հայաստանը հանձնելու հնարավորությունից

«Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, ու այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով»,-բրյուսելյան հանդիպումից հետո տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ 2021-22 թվականների ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել 41 քառակուսի կիլոմետր հայկական տարածք, չնայած անկախ փորձագետները համարում են, որ այդ տարածքն ավելի մեծ է: Թե որքան, այսպես կոչված, ադրբեջանական տարածք է գտնվում Հայաստանի վերահսկողության տակ, Փաշինյանը երեկ չի հայտարարել, չնայած ադրբեջանական շահերի սույն պաշտպանը դա ավելի հստակ կիմանա:

Փաշինյանը հետեւողականորեն հայ հասարակությանը նախապատրաստում է Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական նախկին անկլավները, եւ գուցե ոչ միայն դրանք, Ադրբեջանին հանձնելուն: Հիմա հասկանալի է դառնում նաեւ, թե ինչպես կարող էին ադրբեջանական բանակի զինծառայողներն անարգել եւ առանց հայկական բանակի դիմադրության առաջանալ Սեւ լճի, Ներքին Հանդի, Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին եւ Ներքին Շորժա, Նորաբակ գյուղերի տարածքներում: 

2020թ. կապիտուլյացիոն համաձայնագրի նախնական տարբերակում կար կետ, ըստ որի՝ Հայաստանը պարտավորվում էր Ադրբեջանին հանձնել, այսպես կոչված, ադրբեջանական անկլավները: Բայց հետագայում դրանք հանվեցին փաստաթղթից, երեւի այն տրամաբանությամբ, որ հայտարարությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը եւ զորքերի հետքաշմանը: Սակայն համաձայնագրին հաջորդած մեկուկես տարիների ընթացքում մշտապես խոսվել է այն մասին, որ Հայաստանի իշխանությունը բանավոր կամ գուցե ինչ-որ գաղտնի գրավոր համաձայնություն է տվել, որ տարածքային զիջումներ կանի Հայաստանի տարածքից՝ առնվազն վերադարձնելով, այսպես կոչված, անկլավները: Հիշեցնենք, որ Խորհրդային Հայաստանի տարածքում կային 7 ադրբեջանական գյուղեր` երեքական Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջաններում եւ մեկը՝ Արարատի: Եվ այդ գյուղերը վերադարձնելու մասին սկսել են խոսել 2020թ. նոյեմբերի 9-ից սկսած:

Ինչպե՞ս կարող էր Հայաստանի փաստացի իշխանությունն այդ տարածքները վերադարձնել Ադրբեջանին: Մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրած ու Ադրբեջանին պատերազմով հսկայական տարածքներ զիջած իշխանությունը, հավանաբար, որոշել է այս անգամ խորամանկել: Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության հետ ունեցած պայմանավորվածությամբ, Հայաստանի բանակն առանց դիմադրության հանձնում է ռազմավարական նշանակության տարածքներ` Հայաստանի սուվերեն տարածքից, որոնք զբաղեցնում է ադրբեջանական զինուժը:

ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ նրանց ՀՀ տարածքից դուրս բերելու համար, դիմում են տարբեր միջնորդների, ՊՆ-ն խրոխտ հայտարարում է, որ պատրաստ է ռազմական միջոցառումներ ձեռնարկել այդ տարածքներն ազատագրելու համար, սակայն իրականում ոչինչ չի արվում, քանի որ այդ տարածքները թշնամուն են հանձնվել պայմանավորվածության արդյունքում: Հանձնվել են, որ երբ գա սահմանազատման պահը, ՀՀ իշխանությունը կարողանա հայտարարել, որ ոչ թե գնում է միակողմանի զիջումների, այլ ադրբեջանական տարածքները զիջում է՝ տեղը ստանալով հայկական տարածքներ:

Եթե համադրում ենք վերջին 1-2 տարվա իրադարձությունները, գալիս ենք այն եզրահանգման, որ արդեն տեւական ժամանակ, առնվազն 2020թ. նոյեմբերից, իսկ գուցե դրանից առաջ, Հայաստանի իշխանությունը գործում է Ադրբեջանի հետ համաձայնեցված եւ գործում է Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության դեմ: Արցախյան պատերազմից առաջ հայտարարելով, թե Արցախի հարցը պետք է լուծվի նաեւ ի շահ Ադրբեջանի ժողովրդի, եւ դրանից հետո Ադրբեջանին հանձնելով Արցախը՝ Փաշինյանը հիմա էլ հրապարակային հայտարարում է Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքների առկայության մասին՝ հստակ հասկացնելով, որ պատրաստվում է տարածքային զիջումների` Հայաստանի հաշվին: 

Որեւէ մեկը երբեւէ լսե՞լ է, որ Ալիեւը խոսի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի տարածքների մասին: Նման բան չի եղել ու չի կարող լինել: Քանի որ Ալիեւը սպասարկում է Ադրբեջանի ազգային եւ պետական շահերը: Ընդհակառակը՝ Ալիեւը խոսում է Սեւանի, Սյունիքի եւ Երեւանի՝ ադրբեջանական լինելու ու այդ տարածքները վերադարձնելու մտադրության մասին:

Այնպես որ, Փաշինյանը շարունակելու է տարածքային զիջումներն Ադրբեջանին, քանի դեռ իշխանություն ունի Հայաստանի մնացած մասի վրա: Նրան կանգնեցնելու միակ հնարավորությունն այդ իշխանությունից, Հայաստանը ներկայացնելու հնարավորությունից նրան զրկելն է: Որքան շուտ, այնքան ավելի քիչ տարածքային զիջումներով եւ բարոյական խեղումներով: 

Ավետիս Բաբաջանյան