Ես հասկանում եմ, թե ինչու են հիմա նման աղմուկ բարձրացրել

Ես հասկանում եմ, թե ինչու են հիմա նման աղմուկ բարձրացրել

Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դեռեւս դեկտեմբեր ամսին հաղորդում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի, քանի որ, ըստ Իոաննիսյանի, իրենք նոր են հայտնաբերել, որ Խոսրով Հարությունյանի ստորագրությամբ 1992 թվականի պայմանագրով Հայաստանում տեղակայվել են ռուսաստանյան սահմանապահ զորքեր՝ առանց Գերագույն խորհրդի վավերացման, թեեւ այդ պայմանագիրը ենթակա էր օրենսդիր մարմնի կողմից վավերացման։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նշված փաստերի առթիվ իրավապահ մարմինները չեն նախաձեռնել քրեական վարույթ, ըստ այդմ՝ դիմել ենք դատարան՝ բողոքարկելով համապատասխան ակտը»։ Քրեական դատարանում նիստը տեղի է ունեցել մարտի 5-ին: Մենք ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել խնդիրը:

- Պարոն Հարությունյան, Ձեզ ինչո՞ւմ են փորձում մեղադրել ՀԿ-ները, ինչո՞ւ են դիմել իրավապահներին, որ քրեական գործ հարուցեն Ձեր նկատմամբ, եւ հիմա էլ վրդովված են, որ չեն հարուցել, եւ չհարուցելու որոշումը բողոքարկել են դատարան:

- Անկեղծ ասած, ոչ մի բանից տեղյակ չեմ ընդհանրապես: Ոչ ոք ոչ մի բան ինձ չի տեղեկացրել: Միայն գիտեմ, որ այդ երիտասարդը նման հայտարարությամբ է հանդես եկել: 1992 թվականին, այո, ես ստորագրել եմ այդ համաձայնագրի տակ, սակայն այն Գերագույն խորհրդի վավերացմամբ չի անցել, բայց այդ տղան հաշվի չի առնում մի հանգամանք` այն ժամանակ Գերագույն խորհուրդն ընդունում էր որոշում, թե որ փաստաթղթերը պետք է անցնեին պարտադիր վավերացմամբ: Այն համաձայնագիրը, որը ես ստորագրել եմ, ԳԽ-ի կողմից չի վավերացվել: Կար ԳԽ որոշում, թե կառավարության որ որոշումն է վավերացում համարվում, ոչ մի օրենքի խախտում չի եղել: Բայց եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ Խոսրով Հարությունյանը վրիպել է ինչ-որ բան, վերջին հաշվով, կա կառավարական ապարատ, որը զբաղվում է իրավական խնդիրներով: Նման կարեւոր խնդրին վերաբերող, հարաբերություններ կարգավորող փաստաթղթի հանդեպ ոչ իրավական մոտեցում չէր կարող լինել: Ես հասկանում եմ, թե հիմա ինչու են նման աղմուկ բարձրացրել:

-Ինչո՞ւ:

- Աղմուկը բարձրացվել է, որպեսզի հիմնավորեն, որ սահմանապահները Հայաստանում իրավական հիմքեր չունեն, որ ռուսական զորքերը չեն կարող ՀՀ սահմանը նայել: Իրավական առումով ուզում են ասել` այդ պրոցեսն առոչինչ է:

- Իսկ ո՞վ է ուղղորդել Իոաննիսյանին:

- Հիմա ինչո՞ւ են պահանջում «Զվարթնոցից» դուրս բերել ռուսական սահմանապահներին: Դա առաջին քայլն է: Հաջորդ քայլը լինելու է ռուս սահմանապահներին ՀՀ-ից դուրս բերելը` հայ-թուրքական, հայ-իրանական սահմաններից:

- Ինչո՞ւ են ՀԿ-ները, մասնավորապես Դանիել Իոաննիսյանը, այդքան շահագրգիռ այդ հարցով:

- Պետք է իրենից հարցնեք: Երբ հարցերը վերաբերում են աշխարհաքաղաքական կարեւոր զարգացումներին, այդ տղան ՀԿ-ի անվան տակ հանդես է գալիս: Ինքը պետք է ասի, թե ինչու է ստանձնել այդ դերը: Ամեն դեպքում ես բացառում եմ, որ իրավական տեսանկյունից կարող են խնդիրներ լինել պայմանագրում: Ռուսները համաձայնագրի հիման վրա պաշտպանության նախարարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, թե որտեղ պետք է տեղակայվեն ու ինչ ռեժիմով: Դա եղել է 1992-ին: Ինչ վերաբերում է դատական նիստերին, ես ոչ մի բանից տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում այդ մասին: