Ինչո՞ւ մենք չօգտագործեցինք

Ինչո՞ւ մենք չօգտագործեցինք

Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքներով հաղորդվող արևմտյան տեսանյութերից մեկում դիրքեր այցելած լրագրողը ուկրաինացի սպային հայտնում է, որ Արևմուտքում բազմաթիվ մարդիկ քննադատում են կասետային ռումբերի օգտագործումը: Սպայի արձագանքը դրան ավելի քան ադեկվատ էր՝ «Թող գան դիրքերը, կռվեն մեր կողքին, իսկ հետո կարող են քննադատել»: Զուտ մարդկայնորեն կողմ եմ նման պատասխանին, չնայած բազմաթիվ անգամ ներկայացրել եմ իմ տեսակետն այդ պատերազմի առումով: Այն է՝ եթե հրաշք պատահի և ռուսները պարտվեն, ապա մենք կկորցնենք ոչ միայն Սյունիքը, այլև մեր պետականությունը՝ Արցախի մասին էլ չասած:

Մեկ-երկու խոսք կասետային ռումբերի մասին: Դրանք արգելելու վերաբերյալ 2008 թվականի միջազգային կոնվենցիային առ այսօր միացել է աշխարհի երկրների կեսից ավելին: Արգելելու հիմքն այն էր, որ մեկ ռումբը ներառում է բազմաթիվ մանր պայթուցիկ նյութեր (ռումբեր, ականներ և այլն), որոնք մնում են պայթունավտանգ նաև պատերազմական գործողությունների ավարտից հետո: Արդեն հաշվել են, որ պատերազմից հետո տարածքը կասետային ռումբերից մաքրելու համար կպահանջվի մի քանի միլիարդ դոլար: Կոնվենցիային չմիացած խոշոր երկրներից են ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, թյուրքախոս բոլոր պետությունները, համարյան ողջ արաբական աշխարհը և այլն: Դրան չեն միացել նաև Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև Ուկրաինան: 
Իսկ այժմ մտաբերենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիններն են օգտագործել այդպիսի ռումբեր մեր դեմ: Միջանկյալ հիշենք, որ օգտագործվեցին նաև ֆոսֆորային ռումբեր: Մեկ-երկու շաբաթ առաջ Ուկրաինան նման սպառազինություն ստացավ ԱՄՆ-ից և սկսեց կիրառել ռուս-ուկրաինական պատերազմում: Ի պատասխան՝ նույնը սկսեց անել նաև Ռուսաստանը: Ի դեպ, ներկայացնեմ մեկ զավեշտ այդ առումով. Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ «ՌԴ-ի կողմից կասետային զինամթերքի պատասխան կիրառումը ևս մեկ անգամ ցույց կտա Ռուսաստանի պատրաստ չլինելը խաղաղ բանակցություններին»:

Առաջին միտքս այն էր, որ այդ անձը զրկվել է առողջ դատողությունից: Իսկ հետո ինքս ինձ բռնացրի այն մտքի վրա, որ նա հենվել է ոչ վաղ անցյալի իրականության վրա: Ինքը հետևություն է արել 2020 թվականի 44-օրյա պատերազմում «գլխավոր հրամանատար» Փաշինյան Նիկոլի վարքից: Ու ենթադրել է, որ ռուսներն էլ պետք է նույն ձեևով պահեն իրենց: Իսկ Փաշինյանի վարքը վերլուծելուց այնպիսի տպավորություն է առաջանում, որ նա հատուկ էր անում այնպիսի բաներ, որ հաղթեր թշնամին: Իսկ հետո ինքը պարտության մեջ մեղադրեր բոլորին՝ գեներալից մինչև գնդապետ ու մինչև զինվոր: Ու նաև կնոջ բերանով մեղադրանք հնչեցներ ավելի քան 10 հազար «դասալիքների» հասցեին: Ի դեպ, կրկնելով դրանից մի քանի օր առաջ բարձրաձայնված՝ թշնամի պետության ղեկավարի խոսքը:  

Իսկապես, եթե ուկրաինական ԶՈՒ-ն իրավունք ունի գործադրել միջազգայնորեն արգելված զինատեսակը, ապա ինչու նույնը չէր կարող անել Հայաստանը: Դրա առաջին խոչընդոտի վերաբերյալ ասվեց՝ դա ՀՀ «գլխավոր հրամանատար» Նիկոլն էր: Իսկ եթե ենթադրվի, որ այդ պաշտոնին կարող էր լինել ավելի ադեկվատ մեկը, ապա ի՞նչը կխանգարեր դրան: Կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է օգտագործեր այն ամենը, ինչն ինքն ուներ այդ պահին: Եվ ինչպես ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր անընդհատ ասում, կարող էր օգտագործել նույնիսկ հայկական ատոմակայանի շահագործման հետևանքով առաջացած՝ օգտագործված միջուկային վառելիքը: Թե՞ մեզ դա չէր թույլատրվելու, ու մենք, որպես քաղաքակիրթ ժողովուրդ, ենթարկվելու էինք այդ հրահանգին՝ գիտակցելով, որ արդյունքում պարտություն ենք կրելու: Ու կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև նույնիսկ ողջ Հայաստանը:  

Իսկ թշնամին թքած ունի թե՛ քաղաքակրթության և թե՛ նիկոլական ժողովրդավարության վրա: Ինչը բնական երևույթ է նրա, որպես ագրեսորի, համար: Բայց պաշտպանվող կողմը ևս պետք է իրավունք ունենա օգտագործելու բոլոր հնարավորությունները թշնամուն հաղթելու համար: Այն, ինչը մենք չտեսանք 44-օրյա պատերազմում: Տեսանք ուրիշ բան՝ ժողովրդավարությունը դրոշակ սարքելով՝ վայրագ թշնամուց խաղաղություն մուրալը: Տեսանք նաև հույսը միջազգային հանրություն կոչվող անդեմ երևույթի վրա դնելը: Որի խոսքը գործի չվերածվեց ու չի երևում, թե երբևէ կվերածվի: