ԳԽ որոշ պատգամավորներ նիստի փոխարեն գնացել են խորոված ուտելու

ԳԽ որոշ պատգամավորներ նիստի փոխարեն գնացել են խորոված ուտելու

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը երեկ՝ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը երկու նախաձեռնությամբ էր հանդես եկել` նոր շարժում սկսելու, որի արդյունքում Փաշինյանը պիտի հրաժարական տա եւ այն պետք է իրականացվի երեկոյան Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ և Հայաստանի առաջին գումարման խորհրդարանաի` Գերագույն խորհրդի նախկին պատգամավորների մասնակցությամբ խորհրդանշանական նիստի հրավիրմամբ, որի ժամանակ պատգամավորները պետք է արձանագրեն այն, որ Հայաստանը շեղվել է 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի դրույթներից։ Հանդիպմանը մասնակցում էին ԳԽ 30 պատգամավոր, ներկա էին նաեւ այսօրվա ԱԺ մի շարք պատգամավորներ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններից։

Ներկա էին ԳԽ պատգամավորներ Կիմ Բալայանը, Արաբոյի Մանվելը, Հրանուշ Հակոբյանը, Ազատ Արշակյանը, Գառնիկ Իսագուլյանը, Մեխակ Մխիթարյանը, Խոսրով Հարությունյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը եւ այլք։  Չնայած հանդիպումը կայացավ, տեղի ունեցավ քննարկում, սակայն, պարզվում է, այն ոչ բոլորին է գոհացրել:

Սովետական տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպումն իրեն դուր չի եկել, քանի որ ԳԽ պատգամավորական ակումբի որոշ պատգամավորներ խախտել են պայմանավորվածությունը: Օրեր առաջ տեղի ունեցած նախապատրաստական նիստի ժամանակ նախ պայմանավորվել են, որ անպայման ներկա են գտնվելու օգոստոսի 23-ի խորհրդանշական հանդիպմանը, սակայն վերջին րոպեին փոխել են որոշումը և հանդիպման գալու փոխարեն գնացել են «բեսեդկա» խորոված ուտելու: Ում մասին է խոսքը, Արշակյանը անվանական չասաց. «ինֆարկտ տարած տղերք են, չեմ ուզում անուններ տալ, կկարդան ու կհասկանան», - ասաց նա: «Նախատեսվածից քիչ մարդիկ էին եկել, չգիտեմ ինչու էին որոշել, որ պետք է չգան: Նախնական հանդիպմանն Արա Սահակյանը մի տեքստ կարդաց, որն իմ ենթադրությամբ հենց ինքն էր գրել, ներկաներն` այդ թվում ես տվեցինք մեր հավանությունը և որոշվեց, որ գաղափարի շուրջ պետք է հավաքվեն բոլորը, սակայն ինձ զանգում է ԳԽ պատգամավորներից մեկը, որի անունը չեմ տա, ինֆարկտ տարած տղա է, կնեղվի և հայտարարեց, որ չեն գալու», - նշում է Արշակյանը: Մենք նաև հետաքրքրվեցինք, իսկ ԳԽ պատգամավորները երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային` հանրահավաքին մասնակցե՞լ են, Ազատ Արշակյանն ասաց. «Ես չեմ մասնակցել: Մենք ի սկզբանե տարանջատել ենք բողոքի ակցիան ԳԽ պատգամավորների հանդիպումից: Կարծում եմ դրանք տարբեր գործընթացներ են», - եզրափակեց նա: