Հայկական հարցի վերածվեցին մեր ինստիտուտի տնօրենի ընտրությունները

Հայկական հարցի վերածվեցին մեր ինստիտուտի տնօրենի ընտրությունները

ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի ընտրություններն արդեն մի քանի անգամ հետաձգվում են․ պատճառն արտակարգ դրությունն է։ Իրավիճակն այսպես է պարզաբանում ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը, ով 5 տարի առաջ ակադեմիայի նախագահության կողմից միաձայն ընտրվեց տնօրենի պաշտոնում։ «Ստեղծված իրավիճակի պատճառով, ակամա հայկական հարցի վերածվեցին մեր ինստիտուտի տնօրենի ընտրությունները»,- ասում է նա ու հավելում, որ իր պաշտոնավարման ժամկետը լրացել է մայիսի 7-ին, որից հետո ընդունված կարգով մամուլում հաղորդագրություն են տվել․ «Պարզվեց, որ արտակարգ իրավիճակի պայմաններում օրենքը թույլ չի տալիս ընտրություն անցկացնել, բայց արդեն մի քանի անգամ երկարացվեց արտակարգ իրավիճակը։ Իսկ ընդհանրապես՝ կարգն այսպես է, որ արտակարգ իրավիճակի ավարտից հետո՝ 5 օրվա ընթացքում կարելի է կազմակերպել ընտրությունները»։

Դեւրիկյանն ասում է, որ անգամ ժամանակացույց եւ ընթացակարգ էին մշակել ընտրությունների համար, ըստ որի՝ մասնակիցները 3 կամ 5 հոգով մտնեն դահլիճ, բայց․ «Ասվեց, որ հետո այդ ընտրությունները կարող են վիճարկվել։ Այնպես որ, ես կուզեմ օր առաջ լինի ընտրությունը, բայց դա ինձնից կախված չէ։ Այլ իրավիճակ լիներ՝ կպնդեի, բայց հիմա մարդկային կյանքերի հետ գործ ունենք, որն ավելի կարեւոր է»։ Նա նկատում է, որ ինքը ցմահ չի մնա, ավելին՝ լավատես է, որ վիրուսը շուտ կնահանջի, եւ կկարողանան ընտրությունն անցկացնել, բայց եթե անգամ արտակարգ իրավիճակը մեկ անգամ էլ երկարացվի, ապա պարետատուն կդիմեն, որպեսզի թույլ տան այն անցկացնել, որովհետեւ դրանից բխող խնդիրների առաջ են կանգնում։

«Ճիշտ է, այս ընթացքում մենք լիարժեք մեր աշխատանքներն անում ենք, բայց, օրինակ, լինում են իրավիճակներ, երբ պետք է տարբեր երկրների հետ պայմանագրեր կնքել, բայց իրենք դիվանագիտական քաղաքավարությամբ ասում են՝ տնօրենին շնորհավորենք՝ նոր․․․։ Այսինքն, սպասողական վիճակ է։ Ցանկալի կլիներ, որ նոր տնօրենն ընտրված լիներ, որպեսզի մի շարք ծրագրեր ընթացք ստանային։ Հետո՝ ինստիտուտի զարգացման կոնցեպցիայի հարցը կա, որի շուրջ ես մի ըմբռնում ունեմ, իսկ մեկ ուրիշը կարող է այլ ըմբռնում ունենալ։ Ես հիմա զուգահեռ աշխատում եմ դրա վրա, որ եթե ես ընտրվեմ, ինչպես է ինստիտուտն առաջ գնալու։ Ամեն դեպքում, հիմա ամեն ինչ մի քիչ սառած է, եւ մենք առաջ ենք գնում նույն թափով, եւ ինքս ինձ ասում եմ՝ անկախ նրանից՝ մի ամիս հետո ընտրությունը կլինի, թե 10 տարի հետո, քո ծրագրերն արա։ Այսինքն՝ որպեսզի հետ չմնանք, այս սկզբունքով ենք աշխատում»։

Ուրիշ հավակնորդներ կա՞ն տնօրենի պաշտոնում, ունի՞ մրցակիցներ։ «Դե, առաջինը ես տեղյակ պետք է լինեմ ինստիտուտի գործավարից, կոլեկտիվ ժողովից, հետո՝ էլեկտրոնային գրությամբ տեղյակ ենք պահել կոլեկտիվի բոլոր անդամներին, որովհետեւ այս ընթացքում տարբեր մշակութային հաստատություններում էլի տեղեր են բացվում, եւ կարող է մարդ լինի, որ այլ մրցույթների ցանկանա մասնակցել։ Ահա ինչու մարդկանց հնարավորությունները չսահմանափակելու համար առաջադրումը մինչեւ ընտրությունների նախորդ օրը բաց կպահենք։ Իսկ ծրագրերը մարդիկ կարող են շուտ ներկայացնել, ոչ մեկի հնարավորությունները չենք սահմանափակում, այլ հակառակը՝ ընդլայնում ենք։ Ես վստահեցնում եմ, որ մրցույթին առաջադրվողը, եթե ազնիվ մարդ լինի, եւ այնպես ստացվի, որ չընտրվի՝ ես ընտրվեմ, ինքը կխոստովանի, որ ընտրությունները նորմալ, ազնիվ ձեւով են ընթացել, այլ հարց է, թե կոլեկտիվն ում կընտրի։ Բայց որ ընտրություններն արդար են անցնելու, ես վստահեցնում եմ»,-ասում է Դեւրիկյանն ու նշում, որ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, հուլիսի կեսին կլինեն, եթե ոչ՝ առջեւում ամառային արձակուրդներն են, որն էլ իր հերթին ուրիշ իրավական բարդություններ կստեղծի, դրա համար կարեւոր է, որ մինչ այդ ինստիտուտը տնօրեն ունենա։  

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Դեւրիկյանն իր պատկերացումներն ունի աշխատանքի կազմակերպման հարցում․ «Ստեղծված իրավիճակը մեզ հնարավորություն է տալիս, որ այն, ինչ նյութական առումով սուղ էր, բայց գիտական պոտենցիալի առումով մենք ունեինք, վերջապես ռեալիզացվի, իրացվի այդ միտքը։ Առաջ որեւէ միջազգային գիտաժողովի մասնակցելու համար պետք էին նյութական միջոցներ՝ տրանսպորտի, հյուրանոցի, ճանապարհածախսի գումար, հիմա, օրինակ, հեռավար կարող ես մասնակցել Ժնեւի գիտաժողովին»։