Ինչպես է ստացվում, որ Բաքուն եւ ՔՊ-ն նույն նարատիվներն են տարածում 

Ինչպես է ստացվում, որ Բաքուն եւ ՔՊ-ն նույն նարատիվներն են տարածում 

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հայկական դիրքերի հատվածում ականազերծում են անում։ Ու չնայած բնակիչները փորձում են թույլ չտալ ականազերծումը, սակայն հայրենիքի այս կարեւոր հատվածը թշնամուն հանձնելուց առաջ Պաշտպանության նախարարությունը, որը կոչված է հայ ժողովրդին եւ հայի կենսական տարածքները պաշտպանել, ամեն ինչ անում է, որ այս հողերն արագ հանձնվեն եւ հետագայում որեւէ ադրբեջանցու ոտը քարին չառնի։ ՊՆ աշխատակիցներն ու ոստիկանները համատեղ տեռորի են ենթարկում հայ մարդկանց՝ ադրբեջանցիներին ծառայելու համար։ Շուտով մեր հայրենի հողերը կհանձնենմ Ադրբեջանին՝ ականազերծված՝ վարդագույն «բանծիկն» էլ վրան կապած, որ Նիկոլի յոլդաշ Ալիեւը իրեն լիարժեք լավ զգա։ 

Բնականաբար այդ իրողություններին հետևում են նաև Ադրբեջանում։ Օրինակ, oxu.az կայքը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցողին, հոդվածի գլխավոր նկար դրել էր Կիրանցի Սուրբ Մարիամ եկեղեցու նկարը, ամենայն հավանականությամբ, ընգծելու համար մեր հնարավորինս աբսուրդային ու ողբերգական վիճակն ու նշելով գյուղի թուրքական հնարովի անվանումը։ Նաեւ տեղեկացրել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները ժամանել են այդտեղ, իսկ սակրավորները՝ մոտ 20 հոգի ականազերծում են անում։ Կայքը նշել էր, որ այդ տարածքները «պատմականորեն ադրբեջանական տարածքներ են» ու վերադարձվում են «տիրոջը»՝ Ադրբեջանին։ Բնականաբար, սա նաև ծաղր է՝ ամոթն ու ողջախոհությունը կորցրած ՀՀ ղեկավարությանը, ովքեր իշխանությունն ու շքեղ կյանքը պահելու համար առևտուր են անում ՀՀ պետականության, հայաստանի սուվերեն տարածքների ու հայերի կյանքի հաշվին եւ տառացիորեն նույն լեքսիկոնն են կիրառում՝ ինչ մեր թշնամին։ 

haqqin.az-ի հեղինակ Ֆարհադ Մամեդովն իր՝ «Ինչո՞ւ են հայ ռևանշիստները խոչընդոտում ադրբեջանական 4 գյուղերի վերադարձը» հոդվածում գրում է, որ հայ ռևանշիստներին ուղղորդողը Հայաստանի ընդդիմությունն է՝ թե խորհրդարանական, թե այլ ռևանշիստական խմբեր։ Եւ ասում է մի միտք, որն ակտիվորեն շրջանառում են նիկոլական քարոզիչները, «քաղաքագետները», որոշ, այսպես կոչված, արևմտամետներ՝ որ Հայաստանի ընդդիմադիր շրջանակները փորձում են տեղացիներին ոստիկանության և ԱԱԾ հատուկջոկատայինների հետ բախումների տանել, արյունահեղության հասցնել, ու մարդկանց բարկությունն օգտագործելով՝ պրոցեսը տեղափոխել փողոց։ 
Նկատո՞ւմ եք չէ, որքան նման է բովանդակությունը եւ բառամթերքը՝ թե ՀՀ իշխանությունը, թե ադրբեջանական կողմը հայրենիքի համար պայքարողներին փորձում են ներկայացնել որպես արնահեղության գնացող պրովոկատորներ։ 
Caliber.az-ի հեղինակ Մահմուդ Շնիրն իր՝ «Պայմանավորվածությունները պետք է պահել»» հոդվածում նույն գիծն է առաջ տանում։ Նա նշում է, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ուղղորդում են Հայաստանի ընդդիմադիր ռևանշիստական շրջանակները և այդ ծրագրում իր ուրույն տեղն ունի Հայ Առաքելական Եկեղեցին։ 
Եվ այստեղ հնարավոր չէ զուգահեռներ չտանել հայ Առաքելական եկեղեցու դեմ նողկալի արշավ իրականացնող իշխանամետ շրջանակների՝ ովքեր չնայած հայկական անուն ազգանուններին, սակայն հակահայ քարոզչամեքենայի գործիքներն են եւ Ադրբեջանի շահերն առաջ մղող ազերների միջեւ։ Շնիրը ՀՀ իշխանությունների ուշադրությունն է հրավիրում Բագրատ Սրբազանի այն խոսքերին, երբ վերջինս դիմում է հայ զինվորականներին։

Ինչո՞ւ են Բաքվի բռնապետի գրասենյակն ու նրա կամակատարները անհանգստացել եկեղեցու դերակատարությամբ, Բագրատ Սրբազանի՝ իր հոտի կողքին լինելու հանգամանքով եւ ընդհանրապես հայ հասարակության դիմադրողականության դրսևորմամբ, չլինի՞ վախենում են, որ իրենց «աստղը»՝ Նիկոլ Փաշինյանը կարող է «խամրել», փոխվել եւ դրանով իրենց աստղն էլ կխամրի եւ ծրագրերը կիսատ կմնան։ Շնիրը նաեւ խորհուրդներ է տալիս ՀՀ «իշխանություններին»․ ուշադիր հետևել Բագրատ Սրբազանին, չէ որ Հայ Առաքելական եկեղեցին մեծ կապեր ունի և ընդհուպ կարող է մինչև ռազմական հեղաշրջում իրականացնել։ Նա շեշտում է՝ հետևել Բագրատ Սրբազանին և անհրաժեշտության պարագայում՝ լիկվիդացնել։ Իր հոդվածում մի հսկայական ծավալ Բագրատ Սրբազանին նվիրելուց հետո՝ նրան որպես երդվյալ ռևանշիստ ներկայացնելով, ադրբեջանցի հեղինակը դատավճիռ է կարդում․ «Պրոտոկոլն արդեն ստորագրված է, որի համաձայն Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի ադրբեջանական չորս գյուղերը, այլևս ոչ մի բան փոխել չեն կարող հայ ռևանշիստները»։