Ուստա, սնիկերսի փողը չեք տվել

Ուստա, սնիկերսի փողը չեք տվել

Ահա և վերջ, ավարտվեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Տանտիկինները, ավելներն առած, շքամուտքերն են մաքրում պես-պես բուկլետներից… Էս չե՞ք, արա, կասեր իմ ծանոթ ֆեյսբուքահայը, ձեր նկարները թափված են ամենուր, մարդիկ դրանց վրայով են քայլում, իսկ դուք Պետրոսի մոտ թեկնածու-թեկնածու եք խաղում: Աղբահանությունից եք խոսում, փոխանակ աղբն ուղղակի հավաքեք: Լավ, գոնե սեփական աղբը: Բավական չէ` քաղաքապետարանը աղբահանությամբ գրեթե չի զբաղվում, դեռ փոխքաղաքապետն էլ իր հերթին է աղտոտում շրջակա միջավայրը: Օդն էլ է աղտոտում իր հսկա բաներներով ու պլակատներով: Վերև նայել չի լինում: Փոշի, կեղտ ու… բաներ:

Անցյալ օրը, տեսնեմ, մեր հարևան Բենիամինի տղեն՝ Սամվելիկը, զրուցարանում մենակ, հոնքերը կիտած, նստած է:

-Ի՞նչ կա, Սամվելիկ, ո՞վ է հավիդ քշա ասել:

-Ի՞նչ հավ:

-Դա այդպիսի խոսք է, Սամվելիկ ջան, ուզում եմ իմանալ՝ ո՞վ է նեղացրել:

Ու երեխան պատմեց, թե ինչպես է մի քեռի (չասեմ որ կուսակցությունից), 100 հատ բուկլետ տվել իրեն, որ ցրի: Ինքը ցրել է, քեռին էլի է տվել, ինքն էլի է ցրել, հետո գնացել են հարևան շենքի բակ, հարևան շենքում էլ է ցրել… Այսպես մի 500 բուկլետ է ցրել: Պայմանավորվել էին 100 հատը՝ մի սնիկերսի փող: Սամվելիկը 2 քույր ու մի եղբայր էլ ունի:

Հաշվել էր՝ 4 հատ սնիկերս կառնեմ, մի սնիկերսի փողը կմնա… Վերջին մուտքից երբ իջել է, տեսել է՝ անծանոթ քեռին չկա: Մի քիչ սպասել է, հետո, եկել զրուցարան ու մենակ «լռվել»:

-Սամվելիկ, կնկարագրե՞ս այդ մարդուն, բոյով էր, կարճ էր, հաստ, բարակ, բեղեր ունե՞ր…

-Չէ, բեղեր չուներ…

-Հետո՞…

Սամվելիկն էլ չկարողացավ լացը զսպել: Հեկեկաց:

-Արի, ախպեր ջան, արի, գնանք խանութ…

-Քո առածը չեմ ուզում, քո փողով չեմ ուզում…

-Կյանք է, Սամվել ջան, ամեն ինչ էլ կպատահի: Մի օր էլ կհանդիպես էդ քեռուն, ու նա քեզնից կամաչի:

-Պապայիս բան չասես, հա՞, Էդո պապի:

-Չեմ ասի, Սամվելիկ ջան: Հաշվիր, որ այսօր դու տղամարդ դարձար: Արցունքներդ մաքրիր:

Մուտքում թափթփված բուկլետներն իմ աչքի գրողը դարձան միանգամից: Դրանց վրա պատկերվածները ձեռքս ընկնեին՝ վիզները կոլորեի: Ոչ մեկդ էն Սամվելիկի մի արցունքը չարժեք, արա:

Մեր տուն բերված բուկլետը ես դեն չեմ նետում, եթե անգամ այն ընկած է լինում դռան շորի վրա: Մեծ բան չէ, կռանում, վերցնում եմ, դնում միջանցքի դարակին, որ երեկոյան կարդամ: Պատկերացրեք՝ նկարներն էլ շատ չեմ տնտղում: Մարդ են էլի, ամեն մեկը մի ջուռի՝ մեկը բոյով, մեկը հաստ, մեկը լղար… Ինձ նրանց, այսպես կոչված, ծրագրերն են հետաքրքրում: Անվանական չնշեմ, եթե կարելի է, ուղղակի ասեմ, որ սրանք ոչ միայն երեխաներին «քցելու» մեջ են վարպետ, այլև ստելու: Պերմանենտ ստում են, ստում են գրեթե բոլորը, ստում են մեկը մյուսից բարձր, ստում են մեկը մյուսից թունդ և, որպես կանոն, իրենց անցյալն ու անգամ ներկան մոռացած: Մեծ մասն իրարից արտագրել են ստերը, մի քանի սուտ էլ իրենցից բստրել ու տարել տպարան: Արա, դուք էս ինչքա~ն անուղեղ եք: Եվ էդ հալով էլ պատրաստվում եք Երևա՞ն ղեկավարել:

Տեսա, այո, տեսա ու լսեցի Պետրոսի մոտ ձեր բանավեճը: Կազմը շատ խոսուն էր, իսկ ամենախոսունն այն էր, որ բանավեճը Պետրոսն էր վարում: Որպեսզի շատ անուններ չտամ, ասեմ, որ մասնակիցներիդ ճնշող մեծամասնությունը Նիկոլի ու Էդմոն Մարուքյանի կիլկիներն էիք, որ գտանել էիք զմիմեանս և Պետրոսին: Ու տեսնես ձեզնից ո՞ր մեկի ակտիվիստն է եղել էն անծանոթ քեռին, որ խաբել է մեր բակի Սամվելիկին:

Երբ գրում էի այս հոդվածը, Նիկոլ Փաշինյանը դեռ պատրաստվում էր Էրեբունուց երթ անել մինչև քաղաքապետարան: Ավինյանի ամփոփիչ հանրահավաքը պետք է գումարվեր: Ասեք՝ կանենք, ասում եք՝ անում ենք, ասելու եք՝ անելու ենք գոռալով Էրեբունուց գալու են քաղաքապետարան: Երթուղին, բնականաբար, մաքրել-մաքրազարդել են Նիկոլի պատվին: Մենակ չի գալու կուսակցության առաջնորդը, հետը ահագին մարդ է բերելու՝ չհաշված ախրանան ու քաղաքացիական հագուստով ոստիկանները: Մի այդքան ոստիկան էլ թափորի կողքով է քայլելու… Եվ ոչ մի քաղաքականացում: ՏԻՄ ընտրություն է վերջապես, քաղաքապետ ենք ընտրում, վարչապետ Նիկոլն էլ, տեսեք, կոստյում-գալստուկով չէ, աշխատանքի ժամն ավարտվել է… Մարդիկ իրենց համար քայլում են, ամփոփում Ավինյանի քարոզարշավի վերջին օրը: Տեսնես՝ ո՞ւմ կտան վերջին խոսքը: Ինձ թվում է՝ Նիկոլը կխոսի վերջինը, թեև Ավինյանն էլ խոսի՝ վատ չի լինի: Պարզապես Նիկոլի համար հանրահավաքի վայրն է իդեալական: Սա Մյասնիկյանի արձանի հարթակն է, եթե կանգնես դեմքով դեպի քաղաքապետարանը, ապա աջից, հենց այգու մուտքին կերևա մարտի 1-ի անմահ հերոսների հուշարձանը, մի քիչ վերև՝ Պարոնյան-Լեո խաչմերուկն է: Ինչպիսի՞ հիշողություններ կարթնանան Նիկոլի մեջ: 15 տարի անց, ահա, նա ելույթ է ունենում իր փայ Ավարայրի դաշտում: Համոզված եմ՝ կստեն, կստեն, կստեն, կխաբեն, կմանիպուլացնեն, դեռ կարող է ծնկի էլ գան հանրահավաքի քշած-բերած քաղաքացիների և գյուղացիների առաջ:

Նրանցից հետո միայն աղբ կմնա այդ հրապարակում: Հավաքարարները տարածքը կմաքրեն բուկլետներից, մի օր էլ մեծադիր պաստառները կհեռացվեն փողոցներից ու շենքերի պատերից: Երևանի հերթական ընտրությունը կդառնա անպետք հիշողություն: