Պատմեմ քեզ «Նիկոլի մահը», գինի լից

Պատմեմ քեզ «Նիկոլի մահը», գինի լից

Խնդրում եմ երեւակայություններդ շատ չբորբոքեք, որովհետեւ ստորեւ բոլորովին այլ բանի մասին եմ խոսելու, իսկ այն, ինչ ասված է վերնագրում, մեր հերոսական անցյալին է վերաբերում, եւ այն ես հիշեցի զուտ ժանրի ու պատումի բերումով: Այո, ստորեւ փորձելու եմ նկարագրել «Նիկոլի մահը», բայցեւ թող Աստված մեր այդ հոմո սապիենսին երկար կյանք տա` մեզնից ինչքան հնարավոր է հեռու: 

Սկսեմ Ֆրանսիական մեծ հեղափոխության հայտնի գործիչ, համարյա այդ հեղափոխության առաջնորդ Ժորժ Ժակ Դանտոնին վերագրվող «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին»  բացականչությունից, որ նա արել է գիլյոտինի շեղբը վզին իջնելուց վայրկյաններ առաջ: Դանտոնը մենակ չէր այդ պահին: Շատ այլ երեւելի հեղափոխականների գլուխներ թռան այդ օրը՝ 1794թ. ապրիլի 5-ին: Ահագին արյուն հոսեց…

Դանտոնը յակոբինյան ակումբի հայտնի ներկայացուցիչ էր, իշխանության եկած կուսակցության առաջնորդներից մեկը: Յակոբինների մեջ, սակայն, հեղափոխությունից շատ չանցած՝ խառնակչություն ընկավ… Այստեղ կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ կապ ունի Նիկոլն այս պատմության ու Դանտոնի հետ: Հավատացնում եմ՝ շատ լուրջ կապ ունի: Ուշադիր կարդացեք հանրագիտարանային այս փոքրիկ դրվագը. «1794 թ.-ին յակոբինյանները մի շարք դեկրետներ հրապարակեցին, որոնք սկիզբ դրեցին «մեծ տեռորին», որն ուղղված էր «ազգի դավաճանների» դեմ, բոլոր նրանց դեմ, որոնք որեւէ կերպ «աջակցել են ազգի թշնամիներին»՝ փորձելով «խախտել հեղափոխական սկզբունքների մաքրությունն ու ուժը»: Ճնշումների զոհ դարձան ինչպես արքունականներ, ռոյալիստներ, այնպես էլ հենց հեղափոխականները, որոնք այս կամ այն պատճառով հայտարարվում էին «ազգի թշնամիներ»: Այսպիսով՝ Դանտոնին եւ նրա գաղափարակիցներին, որոնք հանդես էին գալիս ծայրահեղ տեռորին դեմ եւ կողմ էին արտաքին թշնամու հետ բանակցությունների վարմանը, անվանեցին «զիջողականներ», մեղադրեցին հեղափոխության թշնամիների հետ համագործակցության մեջ եւ կարճ դատից հետո՝ 1794 թ. ապրիլի 5-ին, գիլյոտինով մահապատժի ենթարկեցին»:

Ցավալի է, իհարկե, բայց պատմական փաստ է՝ յակոբինյան Դանտոնին մահապատժի ենթարկեցին յակոբինները, ասել է՝ հեղափոխությունը խժռեց իր զավակին: Ասում են՝ կանգնելով հեղափոխական տրիբունալի առջեւ՝ Ժորժ Ժակ Դանտոնը դատավորների երեսին է նետել հետեւյալ խոսքերը. «Այդ ես եմ հրամայել ստեղծել ձեր ստոր տրիբունալը. թող ներեն ինձ Աստված եւ մարդիկ»: Ինչպես տեսնում եք, այս ամենն ուղղակի լացելու չափ կապ ունի Նիկոլի հետ:

Վերեւում ասացի, որ հայտնի խոսքերը վերագրվում են յակոբինյան Դանտոնին: Պատմությունը, սակայն, սիրում է համադրել փաստերը: Ֆրանսիացի բանաստեղծ, քաղաքական գործիչ եւ պատմաբան Ալֆոնս դե Լամարտինը, օրինակ, իր «Ժիրոնդիստների պատմությունը» աշխատության մեջ հեղափոխական ժիրոնդիստների առաջնորդ, նույնպես մահապատժի ենթարկված Պիեռ Վեռնոյին է վերագրում թեւավոր դարձած հայտնի խոսքը, թեեւ ականատեսներից ոչ ոք չի հաստատում դա: Ըստ Լամարտինի՝ Վեռնոյը բացականչել է. «Հեղափոխությունը, ինչպես Սատուրն Աստվածը, խժռում է իր զավակներին: Զգույշ եղեք, աստվածները ծարավ են»:
Մեր խնդիրը, սակայն, այն չէ, որ գիտականորեն պարզենք, թե ով է այս խոսքերի հեղինակը: Ով էլ որ լինի՝ նա այդ խոսքերն արտասանել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում, այդ հեղափոխության մասին, հետո այդ խոսքերի ճշմարտությունն ապացուցվել է այլ հեղափոխությունների հետ կապված եւ հասել մեր օրերի հեղափոխություններին՝ «վարդերի հեղափոխություն», «մայդան», «թավշյա հեղափոխություն» եւ այլն:

Մամուլում վերջերս խոսակցություններ տարածվեցին, որ ՔՊ-շնիկների կուռ ընտանիքը ճաքեր է տալիս: Ստեպ-ստեպ լսում ենք Նիկոլի «իրավահաջորդության» թեկնածուների անուններ՝ Տիգրան Ավինյան, Սուրեն Պապիկյան, Նիկոլի լավը չուզողների «փախած» անուններ, օրինակ՝ Արսեն Թորոսյան, Գագիկ Մելքոնյան, տեղ-տեղ՝ Գուրգեն Արսենյան, Սասուն Միքայելյան, ինչպես նաեւ հեղափոխությունից անձնական հիասթափություն ապրած լիքը թափթփուկների անուններ: Ես չեմ կարող բացառել, որ ՔՊ-շնիկների վերոբերյալ շրջանակները, որպես հեղափոխության կրողներ, կարող են հավաքվել եւ յակոբինների օրինակով վերջ տալ իրենց ՔՊ-շնիկ առաջնորդին: Բայց մյուս կողմից էլ հանգիստ եմ, որ նման բան չի պատահի, որովհետեւ մի քիչ ճանաչում եմ նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ անձնապաշտ, կասկածամիտ, ինչ-որ տեղ՝ հանդուգն եւ խիստ հիշաչար: Աստված չանի՝ յուրայիններից մեկին սկսի կասկածել: Տեղում կլուծի հարցերը: Այդուհանդերձ, Փաշինյանին խորհուրդ կտայի այսուհետ յուրայինների հետ հարաբերություններում լինել ավելի անձնապաշտ, ավելի կասկածամիտ, ինչ-որ տեղ՝ ավելի հանդուգն եւ ավելի հիշաչար: Նիկոլ ջան, թույլ չտաս, որ քեզ խժռեն: Շուրջդ հավաքված բոլուկի մեջ դու հաստատ մի գլուխ բարձր ես բոլորից: Ու, եթե ժամանակ գտնես, դրանց պատմիր յակոբինների գլխին եկածը, թե ինչպես Ժորժ Ժակ Դանտոնին գլխատելուց ամիսներ անց կորցրին իշխանությունը:
Սա էր ամբողջը, դե՝ գինի լից: