Բոլորը կռվում են իրենց պատառի համար, Հայաստանը սպասում է իր փայ թերմացքին
Մյունխենում Նիկոլ Փաշինյանը, փորձելով Արեւմուտքի առաջ վատաբանել Իլահմ Ալիեւին, նրան ներկայացնում էր որպես Ռուսաստանի նոր դաշնակից: Փաշինյանին թվում է, որ եթե ինքն արեւմտյան երկրների ղեկավարներին համոզի, որ Ալիեւը Պուտինի դաշնակիցն է, իսկ ինքը քցել է Պուտինին եւ միացել արեւմտյան դաշինքին, ապա Արեւմուտքն իրեն կսկսի քաղցր աչքով նայել, գլուխը շոյել ու թույլ չի տա, որ Ալիեւը սպառնա ու նվաստացնի իրեն: Մինչդեռ Արեւմուտքը շարունակում է պնդել, որ Փաշինյանն ընդունի Ալիեւի պայմանները եւ լիակատար կապիտուլյացիայի ենթարկվի՝ ստորագրելով Ադրբեջանի կողմից մշակված եւ ներկայացված խաղաղության պայմանագիրը:
Պուտինն ու Ալիեւը դաշնակիցներ են, որովհետեւ նրանք ունեն գաղափարախոսական արժեքային ընդհանրություններ: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում տարբեր տեսակի արեւմտյան ֆոնդերի ու դրանց գործակալական ցանցերի գործունեությունն արգելված է: Ռուսաստանում եւ Ադրբեջանում քարոզվում եւ մեծարվում է հաղթանակը, եւ ազգի հերոսներ են հռչակվում մարդիկ, ովքեր կերտում են այդ հաղթանակը, մինչդեռ Փաշինյանը գովերգում է պարտությունը, սպանում կամ կալանավորում է հաղթանակի խորհրդանիշ գեներալներին եւ զինվորականներին: Ռուսաստանում եւ Ադրբեջանում քարոզվում են հայրենասիրությունը, ազգային արժեքներին նվիրվածությունը: Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Ռուսաստանը ոչ թե Հայաստանի նման խաղաղություն է մուրում, այլ պատերազմ է սկսում իրենց երկրների տարածքն ընդլայնելու համար՝ հայտարարելով, որ իրենց կողմից գրավված տարածքներն իրենց պատմական հայրենիքի մի մասն են: Պատկերացնո՞ւմ եք, որ Պուտինը հայտարարի, որ մեզ Դոնեցկն ու Լուգանսկը պետք չեն` դրանք դժգույն եւ դժբախտ քաղաքներ են: Պուտինի հավակնությունները տարածվում են ամբողջ Ուկրաինայի նկատմամբ, այնպես, ինչպես Ադրբեջանի նախագահը հավակնություններ է ներկայացնում ամբողջ Հայաստանի նկատմամբ՝ հայտարարելով, որ դա պատմական Ադրբեջանի մի մասն է, եւ իրենք վաղ թե ուշ վերադարձնելու եւ վերադառնալու են այդ տարածքները:
Արեւմուտքը Ռուսաստանին եւ Ադրբեջանին համարում է բռնապետական երկրներ, իսկ Հայաստանին՝ ժողովրդավարական: Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում գերիշխում են արեւմտյան ժողովրդավարության նորմերը: Եթե Արեւմուտքը դատեր այդ սկզբունքով, ապա Հայաստանում վիճակը քիչ է տարբերվում է Ադրբեջանից կամ Ռուսաստանից: Ուղղակի Փաշինյանի թույլ եւ ողորմելի իշխանությունը հետեւում եւ հստակորեն իրականացնում է Արեւմուտքի իջեցրած հրահանգները՝ դրա դիմաց ակնկալելով իր իշխանությունը պահելու համար Արեւմուտքի ֆինանսական եւ կազմակերպչական աջակցությունը: Ալիեւը եւ Պուտինն Արեւմուտքին հակադրվում են՝ վարելով իրենց երկրների ազգային շահերից բխող քաղաքականությունը, դրա համար են միայն նրանք բռնապետներ:
Բայց մի հարցում Արեւմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ տարբերվում է: Եթե հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Արեւմուտքը Հայաստանին ստիպում է ընդունել Ադրբեջանի պահանջները եւ լիակատար կապիտուլացվել՝ Ադրբեջանի առաջ կնքելով, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր, ապա ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում ոչ միայն չի նպաստում այդ պատերազմի ավարտին, այլեւ, ընդհակառակը՝ անընդհատ զինում, ֆինանսական եւ մարդկային աջակցություն է տրամադրում Ուկրաինային, որ հնարավորինս երկար կռվի, եւ պատերազմը շարունակվի: Արեւմուտքը չի էլ թաքցնում, որ ռուս-ուկրաինական պատերազմում ինքը կողմ է, որ իրենք կռվում են Ռուսաստանի դեմ՝ խնդիր դնելով հաղթել վերջինիս:
Ռուս-ուկրաինական պատերազմում Արեւմուտքը հարյուր միլիարդավոր դոլարներ է ծախսում այդ պատերազմի ֆինանսավորման համար՝ հետապնդելով երկու նպատակ: Առաջինը սեփական երկրների ռազմարդյունաբերական համալիրին նոր պատվերներով ապահովելն է, սեփական երկրներում տնտեսական զարգացում ապահովելը: Պատերազմը միշտ մեծ փողեր աշխատելու միջոց է եղել: Բայց հրահրելով այս պատերազմը եւ փորձելով այն հասցնել իրենց համար հաղթական ավարտի՝ Միացյալ Նահանգները եւ Արեւմուտքը նպատակ ունեն տիրանալ Ռուսաստանի անհաշիվ հարստություններին: Եթե նրանց հաջողվի հաղթանակի հասնել Ռուսաստանի նկատմամբ, այդ երկրում իշխանության կբերեն իրենց հնազանդ մի գործչի եւ կրկին հնարավորություն կստանան անարգել յուրացնել Ռուսաստանի հանքահումքային հարստությունները: Դրանով ոչ միայն հետ կբերեն պատերազմի վրա ծախսվող հարյուր միլիարդները, այլեւ կտիրանան տրիլիոնավոր դոլարների հարստության: Իսկ ի՞նչ պետք է նրանք ստանան Ադրբեջանի պարտության դեպքում. ոչ մի ավել բան, քան ունեն այսօր: Ադրբեջանի գազի ու նավթի հանքավայրերը շահագործվում են արեւմտյան նավթագազային ընկերությունների կողմից, դրանց տարանցման համար կառուցված նավթատարները եւ գազամուղներն իրենցն են, իսկ նավթն ու գազը հոսում են իրենց երկրներ: Մեր տարածաշրջանում իրենց պետք է խաղաղություն, որ հնարավորինս անվտանգ եւ առանց ռիսկերի շարունակեն փող աշխատել եւ հարստանալ:
Արեւմուտքը խաղաղության կողմնակից է, երբ այդ խաղաղությունը չի սպառնում իր շահերին, բայց պատրաստ է մինչեւ վերջ պատերազմել, եթե այդ հաղթանակն իր համար կարող է մեծ եկամուտներ ապահովել: Մի՞թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է Արեւմուտքի կամ Ռուսաստանի համար դաշնակից կամ գործընկեր լինել, մի իշխանություն, որը պատրաստ չէ կռիվ տալ սեփական երկրի շահերի պաշտպանության համար, միայն հնազանդ ու գլխիկոր՝ սեղանի մոտ կանգնած սպասում է, թե աշխարհի տերերն ինչ կշպրտեն իրենց կերած հացի թերմացքից:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ