Արզաքանցյանը պահանջում է Սմբատ Նասիբյանին իր պարտքը մարված համարել

Արզաքանցյանը պահանջում է Սմբատ Նասիբյանին իր պարտքը մարված համարել

«Ուժը Հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սմբատ Նասիբյանի՝ վճարային պարտավորությունը կատարման հիմքով դադարած ճանաչելու պահանջով։ Սմբատ Նասիբյանը «Կոնվերսբանկի» հիմնադիրն է, Կենտրոնական բանկի խորհրդի նախկին անդամ։

Բանն այն է, որ Նասիբյանը Արզաքանցյանին փոխառությամբ գումար էր տրամադրել, հետագայում Նասիբյանը դիմել էր նախ արբիտրաժին, ապա նաև սնանկության դատարան, քանի որ, ըստ Նասիբյանի, Արզաքանցյանը չէր կատարել իր պարտավորությունները, այսինքն՝ գումարը հետ չէր վերադարձրել։ Արզաքանցյանն էլ պատասխանել էր, թե ինչ չափով որ գումար վերցրել է, նույն չափով էլ վերադարձրել է, իսկ Նասիբյանը իրենից ավել գումար է պահանջում։

Արդյունքում սնանկության դատարանը 2022 թվականին Արզաքանցյանին սնանկ էր ճանաչել, իսկ վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը և գործն ուղարկել նոր քննության։ Խոսքն ընդհանուր 4 մլն 350 հազար դոլարի մասին է, որի դիմաց Արզաքանցյանը, ըստ գործի նյութերի, գրավադրել է «Էյ Էմ Ջի Էմ» ՍՊԸ-ի բաժնեմասի իրեն պատկանող 20 տոկոսը։ Սնանկության դատարանը երկրորդ անգամ քննելով գործը որոշում է կայացրել մերժել Նասիբյանի հայցը։ Այժմ Արզաքանցյանն է դիմել դատարան՝ պահանջելով, որ դատարանը ճանաչի, որ ինքը կատարել է իր պարտավորությունները և Նասիբյանին ոչինչ պարտք չէ։