Թատրոնի ապակիների հարցը լուծվեց, որմնանկարի ճակատագիրը մնաց անորոշ

Թատրոնի ապակիների հարցը լուծվեց, որմնանկարի ճակատագիրը մնաց անորոշ

Ավարտին են մոտենում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմապակիների վերանորոգման աշխատանքները: Շուրջ կես դար թատրոնի դիմապակիները չէին վերանորոգվել և վթարային վիճակում էին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ամիսներ առաջ 34 միլիոն դրամ հատկացրեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պատուհանները փոխելու նպատակով։ 

Չնայած ոմանց կարծիքներին,թե սև ապակիները բնավ էլ չեն սազում շենքի քարերի գույնի հետ, այնուամենայնիվ   , գյումրեցիների  համար հաճելի է նոր, վերանորոգված թատրոնի շենք ունենալը, իսկ աճեմյանցիների համար հատկապես ոգևորիչ է, որ սեպտեմբերին, երբ կմեկնարկի թատրոնի 158-րդ թատերաշրջանը, հնարավորություն կունենան աշխատել առավել բարեկեցիկ պայմաններում՝ նոր դիմապակիներով շենքում։ 

Սակայն մեկ այլ կարևոր հարց շարունակում է չլուծված մնալ․ Հակոբ Հակոբյանի՝ ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարը, որը տեղադրված է թատրոնի ճեմասրահում, այդպես էլ չտեղափոխվեց:
Որմնանկարը տեղադրված է թատրոնի ճեմասրահում՝ պատուհանների առջև։ Վտանգը հենց այստեղ է։ Պատուհանները փոխելու դեպքում՝ որմնանկարը տարածքից կրկին դուրս հանելը գրեթե անհնարին է դառնում։ 
Անդրադառնալով «Սարերում» որմնանկարի պատմությանը՝ հիշեցնենք, որ այն վերականգնվել է 2016թ-ին ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ տեղափոխվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 2-րդ հարկ՝ հանրության համար տեսանելի վայրում: 

Երկար տարիներ որմնանկարը գտնվել է Գյումրու «Քարհատմեքենա» գործարանի տարածքում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո «Սարերում» որմնանկարը հայտնվել էր խիստ վթարային, չօգտագործվող տարածքներում:
Վերականգնման աշխատանքները կատարվել են Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ:

Ի դեպ, Հակոբ Հակոբյանի որմնանկարները ներառված են Շիրակի մարզի պահպանվող պատմամշակութային արժեքների ցանկում: