Քրեական գործ՝ «Էլիտ գրուպի» դեմ

Քրեական գործ՝ «Էլիտ գրուպի» դեմ

Քննչական վարչությունում քրեական գործ է հարուցված Երեւանի կենտրոնի կառուցապատման նորմերի խախտումների վերաբերյալ։ Գործն այս վերաբերում է խոշոր կառուցապատողներին եւ քննվում է խիստ գաղտնիության ռեժիմով։ Մեզ հաջողվեց պարզել, որ հիմնականում երկու կառուցապատողներ են հայտնվել քննչականի թիրախում։ Դրանցից մեկն «Էլիտ գրուպ» ընկերությունն է, որը բազմաթիվ շենքեր է կառուցել Երեւանի կենտրոնում, մասնավորապես՝ Արամի փողոցում, Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում, «Անի» հյուրանոցի հարեւանությամբ՝ Սայաթ-Նովա փողոցում եւ այլն։

Մեր տեղեկություններով, «Էլիտ գրուպի» դեմ քրեական գործը հարուցվել է քաղաքացիներից մեկի հաղորդման հիման վրա։ Քաղաքացին հայտնել է իրավապահներին, որ «Էլիտ գրուպ» ընկերությունը մեկ այլ քաղաքացու տվել է կեղծ տեղեկանք, որի հիման վրա կեղծ տեղեկանք ստացող քաղաքացին Ձորափի փողոցի տներից մեկի սեփականատերն է դարձել։

«Էլիտ գրուպի» նախագահ Արմեն Մկոյանը հայտնեց, որ Ձորափի փողոցում տարիներ առաջ մեծ շինարարություն է իրականացրել, բայց դեպքը մտաբերեց դժվարությամբ։ «Որքան գիտեմ, երկու եղբայրների է վերաբերում, որոնցից մեկը մահացել է, նրա տունը հայրն է գնել, մենք գրել ենք այն, ինչ որ իրականությունն է, տվել ենք նրան, ով տվել է տան փողը»,- ասաց նա։

Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո Երեւանի կառուցապատման հետ կապված, կա՞ն նոր պայմաններ։ Արմեն Մկոյանը, պատասխանելով մեր հարցին, հայտնեց, որ կառուցապատողների նկատմամբ վերահսկողությունն է ավելի խստացել։ «Կա կառուցապատման խտության գործակիցների հետ կապված խնդիր։ Առաջ էլ կային այդ «կոեֆիցիենտները», ուղղակի հիմա դրան ուշադիր են նայում, այդքան բան։ Հիմա՝ այս ընթացքում, բնականաբար, ինչ-որ անօրինական շինարարություններ են արվել, որոնք անդրադառնում են քաղաքի վրա։ Առաջ էլ կար, բայց հիմա ավելի խիստ է»,- ասաց նա։

Թե ում է վերաբերում երկրորդ քրեական գործը, պարզել չհաջողվեց։ Կառուցապատողների վերաբերյալ նյութերը քննվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Առհասարակ, վերջին շրջանում կառուցապատողների դեմ բազմաթիվ բողոքներ կան «մարմիններում»՝ ԱԱԾ-ում, Գլխավոր դատախազությունում, նաեւ՝ վարչապետի վերահսկողական ծառայությունում։ Բողոքում են հիմնականում կենտրոնի կառուցապատման հետեւանքով ունեզրկված գործարարները, հասարակ քաղաքացիները, ում իրավունքները խախտվել են։ Նրանք ակտիվացել են, հույս ունեն, որ նոր Հայաստանում արդարությունը կվերականգնվի, իսկ իրավապահ մարմինները խոշոր կառուցապատողների վերաբերյալ վարույթներ հարուցելով՝ փորձում են դրանք օգտագործել պետբյուջեն լցնելու նպատակով։ Խախտողները հիմնականում փոխհատուցում են պետությանը հասցված վնասը եւ շարունակում են իրենց գործունեությունը։ Ըստ ԱԱԾ տվյալների, որոնք օրերս հրապարակել է «Մեդիամաքս» գործակալությունը, միայն ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2018թ. մայիսից մինչեւ հոկտեմբեր տնտեսական բնույթի հանցագործությունների հետեւանքով ՀՀ պետական բյուջեին, նախնական տվյալներով, պատճառվել է ընդհանուր առմամբ մոտ 20,7 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել է 12,8 մլրդ դրամը։