Հայաստանի հերթական բաժանումը կարող է լինել վերջինը

Հայաստանի հերթական բաժանումը կարող է լինել վերջինը

Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հասցրել է նրան, որ Հայաստանի երբեմնի ռազմավարական դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյան սպառնում է, որ Հայաստան կարող է չլինել: Եվ դա անում է Ադրբեջանում, ինչը շատ խորհրդանշական է: Խորհրդանշական է այնքանով, որ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան արդեն մեկ անգամ իրար մեջ կիսել են Հայաստանը: 1920 թվականին Հայաստանի այն ժամանակվա կառավարիչների ապաշնորհ գործունեության եւ աշխարհաքաղաքական իրավիճակում սխալ կողմնորոշվելու պատճառով 60 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Հայաստանը կիսվեց երեք մասի`Արցախն ու Նախիջեւանը բաժին հասան Ադրբեջանին, Կարսի նահանգն ու Սուրմալուի գավառը՝ Թուրքիային, իսկ Խորհրդային Հայաստանի տարածքը միացվեց Խորհրդային Միությանը: Այն ժամանակ եւս Հայաստանի իշխանությունները համոզված էին, որ Ռուսաստանը փտած ու կործանվող կայսրություն է, իսկ տարածաշրջանում բոլոր հարցերը լուծելու է Հայաստանի դաշնակից՝ առաջին համաշխարհայինում հաղթած առաջադեմ Արեւմուտքը՝ ի դեմս Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի, բայց արդյունքը եղավ Հայաստանի մասնատումը: Ուզում էինք 60 հազարը դարձնել 120 հազար քառակուսի կիլոմետր, ստացանք 30 հազարից էլ պակաս: 

Ռուսաստանը հասկացել է, որ Հայաստանի ներկա իշխանությունները սպառնալիքի լեզվից բացի ուրիշ ոչինչ չեն հասկանում, եւ որոշել են նրանց հետ հարաբերվել հենց այդ լեզվով: Վոլոդինը կարող էր Փաշինյանին սպառնալ, որ նա իր գործողությունների հետեւանքով կարող է կորցնել իշխանությունը եւ ոչ թե երկիրը: Այդ դեպքում նրա հայտարարությունը կհնչեր այսպես. «Եկեք ելնենք նրանից, որ կա որոշում՝ ընդունված Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով։ Մենք սրանով կառաջնորդվենք եւ մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել իշխանությունը»: Սակայն այդ դեպքում Հայաստանի իշխանությունները կարող էին Վոլոդինին մեղադրել Հայաստանի ներքին գործերին միջամտելու հարցում, կարող էին ասել, որ Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջում է ծրագրում: Բայց հիմա որեւէ պատասխան չկա, ի՞նչ ասեն, բողոքեն, որ Ռուսաստանը սպառնում է ոչնչացնե՞լ Հայաստանը: Կարող են, իհարկե, բողոքել, դեսպանին ԱԳՆ հրավիրել ու բողոքի նոտա հղել, ինչը միանգամայն համարժեք կլինի Վոլոդինի հայտարարությանը, միայն թե դրանից ի՞նչ օգուտ: 

Փաշինյանն այս անգամ նույնիսկ իրեն ենթակա կուսակցություններին ու քաղհասարակությանը քսի չի տալիս Վոլոդինի վրա, որ նրան մեղադրեն հակահայկականության եւ ադրբեջանամետության մեջ, խոսեն հնարավորինս շուտ Ռուսաստանից կտրվելու անհրաժեշտության միասին՝ որպես Հայաստանի փրկության միակ հնարավորության: Լավրովին էլ 3 օր շարունակ հայհոյեցին, որ հայտարարել էր, թե Ադրբեջանը վերադարձրել է իր տարածքները, զրո արդյունք: Փաշինյանը կգերադասի ձեւ անել, թե նման հայտարարություն չի էլ եղել, որ ինքն այդ հայտարարությունը չի էլ լսել: Պատճառը պարզ է. Փաշինյանը վախենում է պատասխանից, քանի որ յուրաքանչյուր պատասխան էլ ավելի է սրում հակամարտությունը Ռուսաստանի իշխանության հետ եւ սպառնում իր իշխանությանը: 

Վոլոդինն ասում է, որ Արեւմուտքի վրա հույս դնողները պետք է իրենց աչքի առաջ ունենան Ուկրաինայի, Հարավսլավիայի եւ այլ երկրների օրինակը: Հետաքրքիր է, որ նա չի բերում  Վրաստանի օրինակը, քանի որ ռուս-վրացական հարաբերությունները գտնվում են բավական լավ մակարդակում, եւ երկուստեք ցանկություն չկա դրանք սրելու: Մինչդեռ Ուկրաինան մեր աչքի առաջ է. մի երկիր, որը հավատաց արեւմտյան աջակցությանն ու պաշտպանությանը, արդեն մեկ տարի գտնվում է պատերազմի մեջ, կորցրել է տարածքի 20 տոկոսը, տասնյակ, գուցե՝ հարյուր հազարավոր լավագույն զավակներին, միլիոնավոր քաղաքացիներ լքել են երկիրը, իսկ երկրի մնացած մասն անընդհատ ենթարկվում է հրթիռային ու ավիահարվածների: Արեւմուտքը, իհարկե, օգնում է Ուկրաինային զենքով եւ ֆինանսներով, բայց դրանով կորսված մարդկային կյանքերը հետ չես բերի, պատերազմի արհավիրքները չես վերացնի:
Փաշինյանի իշխանության որոշ արեւմտամետ ներկայացուցիչներ ասում են, որ պետք չէ լուրջ ընդունել Ռուսաստանի սպառնալիքները, որ դրանք ընդամենը խոսքեր են, որոնց որեւէ գործողություն չի հետեւելու: Ռուսներն այդպես սպառնում են նաեւ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ ԵՄ-ին, բայց արդյունքում մինչեւ հիմա որեւէ քայլ չեն ձեռնարկել նրանց դեմ, չնայած հավաքական Արեւմուտքը շարունակում է ընդլայնել Ուկրաինային մատակարարվող ռազմական տեխնիկան թե՛ քանակապես, թե՛ որակապես: Քանի դեռ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները նստած են իրենց աթոռներին, քանի դեռ ստանում են իրենց աշխատավարձերն ու պարգեւավճարները ու հնարավորություն ունեն իրար մեջ բաժանելու բյուջեի միջոցները, իրենց ապահով ու անվտանգ են զգում՝ անտեսելով ռուսական սպառնալիքները: Այդպես անտեսում էին նաեւ Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչները, երբ նրանց զգուշացնում էին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա, նույնիսկ երկրի նախագահ Զելենսկին բողոքեց, որ չի կարելի նման զգուշացումներով հասարակությանն անընդհատ ապակողմնորոշել: 

Ռուսական սպառնալիքները կարող են դուր չգալ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներին, բայց դրանք չեն ստիպի փոխել վերաբերմունքը արտաքին քաղաքական հարցերի նկատմամբ: Իսկ եթե ռուսներն իսկապես որոշեն վերացնել Հայաստանը, իրենք ունեն նախկինների փորձը. «Կհավաքեն հանրապետության փողերը եւ հայդե՝ Փարիզ»:

Գրեթե 100 տարի հայ պատմագրությունը եւ քաղաքական միտքը՝ սկզբում սփյուռքում, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի մասնատման համար մեղադրում էր Լենինին, Ստալինին ու, ընդհանրապես, սովետների իշխանությանը, որ համագործակցության գնացին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ զոհելով Հայաստանի շահերը: Բայց դրանից ի՞նչ օգուտ: Հիմա էլ են մեղադրում Պուտինին, որ գործարքի է գնացել Ալիեւի ու Էրդողանի հետ, եւ ուզում են կիսել ու վերացնել Հայաստանը: Ու եթե Ռուսաստանն իրոք որոշի կյանքի կոչել իր սպառնալիքները, մենք էլի անմեղսունակի նման ասելու ենք, որ մեզնից ոչինչ կախված չէր, որ էլի որոշեցին մեր փոխարեն, եւ անիծելու ենք Պուտինին, Լավրովին ու Վոլոդինին: Հայաստանը եւ նրա տարածքը շատ անգամ են բաժանել, ուղղակի հիմա այն կարող է լինել վերջինը, եթե մենք հետին թվով անիծելու փոխարեն հիմա պատասխանատվություն չվերցնենք՝ բաժանում թույլ չտալու համար:

Ավետիս Բաբաջանյան