Քաղաքականություն

Որտե՞ղ են նիկոլական ժամանակի հերոսները

Որտե՞ղ են նիկոլական ժամանակի հերոսները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյան Վահանն ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում մասնակցում է ամենամյա Համաշխարհային կառավարական գագաթնաժողովին (World Government Summit)՝ սեսիաներից մեկում ելույթ ունենալու հնարավորությամբ։ Գագաթնաժողովի շրջանակում անցկացվում է Global Unicorns Roundtable (բառացի՝ Միջազգային միաեղջյուրների կլոր սեղան) կոչված քննարկումը: Գործարար աշխարհում միաեղջյուր են կոչվում այն ստարտափերը (հատկապես նորարարական ոլորտների նոր կազմավորված ընկերությունները), որոնց տարեկան շրջանառությունն ավելի է մեկ միլիարդ ԱՄՆ դոլարից: Դրան էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մասնակցում եւ ելույթ պետք է ունենար (կամ արդեն ունեցել է) հայաստանյան Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։   

2016 թվականին հիմնադրված ընկերության արտադրանքի առաջին թողարկումը տեղի է ունեցել 2018 թվականին: 2020 թվականի սկզբից աշխարհը պատած քովիդի համավարակի շնորհիվ այն թափանցեց միջազգային շուկա: Խոսքն աշխարհի խոշորագույն զանգերի կենտրոն (Call Center) համարվող ընկերությունների մասին է: Իսկ Krisp-ականներն էլ ստեղծել էին ֆոնային աղմուկի հեռացման լավագույն ալգորիթմը: Արդյունքում 2021 թվականին ընկերությունը գնահատվեց 125 մլն դոլար: Շուրջ երկու տարի առաջ ընկերության համահիմնադիր, ֆ.մ.գ.թ. Արտավազդ Մինասյանը Panorama.am-ին ներկայացրել էր ընկերության գործունեությունը: Ըստ այդմ՝ իրենց մասնագետներն աշխատում էին նաեւ խոսքի ընթացքում զգացմունքների ճանաչման, խոսքը տեքստի վերծանելու, տեսասեգմենտավորման խնդիրների ուղղությամբ: Արտավազդ Մինասյանը միաժամանակ բողոքել էր, որ ընկերությունն անընդհատ զարգանում է, բայց Հայաստանում հնարավոր չէ գտնել ֆիզիկայի բնագավառի մասնագետներ: Քանի որ մեր բուհական համակարգը չի պատրաստում բավարար քանակի մասնագետների (ֆիզիկայի գծով), որոնք կարող էին դառնալ ընկերության պոտենցիալ աշխատակիցներ: Ու ընկերությունը ստիպված դրանց փնտրել է Ռուսաստանում, Բելառուսում, Լեհաստանում ու այլ երկրներում։  

Ահա՝ այդպիսի ընկերության համահիմնադրին էր էկոնոմիկայի նախարարը հպարտորեն ներկայացնում «միաեղջյուրների» քննարկմանը: Ոչինչ, որ այն նիկոլական «Մեր ժամանակի հերոսը» չէր, կարեւորը՝ հայաստանյան էր: Ընկերության աշխատակազմին հետագա հաջողություններ մաղթելով՝ այս պահին, սակայն, ներկայացնեմ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Միգրացիոն ծառայության կողմից հրապարակված բավական տխուր մի տվյալ: 2019-2022 թվականների ընթացքում Հայաստանից ՌԴ քաղաքացիություն է ստացել 138 հազար 500 մարդ: Ընդ որում, այդ քանակի մեկ երրորդը՝ նախքան 44-օրյա պատերազմը: Այսինքն՝ նիկոլական «հեղափոխական էյֆորիայի» ժամանակահատվածում: Միայն կարելի է ենթադրել, թե որքան պոտենցիալ մասնագետ է լքել «նիկոլական» Հայաստանը, որոնք կարող էին աշխատանքի ընդունվել նորագույն տեխնոլոգիաների հայաստանյան Krisp ընկերությունում:   

Menu.am-ի հիմնադիր էկոնոմիկայի նախարարը, բնականաբար, պատկերացում անգամ չունի նման տվյալների առկայության մասին: Կամ էլ եթե նույնիսկ կողքից լսած լիներ, ապա չէր իմանա, թե ինչ պետք է արվի նման տվյալների առումով: Նրա համար կարեւորը կառավարության նիստերին Փաշինյան Նիկոլին «մեծարգո վարչապետ»-ով դիմելն է: Ինչպես նաեւ (վստահաբար) վերջինիս մեծադիր նկարն իր աշխատասենյակում կախելը: Քանի որ հենց դրա շնորհիվ ինքը պետական միջոցներով մասնակցում է World Government Summit-ին, ինչն իր երազանքներում նույնիսկ չէր տեսնի, եթե շարունակեր ղեկավարել սեփական ընկերությունը: Հետաքրքիր է՝ իսկ որտե՞ղ են նիկոլական ժամանակի հերոսները…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image