Իլհամ Ալիևն այս անգամ էլ անդրադարձել է Արդբեջան-Եվրոպա իբրև թե ճգնաժամին, որտեղ ներառել է նաեւ հայկական գործոնը: Մասնավորապես նա հայտարարել է, որ այն շրջանում, երբ խզվել էին Արդբեջանի ու Եվրախորհդրարանի հարաբերությունները, հիմնական մեղավորը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն է եղել, որն ինչ-որ կոռուպցիոն սխեմաներով կապված է եղել միջազգային դատարանի նախկին դատախազ Օկամպոյի հետ, որին գումար էր վճարում հայազգի մի օլիգարխ, ով հիմա տնային կալանք է կրում Հայաստանում: Բնականաբար, Ալիևն ակնարկում է Սամվել Կարապետյանին։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցի ժամանակ փորձեցինք հասկանալ, թե ինչու է Ալիևը Եվրոպայի հետ ունեցած տարաձայնությունները ևս պայմանավորում հայկական գործոնով: Քաղաքագետը չգիտի, թե Ալիևն ինչու է նման հայտարարություն անում, հատկապես որ հենց Ժոզեֆ Բորելի պաշտոնավարման ժամանակ էր, որ Ալիևը` Նիկոլ Փաշինյանի հետ խաղարկեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը։
«Ժոզեֆ բորելն այն մարդկանցից մեկն էր, ով ողջունում էր Նիկոլ Փաշինյանի` Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը, Ժոզեֆ Բորելն էր, որ կատարվածը չանվանեց էթնիկ զտում, հետևաբար Ալիևն այստեղ երկերեսանիություն է անում։ Ոչ Ժոզեֆ Բորելի հետ, ոչ Շառլ Միշելի հետ ինքը որևիցե խնդիր չի ունեցել, չի ունենալու: Հայկական գործոնի մասին... իրենք ընդհանուր առմամբ, Ադրբեջանում և Թուրքիայում հայկական սփյուռքն ընկալում են որպես խնդիր իրենց համար և առիթը բաց չեն թողնում պարբերաբար դրան անդրադառնալու։ Բայց այն, որ Ժոզեֆ Բորելը Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի, համակրելի Եվրամիության դիվանագիտության ղեկավարն էր, ես երևի գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե դա ասեմ»,-ասաց Մաթևոսյանը։
Արդյոք Ալիևն այդպիսով փորձում է հերթական անգամ թանկ գնով վաճառվե՞լ Եվրոպային: Քաղաքագետն ասաց` միգուցե այո, ինչ-որ բանակցային հարցեր ունեն, որ Ադրբեջանը Բրյուսելից ուզում է ստանալ այն, որ, օրինակ, էլ ավելի փակ աչքերով նայեն Ադրբեջանում ստեղծված իրավիճակին՝ մարդու իրավունքների, ազատությունների և այլնի վերաբերյալ։
«Նկատել եք չէ՞, ինքը պարբերաբար խոսում է իբր թե արդբեջանական գազի մասին, որը մատակարարվում է Եվրոպա։ Չնայած, ինչպես ասում են, դա Պոլիշինելի գաղտնիքն է` բոլորը գիտեն, որ խոսքը ռուսական գազի վերավաճառքի մասին է, ինքը դրանով փորձում է Ադրբեջանը թակն գնով ծախել եվրոպացիների վրա, հիմա էլ որոշել են Ժոզեֆ Բորելին թիրախավորել։ Կրկին ասեմ` Ժոզեֆ Բորելից ավելի հարմար արտաքին դիվանագիտության ղեկավար Ալիևը դժվար թե գտներ»,- նկատեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Ալիևի այն հայտարարությանը, որ Հայաստանն ունի էներգետիկ անվտանգություն և դա Ադրբեջանն է, ասաց, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ Հայաստանը հայտնվի մի իրավիճակում, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները կվատթարանան և դա կազդի նաև տնտեսական համակարգի վրա։
«Բոլորի համար էլ դա գաղտնիք չի, որ ինչ-որ մի պահի Ռուսաստանը կարող է գազի և այլ էներգակիրների մատակարարման սակագները Հայաստանի Հանրապետության համար վերանայել։ Ալիևն այս հայտարարությամբ փափուկ բարձ է դնում Նիկոլ Փաշինյանի գլխի տակ, ասելով, որ դու գնա մաքսիմալ խզի հարաբերություններդ ռուսների հետ, մենք մաքսիմալ քեզ կաջակցենք` գազ է, նավ է, բենզին է, կմատակարարենք։ Դա ծուղակ է, որի մեջ, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը կընկնի»,- շեշտում է վերջինս ու հավելում, որ իշխանական քարոզը դրա դրսևորումներն արդեն ցույց է տալիս:
Իշխանական քարոզիչներն արդեն հայտարարում են, որ եթե Ռուսաստանը գազը կտրեց, մենք գազ կարող ենք գնել Եվրոպայից, որն իրենք գնում են Ադրբեջանից, այսինքն, առաջարկում են երկու հատ միջնորդ ստեղծվի Հայաստանի ու ռուսական գազի միջև։
«Եթե առաջ մենք ուղիղ Ռուսաստանից էինք գնում, հիմա իրենք առաջարկում են գազը գնենք Եվրոպայից, որը իրենց վաճառում է Ադրբեջանը, այսինքն, մենք երեք անգամ ավելի թանկ պիտի վճարենք այս ամեն ինչի համար։ Նիկոլ Փաշինյանն իր վերջին տարիների գործունեությամբ ապացուցել է, որ ինքը չի կորցնի հնարավորություն` ընկնելու ադրբեջանական ծուղակը, ինքն այս քայլին դիմելու է»,- եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը։